Մահ, արյուն ու պայթյուններ՝ դիտելի ու վնասող բովանդակություն

Մահ, արյուն ու պայթյուններ՝ դիտելի ու վնասող բովանդակություն

871

Մեդիարտադրողների առջև դրված խնդիրներից է գրավել, կլանված պահել լսարանին։ Դրան են ուղղված ձեռնարկվող զանազան քայլերը, այդ թվում և  սարսափ առաջացնող կադրեր պարունակող նյութերի ստեղծումն ու հրապարակումը։ Ընդ որում, նմանօրինակ տեսանյութեր ու նկարներ հրապարակվում են թե՛ սոցիալական ցանցերում և թե՛ հեռուստատեսությամբ։ Առաջին դեպքում այս միտումն արտահայտվում է արյունալի վթարների, պայթյունների լուսանկարներ ու տեսանյութեր տարածելով, երկրորդ դեպքում՝ մի շարք հաղորդումների, սերիալների ու ֆիլմերի տեսքով, որոնցում բացակայում է կոնստրուկտիվ տարրը։

Այսպիսի բովանդակությունը, որքան էլ տհաճ, վանող և բացասական լիցքեր արթնացնող է, միևնույն է, վայելում է հանրության ‹‹սերն ու ուշադրությունը›› և ունենում բարձր դիտողականություն։

70 հոգու շրջանում կատարված հանրային հարցումը ցույց տվեց հետևյալ պատկերը․ հարցվածներից 30-ը արյան, պայթյունների, սպանության, մահվան կադրեր տեսնելիս զգում են վախ, 29-ը՝ կարեկցանք, 11-ը ՝ հաճույք։

Ընդհանուր առմամբ հարցվածներից 13-ը նմանօրինակ բովանդակությունից ստանում է դրական, 57-ը՝ բացասական հույզեր։

 Հարցվածներից 58-ը, այնուամենայնիվ, շարունակում են դիտել մինչև վերջ։ Ուրեմն ինչո՞ւ։ Պատասխաններից շատերը կրկնվում էին․ հետաքրքիր է, թե հետո ինչ կլինի։ Հարց է առաջանում, ի՞նչն է մղում մարդկանց սպառել ոչ կառուցողական բովանդակություն՝ արյուն, դիակներ, զոհեր ու պայթյուններ։

 Պատասխնաններ գտնելու համար զրուցեցինք հոգեբան-սոցիոլոգ Արփինե Բաբայանի հետ։ Ըստ սոցիոլոգի՝ վերջին շրջանում հայաստանյան իրականությունում, պայմանավորված պատերազմով և քովիդով, մարդիկ արդեն սովոր են բացասական բովանդակության ու բացասական նորություններ լսելու։ Երբ երկար ժամանակ նրանք սպառում են բացասական նորություններ, նրանց սպասելիքներն սկսում են համընկնել բացասական նորություններին, այսինքն արդեն միշտ սպասում են նոր բացասական հույզերի, մեծանում է դրա կարիքը։ Հետևաբար, օրինակ պատերազմի ժամանակ դաժանություն պարունակող կադրերի կարիքը, բնականաբար, հասարակությունը պիտի զգար՝ անկախ դրանց վատ ազդեցությունից։

Միևնույն ժամանակ Աիփինեն շտապեց հիշեցնել․ ‹‹Բացասական բովանդակությամբ կոնտենտի մշտական և կամ հաճախակի սպառումն ունակ է առաջացնելու ագրեսիա, սթրեսակայունության անկում, մոտիվացիայի պակաս, անկանոնություն ու խառնաշփոթ հասարակության մեջ։ Բացի դրանից, նմանատիպ ոչ կառուցողական բովանդակության հաճախակի լուսաբանումն ու հասարակության կողմից սպառումը կարող է նույնիսկ ազդել հանցագործությունների տոկոսի բարձրացման վրա՝ աշխատելով կրկնօրինակման սկզբունքով››։ Նա նշեց, որ հաճախակի նմանատիպ բովանդակության սպառումը հասարակության լայն շերտերում առաջացնում է դրական նորությունների չհավատալու և չսպասելու ֆենոմենին։

Վատ նորությունները՝ արյուն, դիակ, մարդկանց մոտ բարձրացնում է ագրեսիվությունն ու հակվածությունը նման արարքների, սառնասրտությունը, լինում է հույզերի անկում, պարպում կամ պոռթկում, որոնք արտահայտվում են տարբեր ձևերով, ինչպես նաև հանգեցնում են հուզական մակարդակում դրական նորությունների սխալ ընկալման, սխալ արձագանքի։ Վատ նորությունները մարդկանց մոտ առաջացնում են վատ նորությունների նկատմաբ հակվածություն, սպասում, դրական վերաբերմուք, ինչը վատ ազդեցություն ունի մարդու ներաշխարհի վրա․ դաժանության, սպանության հանդեպ արձագանքը դառնում է նորմալ։ Արյուն, դիակ տեսնելիս մարդն ունենում է չեզոք արձագանք, և հետևաբար հասարակության լայն շերտերի մակարդակով ունենում ենք հույզերի սխալ կառավարում։

Այսպիսով՝ բացասական բովանդակությունը պահանջված է, սակայն այն որքան պահանջված է, նույնքան էլ կարող է վնասող և վտանգավոր լինել հասարակության համար։

Էմիլյա Հոսյան

2-րդ կուրս

Կիսվել