Կանգնում եմ սենյակում և բարձր ձայնով կանչում․ «Մա՜մ, սև տաբատս չե՞ս տեսել»։ Մայրս գալիս է, ձեռքը մեկնում թափթփված դարակս և խնամքով հանում, մինչդեռ ես ուղիղ կես ժամ գտնել չէի կարողանում։
Մայրիկիս անունը Լուսինե է, ունի խիտ ու գանգուր մազեր և չափազանց ուժեղ գեներ, քանի որ ես և քույրս էլ ունենք նրա ճոխ գանգուրներից։ Անունը պապիկս է դրել և չի թողնում այլ կերպ անվանել։ Անվան ընտրությունն էլ ունի իր պատմությունը․ մայրիկս ծնվել է փետրվար ամսին, բայց երկնքում կար շատ պարզ արտահայտված լուսին։ Պապիկս էլ որոշել է անունը դնել Լուսինե։ Ես երբեմն մայրիկիս անունով եմ դիմում՝ ուղղակի հոգու հետ խաղալու համար։ Նա ժպտում է, հոնքերը բարձրացնում և միշտ ասում նույն տեքստը, թե էնքան ես մամա ասել՝ հոգնե՞լ ես։
Մայրիկս շատ նման է տատիկիս․ նրանք մտերիմ հարաբերություններ ունեն ոչ միայն որպես մայր և դուստր, այլև որպես մտերիմ ընկերուհիներ։ Նույնիսկ ունեն նույն հնչեղ ձայնը, և նրանց պատրաստած ապուրը նույն համն ունի։
Տատիկս պատմում է, որ մայրիկս փոքր հասակից միշտ սիրել է անակնկալներ անել։ «Երբ տնից դուրս էի գալիս, Լուսինը միշտ մի փոփոխություն էր անում տանը, որ գամ, տեսնեմ ու ուրախանամ»,- պատմում է նա և հավելում, որ մայրիկս չորս-հինգ տարեկանում մեծ եղբոր տետրերը վերցնում էր, արտանկարում եղբոր գրածները, դնում բարձի տակ։ Ամեն առավոտ արթնանում էր, ստուգում տետրը, հետո հավաքում իր անկողինը։
Ես, քույրս ու մայրիկս էլ հետևում ենք տատիկիս ու մայրիկիս օրինակին։ Հաճախ ենք զրուցում, հարցնում նրա մանկությունից, ճշտում դպրոցում սիրելի առարկան։
Մայրիկիս մանկության ամենավառ դրվագը մի խամրած հիշողություն է պատերազմի տարիներից․ «Պատերազմի օրերին մենք հաճախ էինք իջնում ապաստարան։ Մի օր ապաստարան գնալու փոխարեն գնում ենք մորաքրոջս տուն, սակայն մոռանում ենք անջատել մեր տան լույսը։ Այդ գիշեր ռումբը ընկնում է ուղիղ մեր հյուրասենյակում։ Շատ լավ եմ հիշում՝ մտանք տուն և տեսանք, որ մեր գրքերը, խաղալիքները, նկարները և ամեն-ամեն ինչ մնացել էին փլատակների տակ»։
Ծնողներս արդեն քսան տարի է ամուսնացած են, աշխատում են միասին ու օրվա մեծ մասը միասին են անցկացնում։ Հաճախ են մեզ պատմում դրվագներ իրենց պատանեկությունից։ Մայրիկս իր ու հայրիկիս երիտասարդ տարիների մասին պատմելիս միշտ հիշում է այն վիլյուրե զգեստը, որը կրել է իրենց նշանդրեքի ժամանակ։ Չի զլանում, ամեն անգամ բերում է զգեստը, որը պահել է իր ճամպրուկի մեջ՝ մեզ փոխանցելու համար։
Հայրիկս խոստովանում է, որ մայրիկիս թխած թխվածքներն ամենահամեղն են։ Հարցնում եմ՝ բա էդ դեպքում ինչի՞ ես միշտ ասում, թե էս ինչ նեգրի ժպիտ ես թխել, սկի ուտելու բան չի, ասում է, թե ես սիրում եմ տեսնել, թե ոնց է մայրիկդ ծիծաղի միջից բարկանում, ասում, որ էլ ոչ մի անգամ չի պատրաստի, բայց հաջորդ անգամ ավելի մեծ եռանդով է պատրաստում։
Մայրիկս կատարյալ ուժեղ կին է, հոգատար մայր, կին, դուստր և հարս։ Ցանկանում եմ միշտ նմանվել իրեն, քանի որ ես իրենից միշտ սովորելու բան ունեմ։
Ռուզաննա Ստեփանյան
2-րդ կուրս