Մեկնաբանությունների բազմաբովանդակության առանձնահատկություններն առցանց մեդիայում

Մեկնաբանությունների բազմաբովանդակության առանձնահատկություններն առցանց մեդիայում

625

Այսօրվա  մեդիան ամբողջությամբ ողողված է տեղեկատվությամբ, լուրերով, նորություններով, որոնք ոչ միշտ են լինում հավաստի։ Շատ հաճախ հանդիպում են նորություններ, որոնք հրապարակված են ոչ պաշտոնական լրատվամիջոցների կողմից։ Տեղեկատվությունը պաշտոնական աղբյուրներից ստանալիս դժվար թե նկատենք սխալ, շոկային վերնագրեր, որոնք բացառապես չեն համապատասխանում նյութի բովանդակությանը։ Սակայն մեդիադաշտը բաց է բոլորի առաջ, և ոչ մասնագետների կողմից էթիկական սխալներն ուղղակի անխուսափելի են։

Վերոնշյալները, բնականաբար, իրենց տեղն ունեն նաև հայաստանյան մեդիայում։

Վստահ կարող ենք ասել, որ նյութի ընթերցվածությունը մեծ մասամբ կախված է վերնագրից և այն լրատվամիջոցից, որը հրապարակել է այն։ Հարկ եմ համարում նշել, որ վերնագրից հետո ամենաընթերցվողը մեկնաբանություններն են։  Շատ օգտատերեր կարդում են միայն վերնագիրը և մեկնաբանությունները, քանի որ դրանք պատկերացում են տալիս նյութի մասին։

ԶԼՄ ներկայացուցիչների կողմից պատրաստված նյութերը, նորությունները և այն ամենը, ինչ ստեղծում են, միանշանակ տեղ են գտնում համացանցում։ Ֆեյսբուքյան պատին անընդհատ հայտնվում է լրահոս, և մարդկանց, որոնք մեդիագրագետ չեն, դժվար է տարբերակել կեղծ լուրերը իրական լուրերից։ Դա էլ հենց հանդիսանում է պատճառ, որ նման հրապարակումների մեկնաբանությունները վերածվում են «շուկայի»։

Մեկնաբանությունների բազմաբովանդակության թեմայով իրականացրած սոցիալական հարցմանը մասնակցել է երեսունչորս քաղաքացի։

Հարցմանը մասնակցած անձանց 70%-ը նշել է, որ կարդում է նյութի մեկնաբանությունները, իսկ մնացած մոտ 30%-ը` ոչ։ 

Մեկնաբանությունները մեծ մասամբ լինում են քննադատական, հատկապես, երբ նյութը քաղաքական է։ Մարդկանց 79,4%-ը նշել է, որ գրում է քննադատական մեկնաբանություններ։ Այսինքն՝ հասարակության մեծամասնության մեջ կարծրացած է վատ, քննադատական մեկնաբանություններ գրելու ցանկությունը, երբեմն էլ նաև սովորությունը։ Մարդկանց 11,8%-ը գրում է քննադատական մեկնաբանություններ հազվադեպ՝ կախված վերջիններիս հետաքրքրությունների շրջանակից։ Հարցմանը մասնակցածների 8,8%-ը երբեք չի գրում քննադատական մեկնաբանություններ։

Մեդիասպառողը և մեկնաբանություններ գրողը շարունակում է մնալ հասարակությունը։ Հասարակության մի մասի համար վատ մեկնաբանությունների առկայությունը երբեմն նորմալ է, երբեմն լավ, եթե գրված է տեղին։ Որոշ մարդկանց համար էլ այն կախված է տեսանյութի կամ հրապարակման բովանդակությունից։ Հարցմանը մասնակցած անձանց մի մասի համար էլ վատ մեկնաբանությունները կտրականապես տհաճ են։

Հոգեբան Լամիռա Խաչատրյանը պարզաբանում է բացասական մեկնաբանությունների հոգեբանական ազդեցությունը․ «Մեկնաբանությունները, որոնք վիրավորական են, անձը նվաստացնող, կարող են պարունակել տարատեսակ հայոյանքներ։ Կարող են լինել վերբալ ագրեսիա, կործանիչ պնդումներ, քննադատական դրսևորումներ, որոնք հոգեբանական ներազդման բարբարոսական ձևերից են, այն է՝ հարձակում։ Անձի ազդեցության տեսակյունից դրանք կարող են առաջացնել պատասխան ագրեսիա, տրամադրության անկում, ինքնագնահատականի իջեցում, սեփական «ես»-ի արժեզրկում, ամոթ, մեղքի զգացում։ Թե կոնկրետ ինչը կդրսևորվի, արդեն կախված է տվյալ մարդու բնավորությունից, խառնվածքից»։

Հոգեբան Ասյա Անտոնյանը ասում է, որ մենկաբանության ազդեցությունը միանշանակ չէ, այն կարող է ազդել շատ տարբեր ձևերով․ «Մենք ունենք մարդկանց անձնային առանձնահատկությունների մի ողջ համակարգ։ Կան մարդիկ, որոնք նույնիսկ չեն կարդում, արհամարհում են վատ մեկնաբանությունները։ Տպավորվող մարդկանց համար յուրաքանչյուր բացասական խոսք՝ ասված մեդիայում կամ առօրյա կյանքում, կարող է ունենալ բուռն արձագանք, քանի որ տվյալ անձը չունի հոգեբանական իմունիտետ»։

Հոգեբանը նշում է, որ մարդկանց արձագանքը և նրանց վրա թողած ազդեցությունը կախված է նաև վերջիններիս զբաղվածության աստիճանից․ «Մարդը կարող է չունենալ զբաղվածություն, օրվա մեծ մասը անցկացնել սոցիալական ցանցերում։ Այո, կարող ենք նշել, որ նման մարդկանց վրա միանշանակ կարող է ունենալ շատ վատ ազդեցություն, որի ամենատարածված դրսևորումը տրամադրության անկումն է, ինչպես նաև կարող է դառնալ ողջ օրվա քննարկման և մտածմունքի առարկա»։

Այսպիով, կարող ենք եզրակացնել, որ՝

1. Լրատվամիջոցների կողմից հրապարակված նյութերի վերնագրերը կարող են մանիպուլացնել ընթերցողներին՝ գրելու վատ, քննադատողական մեկնաբանություններ:

2. Մեկնաբանություններ գրելիս պետք է հաշվի առնել, որ դրանք կարդում են տարբեր տարիքային խմբերի անձիք, ինչպես նաև այն մարդիկ, որոնց համար տհաճ է կարդալ նմանատիպ մեկնաբանություններ։

3. Որևէ անձի հասցեին ուղղված անձնական վիրավորանքներ հասցնելուց առաջ պետք է հիշել, թե դա ինչ բացասական ազդեցություն կարող է ունենալ տվյալ անձի հոգեբանական առողջության վրա։

4. Քննադատությունը, քննդատական մեկնաբանությունը տեղին է միայն այն ժամանակ, երբ վերջինս հանդիսանում է առողջ քննադատություն՝ առանց վիրավորական, հայհոյախառն խոսքերի։

Ռուզաննա Ստեփանյան

2-րդ կուրս

Կիսվել