Կանանց իրավունքների խախտումները աշխատաշուկայում

Կանանց իրավունքների խախտումները աշխատաշուկայում

881

 «Պահանջվում է 20-30 տարեկան բարետես արտաքինով աղջիկ, ով կունենա 2-3 տարվա աշխատանքային փորձ…»

Մեզանից յուրաքանչյուրը նման բովանդակությամբ աշխատանքային հայտարարությունների հանդիպել է, բայց քչերս ենք գիտակցել, որ նման հայտարարությունները ոտնահարում են կանանց աշխատանքային իրավունքները, ու հաճախ էլ հայտարարությունում նշված պահանջներին չհամապատասխանելը դառնում է անաշխատանք մնալու պատճառ:

Հրանուշը այն հազարավոր կանանցից է, ով համալսարանական տարիներից սկսած բախվել է նման խտրականության. «36 տարեկան եմ։ Մասնագիտությամբ իրավաբան, իրավաբանական հոգեբան եմ։ Աշխատաքային իրավունքների ոտնահարման հանդիպել եմ դեռ ուսանողական տարիներից: Երկու մասնագիտություններով էլ փորձել եմ աշխատել, բայց երբ նորավարտ էի, դա էին առաջ քաշում, որ նորավարտ եմ, անփորձ եմ, նույնիսկ մասնագիտական մեկ հարց չէին տալիս գիտելիքս ստուգելու համար։ Չնայած պարզ տեսնում էի, որ շատ նորավարտների ուղղակի տեղավորում են աշխատանքի, որովհետև ունեն երեկոյան դիմահարդարում, ազատ ու թեթև են պահում իրենց կամ հզոր «մեջք» ունեն։ Փաստորեն երկու դիպլոմները այդպես էլ պետք չեկան, նշեմ, որ դրանցից մեկը կարմիր է»:

Հրանուշը չցանկացավ որևէ կազմակերպության անուն նշել, որտեղ խախտել են իր աշխատանքային իրավունքները, բայց մեզ հետ զրույցում  նշեց, որ աշխատանքի համար դիմել է համալսարաններին՝ դասախոսի աշխատանքի համար, դատախազությանը՝ թարգմանչի կամ գործավարի հաստիքի համար, անգամ հեռախոսավարուհու աշխատանքի համար է դմել և մերժվել է մեծ լինելու պատճառով. «Ծիծաղելի է, բայց պարզվում է, որ 30 տարեկանը արդեն մեծ է թարգմանչություն անելու կամ հեռախոսազանգերին պատասխանելու համար, իսկ որպես արդարացում ասել են, թե մինչև 30 տարեկան կին են փնտրում, որովհետև այդ տարիքը այն միջին տարիքն է, երբ կինը կարող է արագ աշխատել, աշխատանքի ընթացքում հմտություններ զարգացնել ու ընտանեկան խոչընդոտներ ունենալու ռիսը հասնում է գրեթե զրոյի»:

Հասկանալու համար, թե որ պահանջները կարող են խախտել կնոջ աշխատանքային իրավունքները, զրուցել ենք “BALABEKYANS” փաստաբանական գրասենյակի փաստաբան Համիկ Բալաբեկյանի հետ:

Հասմիկ Բալաբեկյան՝ փաստաբան

 Հասմիկն ասաց, որ Հայաստանում դեռ 1995 թվականից վավերացվել է «Աշխատանքի և զբաղվածության բնագավառում խտրականության մասին» կոնվենցիան: «Ըստ կոնվենցիայի՝ խտրականություն է համարվում ռասայի, մաշկի գույնի, սեռի, կրոնի, քաղաքական համոզմունքի հիմքով ցանկացած տարբերակում, բացառում կամ նախապատվություն, որի հետևանքով վերանում կամ խախտվում է աշխատանքի ու զբաղվածության բնագավառում հնարավորության կամ վերաբերմունքի հավասարությունը: Ըստ այս կոնվենցիայի՝ կարող են հստակ հստակ ասել, որ այսօր  ՀՀ-ում արդիական է աշխատանքային իրավունքների տարատեսակ խախտումների հարցը։ Խախտումների շարքին են դասվում կանանց որպես աշխատողի աշխատանքային իրավունքների խախտումները՝ պայմանավորված կնոջ սեռով, տարիքով, կամ արտաքին տվյալներով»:

Մեզ հետ զրույցում Հասմիկը անդրադարձավ կնոջ իրավունքների խախտումներին և նշեց, որ այդ խախտումները սկսում են հենց աշխատանքային հայտարարություններից. «Դրանցում հիմնականում նշվում են, որ աշխատանքի են հրավիրվում բարետես արտաքինով, կամ երբեմն ավելի մանրամասն նշվում են արտաքին տվյալներին ներկայացվող պահանջները, հաճախ նաև երիտասարդ լինելու պահանջ է ներկայացվում։ Այս պահանջները մեծամասամբ խտրականության դրսևորում կարող ենք դիտարկել։ Հարց է առաջանում, քանի որ Օրենսգրքի 3.1 –րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է, որ աշխատանքի ընդունման հայտարարություններում (մրցույթներում) և աշխատանքային հարաբերությունների իրացման ընթացքում արգելվում է, գործնական հատկանիշներիցև մասնագիտական պատրաստվածությունից ու որակավորումից բացի, խտրականության հիմք հանդիսացող որևէ այլ պայման սահմանելը, բացառությամբ եթե դա բխում է աշխատանքին ներհատուկ պահանջներից։ Խնդիրը հենց արտաքին տվյալներին կամ տարիքին վերաբերող պահանջը տվյալ աշխատանքի համար գործնական հատկանիշ լինել կամ չլինելն է»:

Միտքն ավելի հակսանալի դարձնելու համար փաստաբանը նշեց, որ որևէ իրավական խախտում չկա, երբ մոդլային գոծակալությունը աշխատանքի է հրավիրում 1.80 սմ հասակ ունեցող նիհար և բարետես աղջիկների, քանի որ նշված պահանջը տվյալ աշխատանքի համար գործնական հատկանիշ է: Իսկ օրինակ մատուցողուհիների վերաբերյալ աշխատանքի հայտարարություններում բարետես և երիտասարդ լնելու պահանջը կարող ենք դիտել խտրականության դրսևորում, եթե գործատուն չհիմնավորի, որ այդ պահանջն իր առաջարկած աշխատանքի դեպքում գործնական հատկանիշ է։ Փաստաբանը նաև նշեց, որ կանանյք հանդիպուն են խտրական վերաբերմունքի նաև իգական սեռին պատկանելու պատճառով. «Քիչ չեն աշխատանքի հրավիրելիս սեռով պայմանավորված խտրական մոտեցուման դեպքերը։ Նույն աշխատանքի հայտարարություններում հաճախ կարող ենք նկատել նշում, որ աշխատանքի հրավիրվող անձը պետք է լինի տղամարդ, ընդ որում աշխատանքի նկարագրությունից պարզ է դառնում, որ այն իր բնույթով այնպիսին չէ, որ միայն արական սեռի սեռային հատկանիշով, օրինակ՝ ուժային առավելությամբ, պայմանավորված կարող է կատարվել։ Արդարացիորեն պետք է խոստովանել, որ աշխատողի նկատմամբ սեռով պայմանավորված խտրական մոտեցում հիմնականում մասնավոր աշխատանքային ոլորտում է դրսևորվում»:

Ուսումնասիրելով աշխատանքային հայտարարություններն ու դրանց բովանդակությունները, պարզեցինք, որ նման հայտարարություններ շատ հաճախ կարող ենք հանդիպել work.net կայքում: Խոսելով կայքի աշխատակիցներից մեկի հետ, պարզ դարձավ, որ կայքում չկան որևէ բովականդակային սահմանափակումներ:  «Կայքում հայտարարություն տեղադրողը ազատ է բովանդակության  հարցում, մենք որևէ կերպ չենք սահմանափակում աշխատատուին, նրանք գրում են այն պահանջների մասին, որոնք կարևորում են: Մեզ մոտ միայն ֆիլտրներ կան, որը ընտրում է թիրախային լսարան: Այն հարցին, արդյոք տեղյակ են, որ արգելվում է արտաքին հատկանիշներ պահանջող կամ տարիքային սահմանափակում մտցնող հայտարարություններ տեղադրելը, աշխատակիցը պատասխանեց՝ այո տեղյակ է. «Միակ սահմանափակումն այն է, որ ժամանակ առ ժամանակ մեր աշխատակիցը հեռացնում է նման հայտարարությունները»:

worknet.am կայքի հայտարարությունները

Ավելի շոշափելի տվյալներ ու փաստեր ունենալու համար խոսել ենք Կանանց Ռեսուրսային կենտրոնի հետ: Կանանց Ռեսուրսային կենտրոնը հետազոտությունն է անցկացրել սպասարկման ոլորտում աշխատող կանանց հետ, և ըստ այդ հարցումների՝ մասնակցած կանանց 62 % -ի ընտանեկան կարգավիճակը հաշվի են առել աշխատանքի ընդունելիս, 84 % էլ փաստում է, որ աշխատանքի ընդունելիս հաշվի են առել նաև արտաքին տվյալները: Հարցվածների 66 % համամիտ է, որ երեխա ունենալը կարող է խանգարել աշխատանքային աճին, իսկ 56 % էլ կարծում է, որ հղիությունը կարող է պատճառ հանդիսանալ աշխատանքից հեռացնելու համար:

 Փաստաբան Հասմիկ Բալաբեկյանը, անդրադառնալով այս տվյալներին, փաստեց, որ աշխատանքային իրավունքի խախտման դեպերը հիմնականում բխում են կանանց իրավագիտակցության ցածր մակարդակից. «Կանայք չգիտեն իրենց աշխատանքային իրավունքներն ու պարտականությունները, ինչն էլ հանգեցնում է իրավունքների խախտման դեպքերի չգիտակցմանն ու չբարձրաձայնմանը: Նման հայտարարությունները ընդունվում են և ոչ մի կասկած չեն առաջացնում: Բայց համեմատելով մի քանի տարվա պրակտիկա, պետք է նշել, որ այսօր կանայք ավելի իրավագիտակից են ու ավելի պահանջատեր»:

Լուսինե Զալմյանը այն կանանցից է, որը կանանց իրավունքների խախտման դեմ պայքարի իր տարբերակն է մշակել. «Ես վստահորեն ինձ կարող եմ համարել ֆեմինիստ, քանի որ գիտակցական տարիքրից պայքարել եմ իմ իրավունքների համար: Այսօր կանանց մեծ մասը ունի այն գիտակցումը, որ իր իրավունքների ու կարծիքի հետ պետք է հաշվի նստել ու հարգել: Այսօր ես ունեմ իմ սեփական գեղեցկության սրահը, որտեղ ոչ մի կին խտրական վերաբերմունքի չի արժանանում, բայց պետք է նշեմ, որ ունեմ աշխատանքային մեծ փորձ ու ականատես եմ եղել կանանց իրավունքների ոտնահարման տեսարանների: Ես հստակ կարող եմ ասել, որ այդ ժամանակ հստակ տարբերություն էր դրվում կնոջ ու տղամարդու միջև. կանանց անտեսում էին, պաշտոններում նշանակում էին տղամարդկանց, բայց ես հստակ կարող եմ ասել, որ ցանկացած ոլորտում կանանց ձեռքում է եղել ամենակարևոր ղեկը, որի մասին երբեք էլ չի բարձրաձայնվել»:

Լուսինե՝ ֆեմինիստ

Մեզ հետ զրույցում Լուսինեն ասաց, որ ամեն բան գալիս է կանանց մենթալիտետից ու դաստիարակությունից: Կինը չի ցանկանում իր իրավունքների համար պայքարել, կինը չգիտի իր իրավունքները ու միշտ մղվում է երրորդական պլան: Լուսինեն նաև ցանկացավ հարց տալ բոլոր այն կանանց, ովքեր չեն պայքարում իրենց իրավումնքների համար. «Սա էր ձեր ուզածը, դուք գոհ եք այն դիրքից ու կյանքից, որն այսօր ունեք: Ձեր կյանքն այդքան լավն է, դրա համար չեք պայքարում»:

Ուսումնասիրելով հայական աշխատաշուկան և աշխատող կանանց պատմությունները՝ հստակ կարող ենք ասել, որ աշխատող և աշխատանք փնտրող կինը ունի իր իրավունքների համար պայքարելու անհրաժեշտություն: Փստաբան Հասմիկ Բալաբեկյանը նշեց, որ աշխատանքային իրավունքերի խախտումների դեմ պայքարելու համար կանայք կարող են դիմել իրավաբանական կամ փաստաբանական գրասենյակների, ինչպես նաև՝ «Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին», ով արդեն իրավասու է խախտումները վերացնելու վերաբերյալ գործատուներին կարգադրություններ տալու և նրանց նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու։

Աննա Ասմանգուլյան

4-րդ կուրս

Կիսվել