Աշխատանք, որը ուժեղ լինելու մասին է

Աշխատանք, որը ուժեղ լինելու մասին է

853

Բուժքրոջ աշխատանքը ամենապատասխանատու ու ամենաբարդ աշխատանքներից մեկն է, այն պահանջում է մարդասիրություն, կենտրոնացում և ուժեղ լինելու կամք: Հաճախ, դեպքերով պայմանավորված, դժվար է լինում մնալ ուժեղ ու մարդասեր՝ մի կողմ դնելով սեփական հույզերն ու ցանկությունները: Մեր հերոսները որոշել են խոսել իրենց աշխատանքային կայնքի ու պահանջվող որակների մասին:

-Ես Նինան եմ, արդեն յոթ տարի է՝ ամեն առավոտ պահարանից հանում եմ արդուկված խալաթն ու գնում աշխատանքի: Մանկուց շատ եմ սիրել այն աշխատանքը, որը հիմա անում եմ, դե իսկ մայրիկս օգնել է, որ ավելի  արագ ընտրություն կատարեմ:

Բուժքույրների ու բժիշկների հետ բոլորդ շփվել եք, բայց թե ինչպես է սկսվում և շարունակվում նրանց առօրյան, քչերդ գիտեք: Ես սիրով կպատմեմ, թե ինչպես է սկսվում մեր աշխատանքն ու ավարտվում այն: Ես աշխատում եմ Ստեփանավանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժնում: Ամեն առավոտ ժամը 9-ին լինում եմ աշխատավայրում: Կարգին համաձայն հանձնում ընդունում ենք կատարում: Այդ ամենը կատարվում է իմ ու մյուս բուժքրոջ միջև: Հերթափոխը հանձնող քույրը ծանոթացնում է հիվանդների հետ, թե քանիսն են նրանք, ինչ ախտորոշումներ ունեն և ինչ բուժում են ստանում: Ինֆորմացիայի փոխանակաման փուլին հաջորդում է շփման փուլը՝ հերթով մտնում եմ հիվանդասենյակներ, տեսնում հիվանդներիս, հարցնում ինքնաղգացողության մասին ու անցնում երրորդ փուլին՝ բուժման ու վերահսկողության փուլին, որը ձգվում է մինչև հաջորդ օրվա ժամը 9-ը, ու այդեպ յուրաքանչյուր  աշխատանքային օր:

Եթե ինձ խնդրեն պատմել առաջին աշխատանքային օրվա մասին, կասեմ, որ շատ հուզված էի: Ինձ համար սթրեսային էր հիվանդներին տեսնելն ու նրանց հետ հանդիպելը, բայց շատ արագ հավաքվեցի, քանի որ լավ գործ անելու գիտակցումը մեծ էր ու կարևոր. ես մադկանց էի օգնում, որոնք այդ պահին իմ կարիքն ամենից շատն ունեին: Մեր աշխատանքը բարդ է, պետք է հասցնես հիվանդներին օգնել ու միևնույն ժամանակ ուժեղ մնալ: Հիվանդները հաճախ հոգեբանական բարդ ու ծանր վիճակներում են լինում, ու կարևոր է, որ նկատեն քո սրտացավությունը, օգնելու ցանկությունը: Երբ հիվանդները տեսնում են, որ դու մտնում ես նրանց դրության մեջ, ավելի բաց են լինում շփման համար ու պատրաստ են լինում նաև ենթարկվել քեզ: Մեզանից պահանջվում է ուժեղ ու ամուր լինել, քանի որ պրակտիկայում հանդիպում ենք շատ տարբեր վիճակներում հայտնված մարդկանց հետ: Օրինակ՝ կորոնավիրուսը ամբողջովին փոխեց մեր կյանքը, խստացվեցին անհատական անվտանգությանը նպաստող կանոնները, համազգեստների անհրաժեշտությունից բացի կարիք եղավ մասնագիտական նոր որակների: Եթե քույր ես ու աշխատում ես կորոնավիրուսով վարակված մարդկանց հետ, պետք է նրանց հավատացնես, որ ամեն բան առջևում է, ու հատկապես սկզբնական փուլում պետք է մարդկանց ասես ու համոզես, որ կորոնավիրուսը դատավճիռ չէ:

Այս գործում կարևորը հոգեբանությունն ու էներգետիկան է, մի անգամ ամբողջ գիշեր անցկացրել եմ 10 օրեկան երեխայի հետ, որին մայրը չէր կարողանում քնացնել ու հանգստացնել: Ամբողջ գիշեր եղել եմ հետը, հետաքրքիրն այն էր, որ երբ երեխային տալիս էի մոր գիրկը, արթնանում ու լավ էր իրեն զգում:

-Ես Վարդուհին եմ, այս ոլորտում եմ արդեն քսանմեկ տարի: Հիմա հաճույքով եմ կատարում իր աշխատանքը, բայց տարիներ առաջ մասնագիտության  ընտրությունը վստահել էի ծնողներիս ու դրա համար էլ շատ երկար ժամանակ չէի համակերպվում որոշման հետ: Հիմա դժվար կլինի պատկերացնել, որ մարդ կարող է ստիպողաբար ընտրությու կատարել, բայց մեր ուսանողական տարիները մութ ու ցուրտ տարիներն էին, ու այդ ժամանակներում սովորական էր, երբ ծնողներին էիր վստահում ճակատագիրդ: Երկար ժամանակ չեմ կարողացել համակերպվել ծնողներիս ընտրության հետ, բայց հիմա ամեն բան անցյալում է, ես սիրում եմ իմ աշխատանքը:

Այսօրվա պես հիշում եմ աշխատանքային առաջին օրս. 2000 թվականաի օգոստոսի 1-ին գնացի հերթափոխի ու ամբողջ օրը մտածում էի՝ իմը չի, պետք է փոխել մասնագիտությունը, այս մտքերը երկար ժամանակ ինձ հետ էին: Ամեն հերթափոխից հետո որոշում էի՝ չգնալ աշխատանքի, բայց ամեն օր, տուն մտնելով ու հորս տեսնելով, հասկանում էի՝ պետք է գնամ ու տղաներին օգնեմ: Այդ տարիներին հիմանական խնդիրը կարծրատիպերն ու հասարակության մտածելակերպն էր: Ես երիտասարդ աղջիկ էի, որը պետք է աշխատեր իր տարիքի տղաների հետ ու բուժօգնություն ցուցաբերեր. թյուր կարծիք կար, թե երիտասարդ աղջիկը բարոյապես կայուն չի կարող լինել նման պայմաններում:

Այն աղջիկը, որը վախենում էր տղաների հետ աշխատելուց, այսօր կարողանում է շատ բաներ պատվով հաղթահարել: Մի անագմ մեր սպաներից մեկը կորոնավիրուսով էր վարակվել, ներարկում էի անում ու զգացի, որ սպան ուշագնաց եղավ, ես լրիվ մենակ էի հիվանդների հետ: Չգիտեի՝ ներարկիչը թևից հանեի, թե ուշքի բերեի: Հիմա չեմ հիշում, թե ինչպես նրան հենեցի ինձ ու ուշքի բերեցի, բայց ամբողջ օրը մտածում էի, եթե իմ փոխարեն անփորձ քույր լիներ, ի՞նչ կլիներ: Կորոնավիրուսից չեմ վախենում, պարզապես պետք է զգու-շանալ: Համաճարակը մեր աշխատանքը ավելի է բարդացրել, բայց այն դատավճիռ չէ:

Հիմա, երբ արդեն տեսնում եմ աշխատանքիս արդյունքը, ծնողներիս էլ չեմ մեղադրում ընտրույան հարցում:

-Ես Շուշաննան եմ, իմ դեպքում էլ  ճակատագիրն է որոշել, ու  գեղարվեստի ակադեմիայից հայտնվել եմ հիվանդանոցում: Հիմա աշխատում եմ վերակենդանացման բաժանմունքում, հիվանդներիս միակ հույսը ես եմ, քանի որ ես պետք է հասկանամ նրանց, նրանք չեն կարողանում խոսել: Վերակենդանացման բաժնում աշխատող քույրը գիտի, որ ամեն բան իր պատասխանատվության վրա է: Հիվանդները անգիտակից են ու անօգնական, մենք հաճախ ստանձնում ենք ոչ միայն բուժքրոջ, այլև հարազատի դերը, քանի որ այնտեղ միայն մենք ենք ու հիվանդները: Բուժքույրը պետք է շատ սիրի մարդկանց, քանի որ միայն մեծ սիրո ու հոգատարության շնորհիվ կարող ես խնամել նրանց:

Իրականում շատ դժվար է այս ամենից հետո ուժեղ լինելը, ինչը մեր գործի կարոևոր յուրահատկություններից է: Հատկապես քովիդի պայմաններում  մեր գործը ավելի ու ավելի է բարդացել: Մեզ համար ջուր խմելը դարձել է ճոխություն: Մեր արտահագուստը հանել-հագնելը շատ երկար ժամանակ է խլում մեզանից, և մենք նախընտրում ենք ծարավ ու սոված մնալ, քան մի քանի րոպե խլել հիվանդից: Իրականում ամենամեծ դժվարությունը տան անդամներին վարակելու վախն է, որը կա մինչև հիմա ու միշտ կլինի մեզ հետ:

Իսկ մյուս բարդ շրջանը   պատերազմն էր, որի մասին  դժվարանում եմ խոսել, միակ բանը որ կար` ցավի ու անհանգստության մթնելորտն էր, երբ պարտավորված էինք ուժեղ լինել ու հույս տալ, իսկ գլխավոր խնդիրն այն էր, որ մենք պետք է ասեինք ՝ ամեն ինչ լավ է լինելու, երբ լավ լինելու հույս անգամ չկար: Մի հիվանդ ունեինք, որի դեպքը միշտ կմնա ինձ հետ: Նա վերջույթները կորցրել էր, ու ամեն անգամ իրեն բոլորս ասում էինք, որ լավ է լինելու, հիվանդը շատ հուզված էր, ու պատասխանեց, որ լավ է լինելու միայն մեզ համար, քանի որ մենք կարողանում ենք քայլել, վազել, իսկ իր համար էլ լավ չի լինելու: Այս պահերին հասկանում ես թե որքան կարևոր է հոգեբանորեն պատրաստ լինելը:

Աննա Ասմանգուլյան

4-րդ կուրս

Կիսվել