Ծովագյուղի մշակույթի տան անավարտ շինարարությունն ու անորոշ ապագան

Ծովագյուղի մշակույթի տան անավարտ շինարարությունն ու անորոշ ապագան

995

2014 թվականի դեկտեմբերին Ծովագյուղի մշակույթի տան լքված շենքում սկսվեցին շինարարական աշխատանքները։

Նախատեսված էր ամրացման աշխատանքներից հետո իրականացնել ներքին հարդարումը, դռների ու պատուհանների տեղադրումը։ 2016 թվականին հիմնանորոգման աշխատանքները պետք է ավարտված լինեին, սակայն այն դեռ անսարք է ու անավարտ։

Շենքի տարեգրությունը սկսվում է 1971-73թթ.-ից։ Ճարտարապետն է համագյուղացի Սոս Մանուկյանը, ով նախագծել է նաև Էջմիածին քաղաքի գլխավոր հատակագիծը, Երևանի Ազատության պողոտայի և մի շարք շենք-շինությունների, փողոցների, բնակավայրերի հատակագծերը։ Հոկտեմբերյան տոնի նախօրյակին Ծովագյուղում շահագործման հանձված մշակույթի տունն ուներ 400 նստատեղ։ «Սևան» թերթի արխիվներում պահպանվում է մշակույթի պալատի շենքի լուսանկարը, որի տակ գրված էր. «Կարո՞ղ էր արդյոք երևակայել Մուրացանի «առաքյալը», որ իր հայտնաբերած խղճուկ Չիբուխլույում կկառուցվի մշակույթի այսպիսի օջախ, որին կարող են նախանձել շատ քաղաքներ»։ Սակայն ժամանակին հոյակերտ շենքն այժմ կիսաքանդ է ու դատարկ։

Մեզ հետ զրույցում համայնքի ղեկավար Վահրամ Գևորգյանը պատմեց, թե ինչու է այսքան ձգձգվում մշակույթի տան շինարարությունը։

Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել էր, որ խնդիրներ կան, և ավելի լավ կլինի քանդել, նորը կառուցել։ Սակայն համայնքապետը չի ցանկացել խախտել մշակույթի պալատի արտաքին տեսքը, դրա համար իրականացրել են ամրացման աշխատանքներ՝ համայնքի բյուջեի հաշվին։

Ամրացման աշխատանքներն ավարտելուց հետո լուծվեց նաև պատուհանների տեղադրման հարցը։ Սակայն 2016 թվականի Ապրիլյան քառորյա պատերազմը, հեղափոխությունն ու առաջ եկած մի շարք ֆինանսական խնդիրները դադարեցրին շինարարությունը։ Նախընտրական արշավի ժամանակ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը խոսք է տվել, որ 2022 թվականի բյուջեով  կվերսկսվի Ծովագյուղի մշակույթի տան հիմնանորոգումը։

«Սպասում ենք նախատեսվող ծրագրին, որով կսկսվի շինարարական աշխատանքները։ Տեսնենք, եթե հետո էլ համայնքների խոշորացումը չխանգարի»,-զրույցի վերջում նշեց համայնքապետը։

Մշակույթասեր հասարակությունը միշտ բարձրաձայնում է շենքի վերանորոգման խնդիրը, երիտասարդները հույսով սպասում, որ կունենան իրենց մշակույթի տունն ու գումար չեն ծախսի մեկ ուրիշ քաղաքում խմբակների կամ պարապմունքների հաճախելու համար։ 1971-73թթ.-ին գործող շքեղ մշակույթի տունն ունեցել է ուսուցման խմբակներ՝ դհոլի, կիթառի, դաշնամուրի, ակորդեոնի, հարվածային գործիքների, շախմատի, թենիսի, կարուձևի, երգի ու պարի։ Ցուցադրվում էին «Հայֆիլմի» կինոնկարներն ու հնդկական ֆիլմեր։ Ուներ մեծ գրադարան։ Իսկ հիմա մշակույթի տունը դատարկ է, մշակութային կյանքը՝ քարացած։

Այսպիսով՝ Ծովագյուղի մշակույթի պալատի ապագան դեռևս մնում է անորոշ։

Լուսինե Հենրիկի Հակոբյան

2-րդ կուրս

Կիսվել