Նա գրում է տասնհինգ տարեկանից, ունի կոկիկ ու համակարգված բառապաշար։ Երբ երիտասարդներին հարցնում ես, թե արդյոք կարդում են ժամանակակից գրականություն, նրանց դրական պատասխանի մեջ լսում ես նաև նրա «Կախվածություն» գրքի անունը։ Իմ զրուցակիցն է այսօր Սյունե Սևադան։
-Ի՞նչը եղավ այն շարժիչ ուժը, առաջին ոգեշնչումը, որ նստեք մաքուր թղթի առաջ ու ստեղծագործեք։
-Հատուկ որևէ մոտիվացիա չեմ ունեցել։ Շատ փոքր տարիքից գրում եմ, ուղղակի մի օր ընկերներիցս մեկը պատմեց, որ իր քույրիկը բլոգ է բացել։ Սոցցանցերն ու համացանցն առհասարակ նոր էին մուտք գործել մեր կյանք, և բլոգային հարթակները նորարարություն էին։ Որոշեցի ես էլ բլոգ բացել ու սկսել գրել, հետո բլոգը դարձավ անձնական կայք, և այդպես տասնհինգ տարեկանից առանց դադարների սկսեցի գրել՝ մինչև հիմա։
–Ձեր ստեղծած հերոսներից ամենաշատը ո՞ւմ եք սիրում և ինչո՞ւ։
-Բոլորին եմ սիրում, նույնիսկ այն կերպարներիս, որոնց դեռ չեմ ստեղծել։ Հատուկ մեկին առանձնացնել չեմ կարողանում, որովհետև ասես երեխաներիցդ մեկին առանձնահատուկ սիրես։ Նման կերպ չի լինում, և կերպարների դեպքում էլ է այդպես։
–Ո՞ր գրողներն են Ձեր ստեղծագործական կյանքում մեծ դեր խաղացել։
-Սովորաբար իմ տեքստերից տարբեր տեքստեր գրող հեղինակների եմ սիրում կարդալ՝ որպես ընթերցող, դա նաև օգնում է ներսի գրողին ու ընթերցողին իրար չխառնել։ Օրինակ, ինձ շատ մոտիվացնում են Էդգար Ալլան Պոն, Սթիվեն Քինգը, Չաք Փոլընիքը, բայց ոճականությամբ ու թեմաներով շատ տարբեր ենք։
-Կա՞ որևէ բան, որի համար կամ պատճառով կդադարեք ստեղծագործել։
-Չեմ կարծում, թե նման պատճառ երբևէ լինի։ Միակ պատճառը կլինի գրելը չսիրելը, դա էլ, կարծում եմ ՝ ինձ չի սպառնում։
-Վերջին հարցը պետք է լիներ` ի՞նչ եք մաղթում Ձեր ընթերցողին, բայց, շեղվելով կանոններից` ի՞նչ կմաղթեիք ինքներդ Ձեզ հինգ տարի առաջ։
-Կմաղթեի ժամանակ չկորցնել, ավելի ինքնավստահ լինել, աշխատասիրությունն ու համառությունը զարգացնել ու միշտ հավատալ, որ ամեն բան կստացվի։
Նարե Ասատրյան
2-րդ կուրս