«Հայկական գինին քողի տակ թաքնված սիրուն աղջնակ է»․ Թամարա Օհանջանյան

«Հայկական գինին քողի տակ թաքնված սիրուն աղջնակ է»․ Թամարա Օհանջանյան

465

Թամարան ինքը նշանակեց հանդիպման վայրը՝ երևանյան մի գողտրիկ գինու բարում։ Աշխատողները մեզ շատ ջերմ դիմավորեցին, արդեն գիտեին՝ ինչ ենք խմելու:

Պարզապես հաճախ ենք այստեղ համտեսներ անցկացնում՝ ժպտալով ասաց  «Նվեր գինի» և «Թանգարանային բացօթյան համտեսներ» նախագծի կազմակերպիչ Թամարա Օհանջանյանը ու այդպես սկսվեց մեր զրույցը.

– Գինեգործարանները թե՛ լավ, թե՛ վատ առումներով զարմացնում են: Կարող եմ նշել տարածաշրջաններ, որոնք անընդհատ զարմացնում են, և որոնք սպասում եմ, որ զարմացնելու են մոտակա տասը տարվա մեջ։ Տավուշի մարզը զարմացնում է իր գինիներով, հատկապես՝ սպիտակ սորտերով: Զարմացնում է Վայոց Ձորը՝ սկսած այն օրվանից, երբ հայտնաբերվեց «Արենի մեկը»: Հենց այդ օրվանից սկսեց ինձ զարմացնել, չնայած կարելի էր ավելի շուտ իմանալ ու ավելի շուտ զարմանալ իրենցով: Բայց 2007-ից, երբ բացահայտումները եղան, մարդիկ սկսեցին հետաքրքրվել։ Վայոց Ձորն է հավերժ զարմացնում, Արարատի մարզը՝ մշտապես, ու Արցախը:

– Ի՞նչ գինիներ են նախընտրում արտասահմանից ժամանած մեր հյուրերը։

– Լավ հարց է շատ (ծիծաղում է): Արտասահմանից ժամանած հյուրերին, նույնիսկ, եթե  շփոթվում և առաջարկում ես արտասահմանյան գինի, իրենք քեզ ուղղում են՝ երբեմն կոպիտ, ասում են․«Այսի՞նքն, ուզում եք ասել, որ ես եկել եմ Երևան, որ խմեմ ինչ-որ իտալական գինի՞»: Ու ընթացքում այսպիսի դեպքերին այնքան էինք վարժվել, որ գիտենք՝ եթե եկել է արտասահմանցի, ուրեմն իրեն պետք է առաջարկենք հայկականը: Ամեն օր գալիս էին մի նոր բանի հետևից, նշումեր էին անում ու հեռանում էին: Էլ չասեմ, թե ինչքա՜ ն էին գինիներ գնում և տանում։ Այդ գինիները փաթեթավորելը շատ լավ է տպավորվել իմ կյանքում (ծիծաղում է), քանի որ շատ դժվար է գինին այնպես փաթեթավորել, որ ճանապարհին չկոտրվի:

– Գինիորակ պայքարում ո՞վ է հաղթում` հայկակա՞նը, թե՞ արտասահմանյանը։

– Ինչպես զարգանում է Հայաստանի գինեգործությունը, նույն կերպ էլ Հայաստան են բերվում լավ գինիներ։ Եթե մի քանի տարի առաջ կար 4600 դրմի գինի, որն իր որակով չէր փայլում,  հիմա այդ 4600 դրամի կողքին հայտնվել է իսկական, որակով արտասահմանյան գինի (գովազդ չանելու նպատակով, գինու անունը գրված չէ): Հայաստան է եկել և իր տեղը գտել մեր գինիների կողքին: Բերվել են ամենալավ գինիները, որոնք աշխարհում, գուցե, լինեն մի քանի հազարը։ Դրանք էլ արդեն հայտնվել են աշխարհի ամենափոքր երկրներից մեկում՝ Հայաստանում: Հայտնվել են այն գինիների կողքին, որոնք կրկին որակով չեն զիջում: Այդ իսկ պատճառով կարող եմ ասել, որ մոտավորապես տասը տարի առաջվա համեմատ թե՛ հայկական գինիներն են որակով բարձրացել, երևի, 90%-ով, և թե՛ 80%-ով մարդիկ սկսել են ճիշտ գինիներ ներկրել։

– Հայ սպառողները, Ձեր դիտարկմամբ, նախընտրում են հայկակա՞նը, թե՞ արտասահմանյանը և ինչո՞ւ։

– Եթե անկեղծ, ես 2016 թվականին եմ մտել գինու ոլորտ, մտել եմ՝ գինի չսիրելով։ Հիմա կարող եմ հստակ համեմատություն անել՝ չորս տարվա ընթացքում ամեն ինչ փոխվում էր: 2020 թվականից արդեն սպասարկման ոլորտում չեմ աշխատում, բայց այդ չորս տարվա մեջ մեկ մեծ վերելք տեսա, որ առաջին շրջանում գալիս էին մարդիկ, ովքեր ասում էին՝ ի՞նչ կառաջարկեք, մեր հաջորդ հարցը լինում էր՝ հայկակա՞ն, թե՞ ոչ հայկական, իսկ արձագանքը լինում էր ծիծաղ, կամ ամենավատ դեպքում քմծիծաղ։ Չեն ուզում հայկականը, որովհետև Հայաստանում են ապրում։ Իսկ հիմա կարող եմ ասել, որ 60%-ը հայկականի վրա են շեշտը դնում: Նույնիսկ Արցախյան պատերազմից հետո, որպես նվեր, հաճախ Արցախի գինիներ էին ինձանից ուզում: Արտասահմանի հայերը ինձ գրում են, թե կարող եմ արդյոք նվերի տեսքով իրենց ուղարկել։

– Ինչո՞վ է պայմանավորված գինեգործության զարգացումը Հայաստանում։

– Առաջին մղումը զարգացման եղավ հայրենասիրությունը: Էռնեկյանը, որն ապրում էր Արգենտինայում, որոշեց իր գումարը չվատնել այնտեղ, այլ ծախսել այստեղ՝ Հայաստանում: Ստեղծեց իր ընկերությունը։ Նրա օրինակին հետևեցին շատ մարդիկ: Երկրորդը՝ այդ պոտենցյալը, որը փակ էր: Հայկական գինեգործությունը, կարծես, լիներ մի հատ շատ սիրուն ու հետաքրքիր աղջիկ կամ տղա, որը քողի տակ է կամ գլխարկի տակ, ու դու պիտի իրեն հանես, խոսես, հասկանաս, թե ինչպիսին է նա: Երրորդը այն է, որ մեզ համաշխարհային կերպով նկատում են: Հիմա ես ինչո՞ւ կցանկանամ գինի սարքել, կամ ուրիշ մարդ ինչո՞ւ կցանկանա գինի սարքել, նրա համար, որ աշխարհում, Վրաստանից բացի, Անդրկովկասյան հատվածում նկատվում է նաև ուրիշ երկիր՝ Հայաստանը: Չորրորդը՝ ճանաչելիությունը: Անընդհատ մեդալներ ենք բերում արտասահմանից, անընդհատ տարբեր ոսկիներ ենք շահում. գինեգործները, ես՝ չէ (ծիծաղում է):

Հին ժամանակներում գինին նախ տանտերն էր ըմպում, որպեսզի հյուրերը համոզվեն, որ խմիչքը թունավոր չէ։ Եվ այստեղից էլ առաջացել է «Խմել առողջության համար» արտահայտությունը։ Խմե՛ք առողջության համար։

Նարե Ասատրյան

2-րդ կուրս

Կիսվել