«Տեխնիկան, ի վերջ, գործիք է, եթե գաղափարը կա, հնարավոր է ձեռքի տակ...

«Տեխնիկան, ի վերջ, գործիք է, եթե գաղափարը կա, հնարավոր է ձեռքի տակ եղածով այդ գաղափարը իրագործել». Ասատուր Եսայանց

597

Տեխնիկական ոլորտում հեղափոխական փոփոխությունները հանգեցրել են ֆոտոլրագրության հետ կապված ամեն ինչի արմատական ​​վերափոխման, ընդհուպ մինչև դրա էսթետիկ բաղադրիչի։ Զարգացումները ֆոտոլրագրության ոլորտում իրենց հետ բերել են և՛ դրական, և՛ բացասական կողմեր։

Այս խնդրի շրջանակներում զրուցել ենք լուսանկարիչ Ասատուր Եսայանցի հետ։

-Այսօր լրատվամիջոցներում շատ ենք հանդիպում, որ լուսանկարչի դերը կարևոր չէ, ցանկացածը կարող է ինչ-որ իրադարձություն նկարել, որտեղ պահպանված չեն այն տեխնիկական առանձնահատկությունները, որոնք բնորոշ են լուսանկարչությանը, ի՞նչ կարծիք ունեք այս մասին, ըստ ձեզ՝ ի՞նչ դեր ունի այսօր պրոֆեսիոնալ լուսանկարչությունը լրատվամիջոցներում։

-Պետք է նախ հասկանանք՝ ինչ է նաշանակում պրոֆեսիոնալիզմ։ Դրսում շատ հստակ ձևակերպում կա․ պրոֆեսիոնալ է համարվում այն մարդը, ով, օրինակ, վերջին երեք տարիների ընթացքում տվյալ աշխատանքով գումար է վաստակում։ Մեզ մոտ, եթե ասում են պրոֆեսիոնալ, հիմնականում նկատի են ունենում, որ այդ մարդը լավ է անում տվյալ գործը։ Կարող է մարդը լինել պրոֆեսիոնալ, բայց վատ անել իր գործը։ Նույնիսկ ֆոտոկոնկուրսներում, եթե դու դիմում ես ինչ-որ լուսանկարչական մրցույթի, այդ կոնկուրսի կազմակերպիչները ապացույցներ են ուզում վերջին 3 տարվա մեջ քո տպագրված կամ հրատարակված նյութերից։ Մրցույթները բաժանվում են երկու կատեգորիայի՝ պրոֆեսիոնալների և սիրողական լուսանկարիչների համար։ Երկու կատերգորիաների համար էլ պահանջները այլ են։ Մրցույթներ կան, որ պրոֆոսիոնալ լուսանկարիչների համար են, օրինակ, Sony World-ը։ Այնտեղ առաջին մրցանակը 25 հազար դոլար է, իսկ ոչ պրոֆեսիոնալների համար նախատեսված մրցույթը 5 հազար դոլար է։

-Ի՞նչ տեխնիկական սխալների եք հանդիպում առհասարակ լրատվամիջոցներում, ի՞նչը պետք է շտկվի, որպեսզի ֆոտոլրագրության մեջ նվազագույնի հասնի տեխնիկական թերությունները, անորակ լուսանկարների տարածումը։

-Լրատվամիջոցներ կան, օրինակ արտերկրում, լուսաբանում են պատերազմը, որի ժամանակ լուսանկարում են դիակներ։ Իրենք ճի՞շտ են անում, թե՞ սխալ։ Պետք է հստակ հասկանալ տվյալ լրատվամիջոցը ուզում է դատապարտել, թե պրոպագանդել արյունը։ Կախված նրանից, թե ինչ կերպով, ինչ հաճախականությամբ և ինչ նկարագրությամբ են այդ լուսանկարները թողարկվում, դիտողը հասկանում է պրոպագանդում են արյունը, մահը, դիակները, թե դատապարտում։ Լուսանկարիչը իր կյանքը վտանգում է, որպեսզի օբյեկտիվ ներկայացնի պատերազմը։ Մարդուն դատապարտես, որ նա մահն է ցույց տալիս, հարցը այն է, թե ինչ ձևով։

-Ցանկացած իրադարձություն և թեմա իր սարքավորումն է պահանջում։ Ըստ ձեզ՝ պատերազմ լուսանկարելիս ի՞նչ է հարկավոր, ի՞նչ տեխնիկա օգտագործել, որ որակով և ճիշտ լուսանկարներ ստանանք։

-Այսօր հարցը տեխնիկան չէ, հիմա հնարավոր է հեռախոսով էլ նկարել։ Ամենամեծ սխալը այն է, որ շատերին թվում է, եթե դու թանկ տեխնիկա ունես, որը քեզ մեծ հնարավորություններ է տալիս, դու կարող ես լինել լավ լուսանկարիչ կամ լավ լուսանկարել։ Հնարավոր է, որ այդ պահին հնարավորությունները սուղ են, բայց դու գաղափար ունես, և քո հնարավությունները այնպես ես օգտագործում, որ ցանկանացած մեկը ավելի լայն հնարավորություններով դա չի կարող անել, որովհետև ինքը չունի այն գաղափարը, որը դու ունես։ Տեխնիկայի վրա հույս դնելը լավ բան է, բայց չեմ կարծում, որ դա ամենակարևոր բանն է։ Տեխնիկան, ի վերջ, գործիք է, եթե գաղափարը կա, հնարավոր է ձեռքի տակ եղածով այդ գաղափարը իրագործել։ Այսօր շատ լրատվամիջոցներին հետաքրքիր է, որ այդ նկարը ուղղակի լինի, թե ինչպես է նկարած, երկրորդական է։ Իրենք լուր են տալիս, ու կարևոր է, որ այդ լուրը արագ տեղ հասնի։

-Ի՞նչ փոփոխություններ եք նկատում տարիներ առաջ գործող ֆոտոլրագրության և այսօրվա ֆոտոլրագրության միջև, կա՞ն նոր միջոցներ, որոնք օգտագործում են լուսանկարիչները։

-Այո՛, կան։ Սկսել են լուսանկարները տեղից ուղարկել, առաջ այդպիսի բան չէին կարողանում անել։ Գործիքակազմը ավելի զարգացել և ավելի լավն է դարձել։ Սկսել են շփվել արտասահմանյան լրատվամիջոցների հետ։ Արտասահմանում աճը ավելի բարձր է, աշխարհը ավելի լայն է։ Պահանջներ են դնում իրենց առաջ, իրենք բավարարում են այդ պահանջները և զարգանում։ Վերջին տասը տարիների ընթացքում որոշակի զարգացում եղել է, բայց դա շատ քիչ է։ Իմ կարծիքով՝ դա գալիս է նրանից, որ լրատվամիջոցները լուրջ չեն վերաբերվում լուսանկարչությանը։ Գուգլից կարող են ուղղակի վերցնել, բայց իրենք չեն հասկանում, որ այդ մարդը ժամանակ, էներգիա և, ինչու ոչ, գումար է ծախսել։ Չկա այդ հարգանքը կոլեգաների նկատմամբ։ Երբ զանգում եմ և ասում՝ «Կներեք, դուք իմ նկարը վերցրել եք», ասում են՝ «Նկար ա էլի»։ Այդ լուսանկարը, եթե ես պատմեմ ինչպես եմ ստացել, ու կարևոր չէ լավն է, թե վատը։ Երբ լրատվամիջոցները լուրջ կվերաբերվեն դրան, իրավական միջոցառումներ կիրականացվեն, այդ ժամանակ միայն կարող ենք խոսել զարգացման մասին։ Եթե դուք պատկերացնեք, թե արտերկրում ինչ լրջությամբ են վերբերվում լուսանկարին։ Լուսանկարը, երբ որ տալիս են օգտագործման, վաճառում են։ Օգտագործման իրավունքը շատ հաճախ վաճառվում է, մի տարի անց դու իրավունք չունես այլևս այդ նկարը օգտագործելու, դու նորից պետք է վճարես այդ լուսանկարի համար։ Մարդիկ միջոցառում են կազմակերպում, առանց հասկանալու՝ լրատվամիջոցը որտեղ պետք է կանգնի։ Բացի սրանից, նաև պետական ամենաբարձր մակարդակի միջոցառումները. իրենք չեն հասկանում նկարի վիզուալիզացիայի կարևորությունը։ Ասում ես՝ «Դուք չեք տեսնում նախագահ կլինի, կամ վարչապետ,  գալու է անցնի և այստեղ կանգնի, չեք տեսնում, որ ֆոնը չի աշխատում իր համար»։

Վիկտորյա Հովեյան

4-րդ կուրս

Կիսվել