ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստ քսանամյա Ստյոպա Մկրտչյանը հավաքականում է: Մարտի 24-ին տեղի ունեցավ հերթական ընկերական ֆուտբոլային հանդիպումը՝ Հայաստան-Չեռնոգորիա, բայց Ստյոպայի համար սա սովորական հանդիպում չէր, այլ կարիերայի նոր սկիզբ: Թեև 21 համարի ներքո հանդես եկող պաշտպանի նորամուտն էր, սակայն խաղի ընթացքում աչքի էր ընկնում իր ակտիվությամբ: Խաղից հետո Ստյապայի առաջին հարցազրույցը Journalist.am-ի հետ էր։ Ֆուտբոլիստը մեզ պատմեց խաղի և իր զգացողությունների մասին:
-Կկիսվե՞ս այն պահի տպավորություններով, երբ հրավեր ստացար հավաքականից:
-Հավաքական հրավիրվելու մասին խոսակցություններ կային, բայց չէի սպասում, որ հենց այս հավաքին ես էլ կլինեմ ցուցակում, և այն պահին, երբ իմացա՝ հրավիրվել եմ, ուրախությունս մեծ էր։ Այդ պահից սկսած՝ արդեն մտածել եմ, որ ամեն ինչ անեմ ինձ լավագույնս դրսևորելու համար:
-Դու նախնական մեկնարկային կազմում չկայիր: Երբ պարզվեց, որ առաջին րոպեներից դուրս ես գալու խաղադաշտ, ի՞նչ զգացողություններ ունեցար:
-Ամեն ինչ պատահական ստացվեց: Արդեն վերջացնում էինք նախավարժանքը, բայց Կալիսիսը վնասվածք ստացավ, և ես պետք է դաշտ դուրս գայի նրա փոխարեն: Ամեն ինչ շատ արագ ստացվեց, և ժամանակ էլ չկար մտածելու ուրիշ բանի մասին․ բոլոր մտքերս միայն խաղի վերաբերյալ էին:
-Ինչպե՞ս ընդունեցին քեզ հավաքականի տղաները:
-Թիմն ինձ շատ օգնեց, որ չլարվեմ, հանգիստ լինեմ թե´ դաշտում, թե´ դաշտից դուրս: Շատ լավ ընդունեցին ինձ․ բոլորս հայ ենք, սա մեծ ընտանիք է, և այդքանով ամեն բան ասված է:
-Թեև կարմիր քարտ ստացար, բայց որպես պաշտպան՝ արդարացրեցիր քեզ: Գո՞հ ես քո խաղից, թե՞ այդուամենայնիվ լարվածությունը գերիշխող էր:
– Իմ խաղում կային սխալներ, որոնց վրա պետք է աշխատել, որպեսզի կատարելագործեմ խաղս: Շատ աշխատելու տեղ ունեմ, բայց ինձ թվում է՝ նորամուտի համար լավ խաղ ստացվեց։ Կարևորը հաղթեցինք:
Անուշ Բաբայան
2-րդ կուրս