Բուսակերություն, որը դարձել է կյանքի անբաժանելի մաս

Բուսակերություն, որը դարձել է կյանքի անբաժանելի մաս

838

«Բուսակերություն» տերմինը շրջանառության մեջ է դրվել 1842 թ.-ին «Բրիտանացի բուսակերների միության» կողմից, ի սկզբանե այն նշանակել է ոչ թե զուտ բուսակերություն, այլ բարոյական և փիլիսոփայական առումներով ներդաշնակ կենսակերպ։ Կա Բուսակերության 2 տեսակ. Վեգաններ (Vegan), ովքեր չեն սպառում կենդանական ծագման արտադրանք, ոչ էլ կենդանիների կողմից արտադրված ապրանքներ, այդ թվում ՝ ձու, կաթնամթերք, և Վեգետարիաններ (Vegetarian), ովքեր իրենց սննդակարգում չեն օգտագործում միս, բայց կենդանական ծագման արտադրանք օգտագործում են (ձու, կաթ, պանիր և այլն):

Բուսակերները չեն հագնում կենդանիների բրդից, կաշվից կարված շորեր, մուշտակներ և այլն, իրենց նախասիրություններից բացակայում է որսորդությունը և կենդանիների մարմիններից խրտվիլակների հավաքածուներ ստեղծելը։

Այս թեմայով զրուցել եմ մի մարդու հետ, ով արդեն 12 տարի է, ինչ սննդակարգում բացառել է մսամթերքը, բայց ոչ կենդանական արտադրանքը։ Journalist.am-ի զրուցակիցը Մարիամ Ղազարյանն է:

Ո՞ր դեպքից հետո հասկացար, որ չես կարող կենդանու միս ուտել։

-Պատմել են, բնականաբար չեմ հիշում այդ դեպքը։ 6 ամսական եմ եղել, բարեկամներից մեկը որոշել է, որ ինչու՞ ոչ, կարելի է երեխային արդեն մսով կերակրել։ Տրամաբանական է, որ լավ հետևանք չի ունեցել։ Սկսել եմ խեղդվել, կյանքս մի կերպ են փրկել, հրաշքով։ Ընտանիքիս անդամները դրա հետ են կապում բուսակերությունս, որ երեխայի օրգանիզմը ամբողջ կյանքի ընթացքում հիշում է այդ դեպքը և անկախ իրենից` խուսափում է մսից։ Իհարկե, կարելի է նաև նման կերպ մտածել, բայց կոնկրետ ինձ համար, եթե ռեալ նայենք, ուղղակի եղել է մի տարիք, կերել եմ, համը դուրս չի եկել էլ, և այլևս չեմ կերել։

Որո՞նք են բուսակերության դրական և բացասական կողմերը:

-Ամենամեծ բացասական կողմը երևի այն է, որ օրգանիզմդ սովորում է, որ դու չպետք է ուտես միս ու, երբ որոշում ես խախտել այդ ավանդույթը, որովհետև գիտակցում ես, որ միսը ևս կարևոր  բաղադրատարր է առողջ օրգանիզմ ունենալու համար, դա, մեղմ ասած, ծանր հետևանքներ է թողնում քեզ վրա։ Ինձ հետ կապված ալերգիկ ռեակցիաներ են առաջանում։ Դրականն էլ, որպես էդպիսին, չեմ կարող առաձնացնել, երևի միայն այն, որ նշածս բացասական կողմը բացակայում է բուսակեր լինելուդ պահին, արդեն իսկ դրական է։

Բուսակերությունը նպաստու՞մ է նիհարելուն։

-Կարծում եմ` ոչ, ավելի շատ առողջ լինելուն է նպաստում։

Ջեռոցում դրած ձուկը, կամ ապխտած բեկոնի բույրը արդյո՞ք Քեզ չի գրավում։

-Ձուկը` բացարձակ, նույնիսկ, երբ մայրիկս տանը եփում է, ես ժամանակավոր լքում եմ տարածքը, մինչև ուտեն, վերջացնեն, իսկ բեկոնը երբեմն իրեն կարոտել տալիս է, բայց ուտելու ցանկությունը տարվա մեջ մեկ կամ երկու անգամ է լինում։

Քանի որ չես օգտագործում մսամթերք, ձկներ, դրանց փոխարինող վիտամիններ օգտագործու՞մ ես։

-Դա ծնողներիս նյարդայնացնող հավերժ թեմա է։ Չեմ օգտագործում, բայց պահանջ էլ չեմ զգում։

Ո՞ր մթերքներն ես շատ օգտագործում, որպեսզի փոխարինես բաց թողած այդ վիտամինները։

-Հիմնականում հյութեր, մրգեր, բանջարեղեն. սրանք են վիտամինների իմ պաշարը ամբողջացնող մթերքները։ Բայց բալանս պահելու համար հատուկ ոչինչ չեմ անում, և փառք Աստծո, ըստ հետազոտության արդյունքների, ոչ մի խնդիր չունեմ։

Բուսական ծագման ինչպիսի ուտեստներ ես պատրաստում

-Հարիսա` առանց միս ու յուղի։ Յուղի փոխարեն օգտագործում եմ բուսական ծագման ձիթայուղ և նախընտրում եմ խաշած բրինձ` բանջարեղենով. սրանք թերևս ամենասիրելիներն են։

Այսօր սրճարաններում հե՞շտ է վեգետարիան ուտեստներ գտնել։

-Իրականում այդքան էլ չէ։ Ինձ համար մեծ փորձություն ու, ինչու ոչ, փորձանք է դառնում սննդի կետեր այցելելը, հատկապես, երբ ընկերներիս մեջ միակ վեգետերիանը ես եմ։ Պատկերացրեք բոլորը շատ հեշտ ու հանգիստ պատվիրում են իրենց բուրգերն ու հավի մսով աղցանը, մինչ դու սկսում ես «դիահերձել» ամբողջ ճաշացանկը քեզ հարմար ուտեստ գտնելու համար։ Բայց անհնար բան չէ։ Գտնում եմ։

-Ի՞նչ կարծիքի ես, կենդանիները մարդասիրական վերաբերմունքի իրավունք ունե՞ն: Արդյո՞ք նրանք արժանի են նույն մակարդակի վերաբերմունքի, որը մենք առաջարկում ենք այլ մարդկանց։

-Կենդանիները ավելի լավ վերաբերմունքի են արժանի, քան մենք ցույց ենք տալիս։ Միգուցե բնության օրենքն է, բայց ես չեմ պատկերացնում՝ ինչպես կարելի է կենդանուն սպանել ստամոքս կշտացնելու համար, ու հենց սա գլխավոր պատճառներից մեկն է, որ ես չեմ կարողանում մսամթերք օգտագործել։

Լուսինե Սարգսյան

2-րդ կուրս

Կիսվել