Արցախի օկուպացված տարածքների մշակութային ժառանգությունը ոչնչացվում է

Արցախի օկուպացված տարածքների մշակութային ժառանգությունը ոչնչացվում է

879

Ադրբեջանը շարունակ է ճերմակ ցեղասպանությունը՝ զուգահեռ միջազգային հանրությանը հայկական մշակութային ժառանգությունը ներկայացնելով իբրև աղվանական և ուդիական։ Հայկական Սբ․ Ղազանչեցոցը Ուղղափառ եկեղեցու է վերածվում, Կանաչ  Ժամի հովվատունը վերափոխվում է սրճարանի․․․

Արցախում 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցան Քաշաթաղի, Մարտակերտի, Շահումյանի, Հադրութի, Ասկերանի, Շուշիի, Մարտունու շրջանների մոտ 103 բնակավայր, ընդհանուր առմամբ՝ մոտ 8500 կմ² տարածք, որտեղ կան բազմաթիվ պատմամշակութային կոթողներ, հուշարձաններ, եկեղեցիներ ու թանգարաններ, որոնց պահպանումը վտանգված է: Այդ թվում է առնվազն 1456 նշանավոր հուշարձան, 8 պետական թանգարան՝ 19 հազար 311 ցուցանմուշներով, 161 վանք ու եկեղեցի, 591 խաչքար, Շուշիի գորգերի ու Հայկական դրամի մասնավոր թանգարանները, Տիգրանակերտի, Ազոխի, Նոր Կարմիրավանի, Միրիկի, Կերենի հնավայրերն ու բազմաթիվ բերդեր, ամրոցներ, սրբավայրեր և այլ հուշարձաններ:

Այս պատմամշակութային հսկա ժառանգության ճակատագիրը անորոշ է և վտանգված, քանի որ Ադրբեջանը բազմիցս ի ցույց է դրել իր վանդալիստական քաղաքականությունը հայկական հուշարձանների հանդեպ:: Մշակութային ցեղասպանության ակնառու դեպքերից են Մատաղիսում 1892-1898 թթ.-ի Սուրբ Եղիշե և Մեխակավանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցիներում ադրբեջանցի զինվորների կատարած ավերածությունները, Շուշիի Կանաչ ժամ եկեղեցուն կից կառույցը՝ հովվատունը, սրճարանի վերածելը, Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու աղավաղումը և բազմաթիվ այլ անհերքելի փաստեր, որոնք ապացուցող տեսագրությունների տարածումը սկսվել է հենց ադրբեջանական տելեգրամյան ալիքներից: 

Հայաստանի և Արցախի քայլերը 

Մայր Աթոռի տեղեկատվական բաժնից Journalist.am-ին ասում են, որ Ադրբեջանը նպատակ ունի «վերացնել իր տարածքի քրիստոնեական և հատկապես՝ հայկական հոգևոր-մշակութային կոթողները՝ կրկնելով Ջուղա քաղաքի գերեզմանոցի և խաչքարերի ոչնչացման պատմությունը»։

«Սա է իրենց իրական դիրքորոշումը՝ անկախ հայկական պատմամշակութային արժեքների պահպանման կեղծ հավաստիացումներից»,- ասում են Մայր Աթոռից: 

Հայաստանն, ի սկզբանե, արտահայտել է իր դատապարտող դիրքորոշումը՝ Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանության վերաբերյալ: ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ասում է, որ իր լիազորությունների շրջանակում, համագործակցելով Արտգործնախարարության հետ, 44-օրյա պատերազմի թե՛ ընթացքում, թե՛ ավարտից հետո պարբերաբար դիմել է մշակութային օբյեկտների պահպանության հարցերով զբաղվող միջազգային կառույցներին և կազմակերպություններին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, Համաշխարհային ժառանգության հիմնադրամին, Հնագետների եվրոպական ասոցիացիային, Հուշարձանների, տեսարժան վայրերի և թանգարանների միջազգային խորհրդին, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին, Մարդու իրավունքների հանձնակատարին և Ժողովրդավարական մասնակցության տնօրենին:

Ըստ նախարարության՝ միջազգային կազմակերպությունների կողմից մինչ օրս իրականացրած միակ գործուն և արդյունավետ քայլը 2022թ. մարտի 10-ին Եվրոպական միության խորհրդարանի՝ «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության մասին» բանաձևի ընդունումն էր:

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության և դրանց ոչնչացման, պղծման և յուրացման մասին միջազգային հանրությանն իրազեկելու նպատակով Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռում ստեղծվել է նաև Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակ, որը համակարգում է այդ ուղղությամբ տարվող աշխատանքը:

«Կազմակերպվում են գիտաժողովներ, նաև պատրաստվել ու ուղարկվել են թեմային վերաբերող զեկույցներ և տեղեկատվական փաթեթներ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ՄԱԿ-ին, ԵԽԽՎ-ին, ինչպես նաև՝ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդին և բազմաթիվ այլ կառույցների»,- հայտնում են Մայր Աթոռից:

Արցախի ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ուսումնասիրման, պահպանման և վերականգնման բաժնի վարիչ Արման Գրիգորյանը Journalist.am-ի հետ զրույցում ասում է. «Ամեն ինչ անում ենք, որպեսզի ինչ-որ ձևով կանխենք կամ գոնե խանգարենք այդ վայրագություններին, համագործակցում ենք նաև ռուս խաղաղապահների հետ, իսկ թե ինչքանով է ստացվում՝ դեռևս տեսանելի արդյունքներ չկան»:

Միջազգային հեղինակավոր կառույցներին դիմելուն զուգահեռ՝ պաշտպանության համար քայլեր ձեռնարկվում են նաև անհատները, այդ թվում՝ հնագետ Համլետ Պետրոսյանի և նրա թիմի ստեղծած monumentwatch.org մշակութային ժառանգության մշտադիտարկման հարթակը: Կայքի ստեղծման հիմնական նպատակն է 44-օրյա պատերազմի արդյունքում Արցախի Հանրապետության՝ Ադրբեջանին անցած տարածքների և արցախա-ադրբեջանական սահմանային գոտու անշարժ մշակութային ժառանգության, թանգարանների, մշակութային օջախների քարտեզագրումը և գույքագրումը, ընթացիկ վիճակին հետևելը, փոփոխությունների վավերացումը, և միջազգային գիտական ու մշակութապահպան հանրությանը ներկայացնելը: Կայքը Արցախի մասին պատմող ամենամեծ հարթակն է, այն եռալեզու է, որից օգտվում են նաև օտարերկրացիներ: 

Միջազգային արձագանքը

2022թ. մարտի 10-ին Եվրոպական խորհրդարանը ձայների 635 կողմ, 2 դեմ և 42 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց «ԼՂ-ում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևը: Հաշվի առնելով մի շարք կարևոր միջազգային կոնվենցիաներ, հռչակագրեր և դաշնագրեր, Եվրոպական խորհրդարանը այս կերպ հայտնեց իր հստակ դիրքորոշումը խնդրի վերաբերյալ: Որոշումն իր մեջ ներառում է պահպանության մասին մի շարք կարևոր կետեր: Եվրահանձնաժողովին կոչ էր արվում օգտագործել բոլոր հասանելի լծակները՝ Արցախում մշակութային ժառանգության ոչնչացման, փոփոխման, ինչպես նաև վանդալիզմի դեպքերը կանխելու համար: Համաձայն այդ բանաձևի՝ Եվրոպական խորհրդարանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը՝ ջնջելու և ժխտելու հայկական մշակութային ժառանգությունը Արցախում և դրա շուրջը՝ խախտելով միջազգային իրավունքը և Արդարադատության միջազգային դատարանի վերջին որոշումը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն, «Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների մասին» 1954թ. Հաագայի կոնվենցիայի շրջանակներում, աշխատում է Արցախի Հանրապետության անկախ տեխնիկական առաքելություն ուղարկելու ուղղությամբ: Սակայն Ադրբեջանը խոչընդոտներ է ստեղծում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից առաջարկած փաստահավաք առաքելության իրականացման համար, ուստի փորձերը դեռևս անարդյունավետ են:

«ՅՈՒՆԵՍԿՕ-ի այս առաքելությունը անհապաղ պետք է կյանքի կոչվի, հապաղելը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ տարածաշրջանի հայկական մշակույթի համար»,- ասում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի ներկայացուցիչ Գարեգին Համբարձումյանը:

Ամերիկյան կառավարությունը ևս պաշտոնապես արձանագրել է, որ հայկական մշակութային կոթողներում կան ադրբեջանական վանդալիզմի ապացույցներ: Միջազգային կրոնական ազատության հարցերով հանձնաժողովի զեկույցի Ադրբեջանին վերաբերող հատվածում հատուկ շեշտվում է, որ Ադրբեջանը երկու անգամ թիրախավորել է Ղազանչեցոցը: Այն որակվել է որպես պատերազմական հանցագործություն, որը պետք է պատժվի: 

Վտանգված պատմահնագիտական կոթողները և թանգարանները

Արցախը հայտնի է իր բազմաթիվ մշակութային կոթողներով, ամրոցներով ու թանգարաններով, և չնայած 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ պայմանավորվածության՝ Ադրբեջանը բացահայտ կերպով շարունակում է հայկական հոգևոր-մշակութային ժառանգության յուրացման, պղծման և ոչնչացման քաղաքականությունը: Նոր թափ է ստացել հայկական ժառանգությունը «ուդիական» հայտարարելու քաղաքականությունը: Մայր Աթոռի տեղեկատվական բաժնից հայտնում են, որ Ադրբեջանում ձևավորվել է տեղի և արտերկրի մասնագետներից կազմված «Աղվանական պատմության և ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ», որի առաքելությունն է աղվանական կրոնական տաճարներից հեռացնել «հայերի գրած կեղծ հետքերը» (Ադրբեջանի բնորոշումն է,- հեղ.):

Տիգրանակերտի հնավայրը

Պատմամշակութային շատ կարևոր հուշարձան է Տիգրանակերտի հնավայրը, որը հելլենիստական, ամրաշինական ու քաղաքաշինական առաջադեմ կառուցապատմամբ և շինարարական տեխնիկայով ստեղծված ընդարձակ մի բնակավայր է: Խորհրդային շրջանում Տիգրանակերտը գտնվում էր Աղդամի շրջանի տարածքում, որը ազատագրվել էր Արցախյան պատերազմի ժամանակ։ 2020 թ․ Արցախում հրադադարի մասին եռակողմ հայտարարության պայմաններով հնավայրն անցել է ադրբեջանական վերահսկողության տակ։ 2006 թվականին սկսվել էին Արցախի Տիգրանակերտի պեղումները։ Արդյունքում գտնվել և ուսումնասիրվել են քաղաքի միջնաբերդը, պարիսպները, քաղաքի կենտրոնական մասը և վաղ միջնադարյան բազիլիկ եկեղեցի։ Քաղաքը հիմնականում կառուցված է սպիտակ կրաքարով։ Յուրահատուկ է պարիսպների որմնաքարերի հանգույցների «ծիծեռնակապոչ» ձևը։ Պեղումներով բացվել են նաև քաղաքի վաղքրիստոնեական հրապարակը` երկու եկեղեցիներով, դամբարանով, տապանաբակով: Մի քանի հազարի հասնող հնագիտական գտածոների մեջ առանձնանում են շքեղ խեցեղեն անոթները, պարթևական դրամները, սասանյան կնիքները, 5-7-րդ դարերի հայերեն արձանագրությունները: Տիգրանակերտի հնավայրը, և ամբողջ պատմահնագիտական ժառանգությունը հայկական մշակույթի առանձնահատուկ օրինակներից էր: 

Հնագետ Համլետ Պետրոսյանը, անդրադառնալով Տիգրանակերտին, ասում է․«Ադրբեջանցի հնագետներից Խալիվը հոդված է գրել, որը վերնագրել է «Աղվանական Տիգրանակերտ», ինչն իրականում զավեշտ է։ Եթե աղվանական է, ինչո՞ւ պիտի Տիգրանակերտ կոչվի, և եթե Տիգրանակերտ է՝ ինչո՞ւ է աղվանական» : 

Թաղավարդի Բերդահոնջ ամրոց

Հուշարձանը Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում է, չորս կողմից առանձնացված ձվաձև լեռան վրա։ 44-օրյա պատերազմից հետո գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ: Նախքան պատերազմը՝ հուշարձանը կիսավեր վիճակում էր, բացակայում էին պատերի և աշտարակների որոշ հատվածներ։ 44-օրյա պատերազմի ընթացքում Թաղավարդ գյուղի շրջակայքում թեժ մարտեր են ընթացել։ Ինչպես պատերազմի ընթացքում, այնպես և դրանից հետո հուշարձանի վիճակի մասին որևէ տեղեկություն հայտնի չէ։  

Տողի «Մանչեն ճյուր» աղբյուրը

Այժմ Աղբյուրը գտնվում է Հադրութի շրջանում: Պատերազմի ընթացքում և հետո չի տուժել, որպես աղբյուր օգտագործվում է ադրբեջանցիների կողմից: 

Տահիսի կամուրջը

Կամուրջը կառուցված է Տահիս հին գյուղատեղիում։ Գտնվում էր լավ վիճակում և օգտագործվում էր։ 44-օրյա պատերազմի ընթացքում չի տուժել, սակայն հետպատերազմական ժամանակահատվածում, հաշվի առնելով Մեծ Թաղերի տարածքում Ադրբեջանի կողմից իրականացվող ճանապարհաշինարարական լայնածավալ աշխատանքները, որն ուղեկցվում է հայկական բնակավայրի իսպառ ոչնչացմամբ, չի բացառվում նաև հուշարձանի վնասվելը, որի մասին հստակ տեղեկություններ չկան։

Թանգարանները

44-օրյա պատերազմի ելքով պայմանավորված՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցան մի շարք պետական և ոչ պետական թանգարաններ: Միայն Շուշի քաղաքում գործում էր 4-ը, որոնցից ադրբեջանցիների ձեռքում են կերպարվեստինը, երկրաբանությանն ու մշակութայինը: Առգրավվել են նաև Ազոխի քարանձավի պեղումների ժամանակ հայտնաբերված հնագիտական նյութերը՝ 90 արկղ: 

Շուշիի գորգերի պետական թանգարանը հիմնադրվել է 2011թ-ի սեպտեմբերի 2-ին՝ Արցախի հանրապետության հռչակման խորհրդանշական օրը: Թանգարանի հավաքածուն ներառում էր հայտնի հայ գորգագործների հին գորգեր, որոնք բերվել են Հայաստանի և Արցախի տարբեր գյուղերից: 44-օրյա պատերազմի ժամանակ թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը կազմակերպել է Շուշիի գորգերի թանգարանի մշակութային արժեքների տարհանումը Երևան: Հաջողվել է տարհանել թանգարանի կարևոր նմուշ 160-ից ավելի գորգ և կարպետ, 30-ից ավելի խեցեգործական առարկաներ և իրեր։ Ներկայում, թանգարանի գորգերից 71-ը ցուցադրվում է Երևանում՝ Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում:

Շուշի քաղաքի պատմության թանգարանը բացվել է 1992թ-ի մայիսի 28-ին՝ փոխգնդապետ Եսայի Ղարամյանցի երկհարկանի առանձնատանը: Այստեղ ներկայացված է եղել պեղածո հարուստ հավաքածու, արհեստագործական իրեր, հնամենի կահույք և այլ իրեր: Երկրաբանական թանգարանում ցուցադրվել են հազվագյուտ տիպի ապարներ, ամենահինը 1 միլիարդ 200 միլիոն տարեկան է: Թանգարանի հավաքածուում կա 400 նմուշ՝ 48 պետություններից և Ռուսաստանի 20 երկրամասից:

Կերպարվեստի թանգարանի հավաքածուն կազմված է բացառապես նվիրատվություններից: Ներկայացված նկարների մեջ հատուկ տեղ են զբաղեցնում Արցախի նկարիչների գեղանկարները:

Օկուպացվել է նաև Տիգրանակերտի թանգարանը, և այս քաղաքում գտնվող բազմաթիվ այլ մշակութային կոթողներ: Թանգարանի 3 սրահներում ներկայացված էին ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախմբի պեղումներով հայտնաբերած մ.թ.ա. V դարի գտածոներ։ 

Ազոխի քարանձավ

Ազոխն աշխարհի հնագույն բնակավայրերից է, այդ մասին են փաստում Ազոխի քարանձավի ուսումնասիրությունները։ Քարանձավը գտնվում է գյուղից 700 մետր հեռավորության վրա․ այն թվագրվում է մ․թ․ա․ 300-50 հազար թթ-ի։ Կրաքարե այս քարանձավը ունի շուրջ 8000 քառ. մետր մակերես, և պարունակում է ութ լայն այրերով, 600 մ երկարությամբ խճճված անցքեր։ Այն տարածաշրջանի հնագիտության և հնէաբանության կարևոր հնավայրերից է, որով հնարավոր էր ուսումնասիրել նախնադարի մարդկանց տեղաշարժերը Հայկական լեռնաշխարհով։ Ազոխի քարանձավը կարևոր հնագիտական վայր է, որը նաև նշանակալի է մարդու էվոլյուցիայի, հնամարդաբանական ուսումնասիրություններում։ Ազոխի քարանձավն աշխարհագրորեն տեղակայված է բնական միջանցքում, որով հնագույն մարդիկ և մյուս կենդանի արարածները գաղթել են Աֆրիկայից դեպի Եվրոպա։ Այն վկայություն է, որ ժամանակակից մարդիկ և նրանց նախնիները բնակվել են կովկասյան տարածաշրջանում, փաստվում է չորս տարածքներից, այդ թվում և Ազոխի քարանձավից հայտնաբերված մնացորդներով։

Գյուղում կան մի շարք պատմամշակութային հուշարձաններ․ գյուղից 1 կմ հարավ-արևելք գտնվող ու 13-րդ դարով թվագրվող «Ծիլտախաչ» կամուրջը, 17-րդ դարում կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին, 10-19-րդ դարերով թվագրվող պատմական գերեզմանոցը։ Գյուղի շրջակայքում են գտնվում Ամարխաթունի վանքը, Ցիցքար բերդը, Մելիք Սագամի պարիսպը։ Ազոխի տարածքում են «Վերին», «Մեծ», «Մալլուլուվա», «Գետին» և «Միշկերակա» աղբյուրները։ 

Եկեղեցիներն ու վանքերը

Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել հայկական մշակութային բարձրագույն նմուշներ համարվող եկեղեցիներ ու վանքեր: Մշակութային ցեղասպանության Ադրբեջանն անում է, հատկապես, եկեղեցիների դեպքում: Պատերազմի ընթացքում և ավարտից հետո բազմաթիվ տեսանյութեր են տարածվել ադրբեջանական ծագման կայքերում, որտեղ ադրբեջանցի զինվորականները վնասում են, պղծում ու ոչնչացնում հայկական եկեղեցիներն ու խաչքարերը։

Միայն Հադրութի շրջանի հայկական եկեղեցիներն են․

1. Գտչավանք (4-13-րդ դար)  

2. Դիզափայտի Կատարո վանք (5-րդ դար)  

3. Օխտր դռնե վանք (7-17-րդ դար), գ. Մոխրենիս 

4. Սբ. Ամենափրկիչ (9-րդ դար), գ. Ցոր 

5. Սպիտակ խաչ վանք (10-րդ դար) գ. Վանք 

6. Սբ. Հարություն (1621), ք. Հադրութ  

7. Կավաքավանք (14-րդ դար)  

8. Ծազկավանքի Սբ. Աստվածածին (1682), գ. Ծակուռի 

9. Սբ. Հովհաննես Մկրտիչ (1736), գ. Տող  

10. Սբ Ամենափրկիչ (19-րդ դար), գ .Կարմրակուճ  

11. Սբ Աստվածածին (19-րդ դար), գ. Քարագլուխ Սբ Աստվածածին (1907), գ. Առաքել 

12. Սբ Աստվածածին (19-րդ դար), գ. Առաքել 

13.Սբ Հովհաննես Մկրտիչ (2013), գ. Քարագլուխ Բերդաքաղաք Շուշիում ևս օկուպացնել են Արցախի և Հայաստանի համար մեծ արժեք ունեցող եկեղեցիներ ու

վանքեր: 

Սբ. Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի

Շուշի քաղաքի Ղազանչեցոց եկեղեցին հայ-առաքելական եկեղեցու Արցախի թեմի կենտրոնն էր: Պատերազմի ընթացքում մի քանի անգամ նշանառվել և ռմբակոծվել է: 

Այժմ եկեղեցում ադրբեջանցիները կատարում են վերանորոգման աշխատանքներ: Անդրադառնալով դրան՝ հնագետ Համլետ Պետրոսյանը նշում է. «Ղազանչեցոցի գմբեթի վեղարը հեռացրել են և դարձնելով կլոր, փորձում են այն նմանեցնել որոշ ռուսական Ուղղափառ եկեղեցիներին, բայց որևէ փաստ, որ այդ եկեղեցին այդպես է եղել կամ գոնե մեկ անգամ ծառայել է որպես ռուսական եկեղեցի, գոյություն չունի. սա կոչվում է ռևիզիոնիզմ, բռնայուրացում, վանդալիզմ»:  

Դադիվանք

Արցախի ամենահռչակավոր հուշարձաններից մեկը՝ Դադիվանքը, խորհրդային շրջանում եղել է ոչ թե Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) կազմում, այլ խորհրդային Ադրբեջանի Քելբաջարի շրջանում։ Եռակողմ հայտարարությունից հետո անորոշություն կար, թե ում վերահսկողության տակ է այն մնալու։ Եկեղեցում շարունակում է ծառայություն մատուցել վեց հայ հոգևորական, անգամ պատերազմից հետո այնտեղ պսակադրություն է տեղի ունեցել:  

Ամարասի վանք

Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի մոտակայքում գտնվող հռչակավոր Ամարասի վանքի կարգավիճակը երկար ժամանակ անորոշ էր: Միաժամանակ վանքի պարիսպի վրա բարձրացված էր Ռուսաստանի դրոշը։ Ադրբեջանական դիրքերը Ամարասից առավելագույնը մեկ կիլոմետրի վրա են տեղակայված։ Հայ ուխտավորները շարունակում են այցելել այս վանքը՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ: 

Շուշիի Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Կանաչ ժամ)

Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կամ Կանաչ ժամը գտնվում է Շուշի քաղաքում՝ սարահարթի արևմտյան հատվածում, որտեղից տեսանելի է քաղաքի ամբողջ համայնապատկերը: Այն դիտվում է քաղաքի գրեթե բոլոր բնակելի թաղամասերից և այս հատվածի ծավալային դոմինանտն է: 2020 թվականի պատերազմից անմիջապես հետո Կանաչ ժամը պայթեցվել է: Վնասված են գմբեթն ու զանգակատունը: Այսօր ադրբեջանցիներն անհիմն հերքելով եկեղեցու հայկական պատկանելիությունը և «չընդունելով» նախկինում կատարված վերանորոգումները՝ ձեռնամուխ են եղել կառույցը՝ որպես ռուսական եկեղեցի «վերափոխելու» աշխատանքներին: 

Հնավայրերի և կոթողների մասին տեղեկությունները monumentwatch.org կայքից են: 

Աննա Հակոբյան, Անժելա Հակոբյան
2-րդ կուրս 

Կիսվել