Պատերազմի էությունը գրքային չէ

Պատերազմի էությունը գրքային չէ

503

-Բո՛կ, կմտածեի՞ր, որ մի օր դասընկերուհիդ քո մասին կգրի։

-Անկեղծ ասած՝ չէ։

-Իսկ բանակ գնալիս մտածու՞մ էիր, որ պատերազմի կմասնակցես։

-Միշտ մտածել եմ, որ զենքով հարց լուծելու դարը անցել ա, վստահ էի, որ խաղաղ ճանապարհով տարաձայնությունները կհարթվեն, բայց ժամանակը ցույց տվեց, որ որոշ ազգերի մոտ պատերազմը ամենահարմար ու ճիշտ ճանապարհն ա։ Հիմա հստակ կարող եմ ասել, որ պատերազմն ու բախումները շարունակական բնույթ կունենան։

Վեց տարի տևած դադարից հետո առաջին անգամ դասընկերոջս հետ հանդիպումը տեղի ունեցավ պատերազմից հետո։ Դպրոցն ավարտելու ժամանակ չէինք խոստացել, որ անպայման կհանդիպենք, բայց պատրազմի պատճառով, թե շնորհիվ  (չեմ կարող հստակ ասել) բոլորով հանդիպեցինք ու շատ ուրախ էինք, որ բացականեր չունեինք։

Բորիսը ծառայության մեջ էր, երբ սկսվեց պատերզամը։ Չայած սպաներն անդադար պատրաստում էին պատերազմի, բայց լիարժեք պատկերացում չունեին։ «Հոգեպես լիարժեք պատրաստ չէինք պատերազմին։ Ինչքան էլ գիտակցես, որ հա, պատերազմ ա, ու անխուսափելի են կորուստները, բայց մեկ ա յուրաքանչյուրի կորուստը ցավա ու շատ դժվար ա հաղթահարել։ Պատերազմ չտեսած մարդը, ինչքան էլ անվախ ու հայրենասեր լինի, մինչև վերջ չի կարող պատրաստ լինել։ Պատերազմի մասին պատկերացումներ կունենան են մարդիկ, որոնք իրոք եղել են կռվի դաշտում, կռվել են, ունեցել են կորուստներ։ Ինչքան էլ գրքերից կարդացած լինենք, պատերազմի էությունը հասկանալ չենք կարող․պատերազմը լրիվ ուրիշ բան ա»։

Պատերազմից ու մարտական դրությունից Բորիսը շատ չէր խոսում, միայն պատմում էր պատերազմի ժամանակ ընկերների կարևորության ու իրար հանդեպ սրտացավ լինելու մասին ։ «Ծառայության ժամանակ, երբ ամեն բան խաղաղ էր, սպաները շատ էին խոսում պատերազմի մասին, հետևանքների մասին, բայց բոլորս էլ վստահ էինք, որ այդ ամենն արվում էր իրար հանդեպ հարգանքի պահպանման ու սրտացավության համար։ Շատ էին սովորեցնում ու ասում, որ կարգուկանոնը ամենակարևոր բանն ա բանակում։ Մենք հստակ գիտեինք, որ իրար հանդեպ պետք ա լավ լինենք։ Էս ամենը հիմնականում ասում էին պատերազմին շատ մոտ կանգնած մարդիկ, որոնք գիտեին մարտական ընկերոջ կարևորությունը։ Ցավոք, պատերազմի ընթացքում շատ մարտական ընկերներ կորցրինք ու շատ բան հասկացնք»։

Բորիսն ասաց, որ բնավորությունը շատ չի փոխվել, միայն աշխարհայացն է ավելի մեծացել. «Բանակ գնալուց առաջ Աստծուն էտքան էլ չեմ հավատացել, բայց գնալուս օրը կինս փոքրիկ խաչ էր տվել։ Խաչը միշտ ինձ մոտ էր, որովհետև շատ կարևոր մարդու կողմից էր նվերը։ Պատերազմի ընթացքում կորցրել էի, հույս չունեի, որ կգտնեմ, հետո ինչ-որ կերպ շատ ուրիշ տեղից հայտնվեց։ Պատերազմի ժամանակ վիրավորում էի ստացել, գրեթե ոչինչ չէի գիտակցում։ Երբ պարկած էի ու արդեն համազգեստս հանել էին, որ տանեին, չգիտեմ ոնց էտ պահին հիշեցի ու ասեցի ՝ «թևիս գրպանում բան կա, անպայման հանեք ու տվեք»։ Մինչև հիմա խաչը դրամապանակին մեջ ա, կնոջս նկարի կողքին»։

Բորիսը վիրավորում ստանալու մասին գրեթե ոչինչ չպատմեց, իսկ մայրը՝ տիկին Հռիփսիմեն, ասաց, որ աչքալուսանքով է իմացել։  «Շատ լարված էինք, ամեն պահ զանգի էինք սպասում․ մի քանի օրը մեկ էինք խոսում։ Խոհանոցում սմբուկ էի տապակում, տեգորս կինը զանգեց ու ասեց, աչքդ լույս, տեղեդ հոսպիտալում ա, աչքն ա վնասվել։ Ես շատ սառը ընդունեցի  լուրը։ Նույն տոնայնությամբ զանգեցի  տղայիս ընտրյալին, աչքալուսանք տվեցի ու շարունակեցի սմբուկը տապակել։ Հիմա եմ հասկանում, որ էտ պահին իրականությունից կտրված էի, ու չէի գիտակցում, թե ինչ է կատարվում։

Հանդիպման վերջում Բորիսն ասաց, որ անհրաժեշտության ու հնարավորության դեպքում նորից կգնա սահման ու նորից կպայքարի հարազատների ու ընկերների կյանքի համար։

Աննա Ասմանգուլյան

4-րդ կուրս

Կիսվել