Համալսարանի ճամփան դժվար է, երկար շատերի համար

Համալսարանի ճամփան դժվար է, երկար շատերի համար

742

Ուսանողական կյանքը հաճելի ու հետաքրքիր է, բայց ունի նաև դժվարություններ։ Հատկապես այն ուսանողների համար, որոնք մասնագիտություն ձեռք բերելու նպատակով մարզերից հասնում են Երևան։ Շատերը տարբեր պատճառներով նախընտրում են ամեն օր կտրել երկար ճանապարհ ու հասնել դասի, շատերը մի որոշ շրջան ապրում են հարազատների տանը, շատերն էլ բնակարան են վարձում։  

Իմ հերոսուհիներից Էմիլյան սովորում է Երևանի պետական համալսարանի  Ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ Ապրում է ծնողներից հեռու, քրոջ հետ, տուն էլ գնում է շատ հազվադեպ։ Դասերը շատ են, իսկ շաբաթ-կիրակիները չեն բավականացնում կարոտն առնելու համար։

«Մեր գյուղը Երևանից հեռու է, մոտ չորս – չորս ու կես ժամվա ճանապարհ է, այդ պատճառով այստեղ տուն ենք վարձել։ Քրոջս հետ ապրելը փոքր-ինչ կոտրում է կարոտը, քանի որ հարազատ մարդ կա կողքիս։ Ամենամեծ խնդիրը կարոտն է հարազատներիս նկատմամբ, որը շատ հաճախ լրացնել չի լինում։ Հատկապես երբ քննությունների շրջան է լինում, չեմ կարողանում գնալ գյուղ։ Բայց ամեն հարմար առիթ օգտագործում եմ ծնողներիս կողքին թեկուզ մի քանի ժամ լինելու համար»,-նշում է Էմիլյան։

Ֆինանսական խնդիրներից չի բողոքում։ Համալսարանում սովորում է անվճար։ Միայն տան վարձն է ու առօրյա ծախսերը։ Աշխատելուն, սակայն, դեմ չէր լինի․«Դեռևս չեմ աշխատում, բայց շատ եմ ցանկանում աշխատել։ Հարմար աշխատանք գտնելու դեպքում հնարավորությունը բաց չեմ թողնի, որ ծնողներիս հոգսը մի փոքր թեթևացնեմ»։

Համալսարանից հետո տան գործեր, դասեր։ Սկզբում, խոստովանում է ` դժվար է եղել տան գործերը դասերի հետ հասցնելը։  Հիմա տան մաքրությունն ապահովելը սովորական բան է դարձել։

Հարցին` արդյո՞ք հետաքրքրվել է հանրակացարանների պայմաններով, պատասխանում է․  «Մեր հասարակության մեջ օդում կախված վատ կարծիքներ կան հանրակացարանների մասին, այդ պատճառով հայրս դեմ է, որ ես ապրեմ հանրակացարանում»։  

Իմ մյուս հերոսուհի Ալյոնան երկրորդ կուրսում է սովորում և շուտով կլինի երկու տարի, ինչ ապրում է Երևանում ընկերուհիների հետ։ «Մենակ չեմ, բայց դե ընտանիքն ուրիշ է, – ասում է․ – ծնողների բացը ոչ ոք չի կարողանում լրացնել։ Համալսարանին զուգահեռ սովորում եմ Արմենիա հեռուստաընկերության հաղորդավարական դպրոցում ու չեմ հասցնում տուն գնալ»։  

Ալյոնան հիմա ապրում է տնից 186 կիլոմետր հեռավորության վրա։ Բայց հնարավորություն ունենալու դեպքում ճանապարհը շատ կարճ է թվում տուն հասնելու համար։ Պատմում է, որ ամենադժվարը հարմար վարձով տուն գտնելն էր։ Բացի դրանից, պետք էր գտնել այնպիսի մարդկանց, որոնց հետ ապրելը հաճելի կլիներ։ Ուրախ է, որ գտել է ընկերուհիներ։

«Մոտ երկու ամիս չէի գնացել գյուղ, որովհետև երթուղայինի խնդիր կար։ Օրը երկու անգամ է գնում, ժամերն էլ մի քանի ժամով գնալ-գալու համար հարմար չեն։ Միայն վիդեոտարբերակներով եմ շփվում ընտանիքիս անդամների հետ», – նշում է աղջիկը։

Ալյոնան անկեղծանում  է, որ ֆինանսապես շատ դժվար է։ Ե՛վ համալսարանի վարձ, և՛ տան վարձ, գումարած այլ ծախսեր․  «Եղել են ամիսներ, որ տանը մեկ կամ երկու հոգով ենք մնացել, ու ստիպված վարձի ամբողջ գումարն ենք տվել։ Շատ դժվար է այս ամենը, բայց երբ ունենում  ես նպատակներ, պետք է ունենաս կամքի ուժ ու հասնես քո նպատակին, ինչ գնով էլ որ լինի»։

Անահիտ Ղազարյանը ո՛չ վարձով է բնակվում, ո՛չ էլ հանրակացարանում։ Նա ամեն օր 120 կիլոմետր գնում-գալիս է Ապարանից Երևան։ Տուն վարձելու մասին խոսակցություններ եղել են տանը։ Բայց հետո հասկացել են, որ ֆինանսական տեսանկյունից ավելի ձեռնտու է գալ-գնալը, քանի որ վարձով մնալու դեպքում տան վարձին ավելանալու են սնունդը, առօրյա ծախսերը, ինտերնետի հարցը, կոմունալ վճարումները և ալյն։

Նշում է, որ սկզբում շատ դժվար է եղել երկու կամ երեք երթուղային փոխելը Երևան հասնելու համար, բայց հիմա այդ խնդիրը լուծվել է։ Մի քանի շաբաթ է` Ապարան քաղաքի ուսանողները Երևան են գալիս ուսանողական ավտոբուսներով։ «Ճանապարհը երկար է, բայց փորձում եմ արդյունավետ օգտագործել։ Փորձում եմ նյութեր գրել, զրուցակիցներիս հետ պայմանավորվել, քանի որ սովորում եմ ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ Կամ էլ լինում են դեպքեր, որ այնքան հոգնած եմ լինում, որ ճանապարհն օգտագործում եմ հանգստանալու համար», – պատմում է Անահիտը։

Հանրակացարանում ապրելու մասին չեն մտածել, քանի որ  հանրակացարանների մասին հասարակական կարծիքը թույլ չի տալիս մնալ այդտեղ։

Ուսանողական կյանքը հաճելի ու հետաքրքիր է։ Բայց դրա հետ մեկտեղ ունի նաև դժվարություններ։ Հատկապես այն ուսանողների համար, որոնք մարզերից են հասնում Երևան՝ մասնագիտություն ձեռք բերելու նպատակով։

Օֆելյա Հարությունյան

2-րդ կուրս

Կիսվել