«Մաքրություն անելը» կամ ուղղակի մեդիագրագիտության կարևորւթյունը

«Մաքրություն անելը» կամ ուղղակի մեդիագրագիտության կարևորւթյունը

552

Մա’մ, դե՜ լավ էլի, հազար անգամ ասել եմ, չէ՞, այսպիսի նյութերով մի՛ կիսվիր:

-Մա´մ, չե՞ս հիշում, անցած անգամ եմ զգուշացրել, որ էս կայքից լուրեր չկարդաս:

Մոտավորապես նման խոսակցություն ենք ունենում, երբ ձեռքս ընկնում է մայրիկիս հեռախոսը կամ էլ ազատ ժամանակ եմ ունենում: Նման դեպքերում պարտքս եմ համարում «մաքրություն անելը»:

Ասածս ընկալելի չէր լինի, եթե վստահ չլինեի, որ շատերն են ծանոթ այս երևույթին:

Մեդիան ու դրա տված ինֆորմացիան կառավարելը հեշտ կարող է թվալ, բայց ամենևին էլ այդպես չէ: Ստանալ, մշակել, տարածել ինֆորմացիան կարող են բոլորը, բայց ոչ բոլորն են կարող այդ ամբողջը անել ճիշտ ձևով: Տեղեկատվական առաջընթացը հեշտացրել է մեր կյանքը, դարձրել մեր գործողություններն ավելի արագ:

Ամեն անգամ դասերի ժամանակ շատ տարբեր դասախոսներից եմ լսում. «Ձեր բախտը բերել է. նյութը միանգամից համակարգչով կամ հեռախոսով եք բերում, իսկ մենք ստիպված էինք կա՛մ տպել, կա՛մ ձեռագիր գրված բերել»: Բայց որքանո՞վ է «մեր բախտը բերած տարբերակն» անվտանգ: Այս ամբողջ լավ կողմերի ու առաջընթացի հետ զուգընթաց գնում են դրա բացասական կողմերը:

Հայկական մեդիադաշտում այսօր էլ ավելի են զարգացել ու նոր մակարդակի մեջ մտել տեղեկատվական պատերազմները: Դրանից բացի՝ մի շարք հարթակներում կեղծ լուրերը ճիշտ լուրերից տարբերելը դարձել է մեծ խնդիր: Ի՞նչ անել կամ ինչպե՞ս պայքարել այս ամենի դեմ: Եթե կար ժամանակ, որ այս հարցերին պատասխանելը դժվար էր, ապա հիմա ընդամենը մի քանի րոպե տրամադրելով՝ կարելի է գտնել բազմաթիվ դասընթացներ, միջոցառումներ այս թեմայի վերաբերյալ: Ոչ ֆորմալ ձևով կարելի է շատ բան իմանալ տեղեկատվական պատերազմների, կիբերանվատնգության, կիբերահրձակումների, դրանցից պաշտպանվելու մասին:

Առաջին բանը, որ այս ամենի հետ կկապեն մեզնից շատերը, մեդիագրագիտության ցածր մակարդակն է: Այն, իսկապես, առաջ է բերում տարբեր խնդիրներ: Անգամ ուշադի մարդիկ ոչ մեդիագրագետ լինելու դեպքում կարող են խաբվել շատ տարբեր նորություններ կարդալիս՝ սկսած շոուբիզնեսից մինչև քաղաքական լուրջ տեղեկություններ: Նման դեպքում էլ ուղղակի պետք է ասենք, որ այս ժամանակաշրջանում անհատին համացանցից ճիշտ օգտվել ու ինֆորմացիան ճիշտ կիառել պետք է սկսել սովորեցնել վաղ տարիքից:

Իսկ ինչպե՞ս են համացանցից օգտվում երեխաները: Երեխաներին բացատրելը, սովորեցնելը և հասկացնելը համեմատաբար ավելի հեշտ է, բայց չունենալով նման տեղեկացվածության մակարդակ՝ երեխաների մեծ մասը կարող է չհասկանալ շատ կայքերի բնույթը, բացել իրեն եկած նամակները, որոնցից մեծ մասի պարագայում պետք չէ անգամ բացելու կոճակը սեղմել: Շատ դեպքերում երեխաների մոտ գալիս է այնպիսի պահ, երբ փորձում ես անգամ բացատրել, սակայն երեխան չի ուզում ընդունել քո ասածը:

Տեղեկատվական դաշտն ավելի «փնթի» են դարձնում տարիքով մարդիկ: Գրանցվելով սոցցանցերում՝ նրանց հիմնական նպատակը ժամանակ անցկացնելն է, բազմաբնույթ տեսանյութեր դիտելը կամ ավելի արագ ձևով նորություններին ծանոթանալը: Բայց որոշ դեպքերում ստացվում է թվարկված տարբերակների հակապատկերը: Շատ խաղեր, ծառայություններ, կայքեր, որոնք առաջարկվում են սոցցանցերում, օգտատերերին խոցելի են դարձնում:

Մեզնից շատերն այսօր ձեռքի տակ ունեն բջջային հեռախոսներ, համակարգիչներ և վիրուսային ծրագրերից, կիբերհարձակումներից, ֆիշինգից խուսափելը շատ դժվար է: Միևնույն ժամանակ հեշտ է պահպանել անվտանգության կանոնները, եթե մարդը մեդիագրագետ է, կարողանում է ուշադիր կարդալ ինֆորմացիան, տարբերել մեդիաաղբը և, որ ամենակարևորն է, լինել զգոն:

Անի Հակոբյան

2-րդ կուրս

Կիսվել