Փոքր քաղաքները միշտ յուրահատուկ կոլորիտ են ունեցել։ Բոլորը իրար ճանաչում են, ծանոթ կամ բարեկամ են։ Եթե պատերազմից հետո շրջեք նման քաղաքներից մեկում, ամեն բակում մի վառվող լույս կնկատեք։
Կապանն ապրում էր իր բնականոն կյանքով։ Պատերազմը խլեց քաղաքում մեզ հանդիպող տղաների կյանքը, որոնց թեկուզ չէինք էլ ճանաչում, բայց դեմքով էլ հո՞ գիտեինք։ Նրանցից մեկը Գառնիկ Խլղաթյանն էր։ Հերոսը 19 տարեկան էր և ծառայում էր Քարվաճառում։ Հետախույզ էր և օրինակելի զինվոր։ Պատերազմի առաջին օրը եղել էր իրեն վստահված դիրքում, որտեղ էլ հենց անմահացել էր։
Նա սովորում էր Կապանի բժշկական քոլեջի չորրորդ կուրսում։ Մանուկ հասակում ապրել էր նաև Արցախում։ Տան միակ զավակն էր։ Մայրը երկարամյա բուժքույր էր Ջաբրաիլի զորամասում։ Հենց նա էր որդու մեջ արթնացրել սերն առ բժշկություն։
Գառնիկենց տուն այցելելիս զգում ես նրա շունչը. տան ամեն մի անկյունը հիշեցնում է նրան ու լցված է նրանով։ Շարված են Գառնիկի նկարները, որոնց մեջ նա ժպտում, հանգստություն է հաղորդում իր տանն ու հարազատներին։ Տատիկն ու մայրը ամեն օր զրուցում են իրենց Գառնիկի հետ, չեն համակերպվում կատարվածի հետ։ Տատիկն ու մայրը մտածում են, ուր որ է Գառնիկը տուն է գալու, ուղղակի իր սովորության համաձայն ուշանում է։
Գառնիկի տատիկը՝ տիկին Մայան, կարոտով հիշում է այն օրերը, երբ նրանք դեռ Արցախում էին ապրում՝ Ջաբրաիլում։ Կարոտում է այն ուրախ ու անհոգ օրերը, որոնք ապրել են միասին։ Ասում է՝ շատ մտերիմ են եղել ինքն ու Գառնիկը, միշտ միասին են եղել, օրվա անբաժան մասն է կազմել Գառնիկը։ Հիմա կյանքը կանգ է առել առանց նրա։
Մայրն ասում է, որ որդին երբեք ոչնչից չի բողոքել.
-Ասում էի` Գառնիկ ջան, հաց կերե՞լ ես, ասում էր՝ մամ ջան, կարևորը սև կոֆեն ու սիգարետը կա։
Տիկին Սուսանան նաև հիշում է, որ Գառնիկը բակի երեխաներին միշտ տուն էր կանչում, բոլորին կոնֆետ էր տալիս ու շատ էր ուրախանում դրանից։
Գառնիկը ոգևորությամբ է մեկնել ծառայության ու միշտ փորձել է լավագույնս դրսևորել իրեն։ Շատ նպատակներ ուներ. ցանկանում էր վերադառնալուց հետո վերանորոգել իրենց տունը։ Սակայն հերոսի անկատար մնացած երազանքներից մեկը կատարել են իր ընկերները։ Մայրը պատմում է, որ ընկերները մեկ մարդու պես օգնել են շատ կարճ ժամանակահատվածում վերանորոգել բնակարանը։
Հերոսն ապրել է 20 գարուն ու հասցրել է սիրվել բոլորի կողմից։ Գառնիկը ընկերական շրջապատի համն ու հոտն է եղել, միշտ օգնել է բոլորին։ Ընկերները կարոտում են հերոսին, շատ են զգում նրա կարիքը։
Գառնիկ Խլղաթյանը մեկն է այն երիտասարդներից, որոնք զոհեցին իրենց կյանքը հանուն մեզ ու հանուն մեր ապագայի։ Մենք պիտի փորձենք արժանվույնս ապրել նրանց կիսատ թողած կյանքը. մեր մեջ այնքան կիսատ մնացած կյանքեր են ապրում…
Ռուզաննա Ստեփանյան
2-րդ կուրս