Ռոնալդուի և հավաքականի խոչընդոտներով լի ուղին դեպի Քաթար 2022

Ռոնալդուի և հավաքականի խոչընդոտներով լի ուղին դեպի Քաթար 2022

520

Կրիշտիանու Ռոնալդուի և Պորտուգալիայի հավաքականի ուղին աշխարհի առաջնության որակավորման փուլում հարթ չէր։ Սերբիայի, Լյուքսեմբուրգի, Իռլանդիայի և Ադրբեջանի հավաքականների հետ ընդգրկված լինելով նույն խմբում՝ Պորտուգալիայի հավաքականը, կարծես թե, հաղթահարում էր այս խմբային փուլի արգելքը (խմբից միայն առաջին հորիզոնականը գրաված հավաքականը կարող էր մասնակցել Քաթար 2022-ին, իսկ երկրորդ հորիզոնականը զբաղեցրածը հնարավորություն էր ստանում հաղթահարել որակավորման Play-off փուլը)։

Այս խմբում Պորտուգալիայի գլխավոր մրցակիցը Սերբիայի հավաքականն էր, որի դեմ հանդիպումը հակասական տրամադրություններ առաջացրեց երկրպագուների մոտ։ Խաղն ավարտվեց ոչ ոքի, սակայն կհաղթեր Պորտուգալիան, եթե մրցավարը հաշվեր Ռոնալդուի գոլը։ Գնդակը հատել էր դարպասի գիծը՝ մինչ մրցակցի պաշտպանը կհեռացներ այն, բայց գլխավոր մրցավարը չնկատեց դա և գոլը չհաշվեց։ Ի պատասխան դրան՝ Ռոնալդուն նետեց իր ավագի թևկապը։

Խաղերի հետագա ընթացքը ցույց տվեց, որ մրցավարի չհաշված գոլը ճակատագրական եղավ Պորտուգալիայի հավաքականի համար։ Սերբիան խմբում գրավեց առաջին հորիզոնականը՝ հնարավորություն ստանալով մասնակցել աշխարհի 2022 թվականի առաջնությանը, իսկ Պորտուգալիան պետք է կիկին անցներ որակավորման փուլ։ Ըստ վիճակահանության՝ պորտուգալացիներին բաժին հասավ Թուքիայի հավաքականը, որին հաղթելու դեպքում պետք է մրցեին Իտալիա-Հյուսիսային Մակեդոնիա զույգի հաղթողի հետ։ Այս աշխարհի առաջնությունը Կրիշտիանու Ռոնալդուի համար կարող էր լինել վերջինը, իսկ նրա մասնակցությունը պարզ կդառնար այս որակավորման փուլը հաղթահարելուց հետո։

Եվրոպայի 2016 թվականի չեմպիոնները մարտական էին տրամադրված աշխարհի առաջնություն տանող ուղեգիրը նվաճելու հարցում։ Թիմի ավագ, Ոսկե գնադկի 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն նախախաղային ասուլիսում ասաց. «Չեմ պատկերացնում աշխարհի առաջնությունն առանց Պորտուգալիայի հավաքականի։ Մենք արժանի ենք դրան»։

Թիմի մոտիվացիայի աղբյուրը հենց Ռոնալդուն է, նրա ներկայությունը խաղադաշտում արդեն իսկ թիմակիցներին ոգեշնչում է։ Թուրքիայի դեմ հանդիպումն ավարտվեց Պարտուգալիայի հաղթանակով՝ 3։1 հաշվով։ Եվս մեկ հաղթանակ և աշխարհի առաջնությանը մասնակցությունն արդեն իրականություն էր։ Վերջին՝ վճռորոշ փուլում, աշխարհի քառակի չեմպիոն Իտալիային անակնկալ պարտության մատնած Հյուսիսային Մակեդոնիան բաժին հասավ պորտուգալացիներին։ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի մոտ չստացվեց ևս մեկ անգամ ապշեցնել ֆուտբոլային աշխարհին. Պորտուգալիայի հավաքականը ցույց տվեց իր բարձր կարգը և 2։0 հաշվով հաղթեց։

Պորտուգալիայի հավաքականը վաստակեց այդքան բաղձալի ուղեգիրը, իսկ Սերբիայի դեմ խաղի ժամանակ Ռոնալդուի նետած ավագի թևկապը վաճառվեց 75,000 դոլարով, և այդ գումարը տրամադրվեց ողնաշարի մկանային ատրոֆիայով հիվանդ 6 ամսական երեխայի բուժմանը։

Ապրիլի 1-ին տեղի ունեցավ աշխարհի առաջնության խմբային փուլի վիճակահանությունը, որի արդյունքում Պորտուգալիան հայտնվեց H խմբում՝ Գանայի, Ուրուգվայի և Հարավային Կորեայի հետ։ Այս խումբն այնքան էլ բարդ խումբ չէ։ Հիմնական պայքարն ընթանալու է Պորտուգալիայի և Ուրուգվայի միջև՝ չնայած նախորդ աշխարհի առաջնության ժամանակ գործող չեմպիոն Գերմանիային հաղթած Կորեան այս անգամ ևս կարող է անկանկալներ մատուցել։

Մրցավարի չհաշված գոլը, թիմի կարևոր խաղացողների վնասվածքներն ու բազում խոչընդոտները չխանգարեցին Ռոնալդուին իր հավաքականի հետ հասնել Քաթար 2022, իսկ ամենադիտարժանն ու սպասվածն առջևում է. խաղը կկայանա նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ն ընկած ժամանակահատվածում։

Արուսյակ Եղիազարյան

2-րդ կուրս

Կիսվել