Հայաստանը սուրճ աճեցնելու համար բարենպաստ բնակլիմայական պայմաններ ունեցող երկիր չէ, բայց հարմար է սուրճի վերամշակման ու արտադրության համար։ Սուրճի սպառման ծավալները Հայաստանում բավական մեծ թիվ են կազմում։ Այդ ամենով պայմանավորված՝ հայկական շուկայում ավելացել են սուրճ արտադրող և վերամշակող ընկերությունները, որոնք պարբերաբար ավելացնում են իրենց արտադրած սուրճի տեսականին։
Հայաստանում սուրճ արտադրող մի քանի ընկերությունների հետ զրուցել ենք, թե ինչ սուրճի տեսակներ են վերամշակում և ինչպես է իրականանում այդ գործընթացը։
Դիլիջանում գործող Caffeine Coffee Roasters ընկերությունը ներկրում է specialty դասի արաբիկա տեսակի սուրճ, ավելի կոնկրետ՝ սուրճի կանաչ հատիկներ, որոնք ծագմամբ տարբեր երկրներից ու տարբեր պլանտացիաներից են։
«Մեր բուն արտադրական պրոցեսը սուրճի կանաչ հատիկները բովելն է։ Բովում ենք շաբաթը 1 օր, միայն նախնական պատվերի հիման վրա, որպեսզի հատիկը հնարավորինս թարմ վիճակում հասնի վերջնական սպառողին։ Բովելուց առաջ բոլոր հատիկները մանրակրկտորեն զննվում են մեր արտադրամասում, հեռացվում են վնասվածները, որից հետո սուրճը պատրաստ է լինում բովելուն»,- ասել է Caffeine Coffee Roasters-ի համահիմնադիր Մարիամ Սինանյանը։
Բոված սուրճը նախքան սպառողին հասնելը փաթեթավորվում է կա՛մ ամբողջական հատիկների տեսքով, կա՛մ էլ աղում են՝ ըստ համապատասխան սարքի խոշորության։
Հայաստանում սուրճ արտադրող ընկերություններից «Ռոյալ Արմենիա» ընկերությունը ներկայացնում է արաբիկայի և ռոբուստայի ընտրյալ հատիկներից ստացված աղացած սուրճ։ Ընկերության գովազդային բաժնի ղեկավար Միսակ Կրկյաշարյանն ասաց, որ շուկա են մատակարարում միայն սուրճի թարմ բոված հատիկներ, քանի որ հենց այսպիսի սուրճն է տալիս թարմության և առույգության զգացում: Սուրճի տուփերը փաթեթավորվում են միակողմանի փականով՝ ժամանակակից փաթեթավորմամբ, ինչը սուրճը թարմ վիճակում է պահում տուփի մեջ։
Հայաստանը ներկրում է սուրճ և այն արտահանում երկու անգամ թանկ գնով։ Հայաստանից տարեկան միջինն արտահանվում է մոտ 960 տոննա սուրճ, այնուամենայնիվ, Հայաստանը սուրճ աճեցնող չէ, այլ՝ վերափաթեթավորող, որը ներկրված սուրճը վերամշակում է ու վաճառում սեփական ապրանքանիշի տակ։ Հայաստանից սուրճն արտահանվում է հիմնական երկու ուղղություններով՝ Ռուսաստան և Վրաստան։ Սուրճի մեծ մասը ներկրվում է Ինդոնեզիայից, Վիետնամից, Աֆրիկյան մի շարք երկրներից՝ Եթովպիայից, Նիկարագուայից, Ուգանդայից, ինչպես նաև Հնդկաստանից, Բրազիլիայից, Ռուսաստանից։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեն։
Հայաստանից Վրաստան սուրճի արտահանման ծավալներն ավելացել են վերջին տարիներին։ Հայկական շուկան տարեց տարի ավելացնում է արտահանման ծավալները դեպի նոր երկրներ, և Հայաստանը, չլինելով սուրճի աճեցման համար բարենպաստ երկիր, այնուամենայնիվ, ներկրելով և վերամշակելով սուրճը, այս ոլորտում ևս որոշակի դիրք զբաղեցնում է
Արուսյակ Եղիազարյան
2-րդ կուրս