Հայաստանում ծխախոտի արտադրությունը «չի կարող կրճատվել»

Հայաստանում ծխախոտի արտադրությունը «չի կարող կրճատվել»

811

Հայաստանում 2022թ.-ի հունվարի 1-ից արգելվեց ծխախոտի ցուցադրումը վաճառասրահներում, իսկ մարտի 15-ից Առողջապահության նախարարությունը որոշեց բարձր տուգանքների միջոցով պայքարել հասարակական վայրերում և փակ տարածքներում ծխելու դեմ:

Հանրային վայրերում ծխելու համար տուգանքը 250 հազար դրամ է։
Եթե նախկինում ծխելու համար վարորդը տուգանվում էր 3000 դրամով, ապա այժմ՝ 50000 դրամով: Հանրային տրանսպորտում, տաքսիներում կամ կանգառներում ծխելու համար տուգանքի չափը կազմում է 100,000 դրամ։ 18 տարին չլրացած անձանց ծխախոտ վաճառելու տուգանքը 200,000 դրամ է։ Ամենաբարձր տուգանքներից մեկը ծխախոտի գովազդն է՝ 700,000 դրամ։

Ի՞նչ են ասում մարդիկ

Ըստ Առողջապահության նախարարության՝ օրենքի նպատակն է պաշտպանել մարդկանց առողջությունը՝ նվազեցնելով ծխախոտի օգտագործումը։ Սակայն, ինչպես պարզվում է, սահմանափակումները, գոնե մինչև այժմ, մեծ ազդեցություն չեն թողել ծխախոտի օգտագործման առումով։

Հանրային խանութի գանձապահ Հասմիկ Խաչատրյանն ասում է, որ ծխախոտի սահմանափակումներից հետո վաճառքի տարբերություն չկա․ «Այն մարդիկ, որոնք մտնում են խանութ, առևտուր են անում և չտեսնելով ծխախոտը՝ մոռանում են գնել այն, հաջորդ վայրկյանին գալիս, վերցնում են»։

Մեկ այլ հանրային խանութի վաճառողուհի Լինա Ալկամյանն էլ, սակայն, ասում է, որ սահմանափակումներից հետո փոփոխություն կա․ «Մարդիկ չեն տեսնում ծխախոտը, մտածում են, որ չենք վաճառում և մեծամասնությունը չի էլ հարցնում՝ ունե՞նք, թե՞ ոչ»:

Segafredo սրճարանից տեղեկացրին, որ սահմանափակումներից հետո այցելուների քանակը չի նվազել, սակայն երբեմն հաճախորդները դժգոհում են սրճարանի ներսում և դրսում ծխել չթույլատրելուց։

Dimond ռեստորանից տեղեկացրին, որ սահմանափակումներից հետո այցելուների թվի տարբերություն եղել է։ Սահմանափակումների առաջին օրերին ավելի քիչ էին այցելում ռեստորան, քան այսօր։

Քաղաքացի Մովսես Խաչատրյանը, որ շարունակում է գնել ծխախոտ, ասում է՝ կողմ է սահմանփակաումներին, քանի որ հակածխախոտային միջոցառումների միջոցով անչափահասները հնարավորինս հեռու կմնան ծխախոտից, չեն գնի և չեն վնասի իրենց առողջությունը։

Իսկ ահա մեկ այլ քաղաքացի՝ Սերգեյ Բախշյանը, ասում է՝ պետք է լինեն սրճարաններ, որտեղ թույլ կտան ծխել, և սրճարաններ, որտեղ թույլ չեն տա։ Յուրաքանչյուր մարդ կգնա այն սրճարանը, որտեղ ցանկանա։

«Փակ սրճարաններում հասկանալի է, սակայն բաց սրճարաններում ծխելն արգելելը աբսուրդ է», – ասում է Սերգեյ Բախշյանը։

Ի՞նչ է ասում փորձագետը

Տնտեսագետ Սուրեն Պրասյանը կարծում է, որ նման սահմանափակումները մեծ ազդեցություն չեն թողնի ծխողների վրա, բայց հնարավորություն կտան, որ երեխաները և մարդիկ, որոնք չեն ծխում, հեռու մնան ծխախոտի ազդեցությունից։


«Հայաստանի համար ծխախոտի արտադրությունը առաջնային ճյուղերից մեկն է։ Տարեկան Հայաստանն արտահանում է շուրջ 250 մլն տոննա ծխախոտ։ Ծխախոտի արտադրությունը չի կարող կրճատվել»,- ասում է Սուրեն Պրասյանը։


Ըստ նրա՝ ծխախոտի գինը պետք է բարձրանա, ի հաշիվ հարկերի, որը թույլ կտա նվազեցնել ծխախոտի նկատմամբ պահանջարկը, և կապահովի պետական բյուջեի լրացուցիչ մուտքեր։

Հայաստանում 2021թ․-ին մեծ ծավալով ծխախոտ է ներմուծվել Ռուսաստանից (485 մլն), Ուկրաինայից (1 մլրդ 400 մլն) և Հունաստանից (100 մլն)։

Համեմտալեվ վերջին տասը տարիների վիճակագրական տվյալները՝ տեսնում ենք, որ Հայաստան մեծ ծավալով ծխախոտ է ներմուծվել 2013 թ․-ին ՝ 6 մլրդ հատ, 2014 թ․-ին ներմուծման թիվը կտրուկ իջել է, իսկ նախորդ տարի ներմուծվել է 2 մլրդ-ից ավելի ծխախոտ։

Ի՞նչ է ասում միջազգային փորձը

Առողջապահության նախարարությունից տեղեկացրին՝ միջազգային փորձը վերջին քսան տարիներին ցույց է տալիս, որ ծխելու կրճատմանն ուղղված քաղաքականությունները հաջողվում են միայն այն դեպքում, երբ դրանք բազմակողմ են:

Ֆինլանդիայում, օրինակ, ծխախոտի օգտագործումը բավական ցածր մակարդակի վրա է, և դա տեղի է ունեցել օրենսդրական փոփոխությունների, բնակչության իրազեկվածության բարձրացման, գովազդի արգելքի, ծխախոտի բարձր գնի միջոցով:

Իսկ ահա Իռլանդիայում ծխախոտ արտադրողները չեն կարող ծխախոտի տուփի վրա դնել լոգոներ, գույներ, տարբեր գրություններ. բոլոր տուփերը պետք է լինեն միանման, նույն գույնով, տառատեսակով և նույն գրությամբ։

Ռուսաստանի Դաշնությունում առավել վաղ էարգելվել փակ աշխատանքային տարածքներում, հանրային փակ վայրերում և հասարակական տրանսպորտում ծխախոտի օգտագործումը: Ըստ Համաշխարհային բանկի տվյալների՝ ծխախոտի օգտագործումը Ռուսաստանի Դաշնությունում տղամարդկանց շրջանում նվազել է՝ 67%-ից (2000թ.) մինչև 59% (2015թ.)։

Վրաստանում ծխախոտի օգտագործումը բավական տարածված է, այն կազմում է 58%՝ տղամարդկանց շրջանում և 6%՝ կանանց շրջանում։ Երկրում շատ է սիրտ-անոթային, շնչառական հիվանդություն և քաղցկեղ ունեցող մարդկանց թիվը։ Ծխախոտի վաճառքի կետերում ծխախոտի վնասների մասին զգուշացնող պաստառների առկայությունը պարտադիր է։ Փակ տարածքներում ամբողջությամբ արգելված է ծխախոտ օգտագործելը։

Լիանա Խաչատուրյան

2-րդ կուրս

Կիսվել