Տունս` Արցախը

Տունս` Արցախը

695

-Մեզ մոտ ապրիլի 1-ին ծառերն արդեն ծաղկում են,- Զոհրաբի  կարոտած ժպիտը սառում է դեմքին, հայացքը՝ քարանում։

Թախիծ կա ժպիտի մեջ, որովհետև այլևս «իրենց մոտ» չէ, Երևանում էլ դեռ չծաղկած են ծառերը: Արցախի Լաչինում իր տունը ստիպված թողած Զոհրաբը ծննդով Արցախից չէ, բայց սիրտը դեռ այնտեղ է՝ իր անկյունում, իր շենացրած Բերձոր-Լաչինում։

Ընկեր Ըռքոյանը (էդպես է նրան հաճախ դիմում կինը` Արմիկը) ծննդով Մարտունուց է, մեծացել է մեծ ընտանիքում, ունի 3 քույր, 4 եղբայր: Ուսանողական տարիներն անցկացրել է Խարբերդում` մեծ քրոջ տանը: Սովորել է ԵՊՀ Բանասիրության ֆակուլտետում։

– Երբ ես ուսանող էի, դեռ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ չկար, 3-րդ կուրսում ընտրեցի այդ ուղղությունը: Արցախյան շարժումը սկսվեց, երբ Զոհրաբն ուսանող էր։ Այսօր էլ` պատերազմից շատ տարիներ անց, մեկ առ մեկ, անուն առ անուն հիշում է բոլոր մարտական ընկերներին, բոլոր ճանապարհները, որոնցով անցել է պատերազմական գոտի հասնելու համար։

– Ամբողջ երկրով մեկ ջոկատներ էին կազմվում և մեկնում Արցախ: Ինձ հետ Երևանից, մեր գյուղից տղաներ կային: Իրենց հետ գնացինք Գորիս, այնտեղից` ինքնաթիռով Ստեփանակերտ, հետո ավտոբուսների տակ կապեցինք զենքերը ու շարժվեցինք Բերդաձոր: Պատերազմը վատ բան է, բայց պատերազմական ընկերներ ունեմ, որոնց հետ հիմա էլ եմ ընկերություն անում:

Պատերազմի ժամանակ Զոհրաբի լրագրողական գործունեությունը նոր թափ ստացավ. այդ ժամանակ նա լուսանկարում էր, ռեպորտաժներ անում։ Մի անգամ, թշնամու հարձակումը հետ մղելուց հետո, վերադարձան իրենց հավաքատեղի ու տեսան, որ մարտական ընկերներից երկուսը չեն վերադարձել, ինչը նշանակում էր, որ նրանք զոհվել են: Զոհված տղաներից մեկին`Վաղինակին, Զոհրաբը հենց այդ առավոտ էր լուսանկարել, դա Վաղինակի վերջին լուսանկարն է։ Հիմա`շատ տարիներ անց՝ այդ նկարի պատմությունը պատմելիս Զոհրաբը տխրությամբ է նայում լուսանկարին։   

-Մի անգամ շտաբում, երբ արդեն կիսաքնած էինք, ուժգին պայթյուն լսվեց, բոլորս խուճապահար վեր թռանք` մտածելով, որ թշնամին հարձակվում է: Վերջում պարզվեց, որ տղաներից մեկը սալօջախին սառած խտացրած կաթ է դրել, որ տաքանալուց հետո ուտի, բայց էդպես էլ մոռացել է։ Շատ դեպքեր են եղել, որ հիմա ծիծաղեցնում են։

Հետագայում այս շրջանի իր հիշողությունների մասին նա գրել է իր`«Արծիվներն ամպերի մեջ» գրքում, որը լույս է տեսել 2009-ին: Արցախից վերադառնալով, նա սկսել է դասավանդել Մասիսի դպրոցներից մեկում՝ Հայոց լեզու, Պատմություն: Զոհրաբը ամուսնացել է 1994-ին: Առաջնեկը` Վարսենիկը, ծնվել է Երևանում: Զոհրաբը 1996-ին է տեղափոխվել Արցախ ու որպես տեսուչ աշխատել կրթության բաժնում, հետո դարձել կրթատեսչական բաժնի վարիչ:  Այս շրջանում նա դարձել է  «Մերան» պաշտոնաթերթի խմբագիրը:

Ամեն տեղ` փոքր տներում,  քանդված շինություններում, հիմնում էինք դպրոցներ, Երևանից ուսուցիչներ էին գալիս, դասավանդում, թվում էր ամեն ինչ արդեն կարգավորվել է, մարդիկ սկսում էին լավ ապրել, դպրոցները անհամեմատ ավելի լավն էին, բայց սկսվեց 44-օրյա պատերազմը: Մենք էնտեղ էինք, հիմա տուն-տեղ թողել ենք թշնամուն ու եկել էստեղ։

44-օրյա պատերազմի ընթացքում Զոհրաբն ու կինը Արցախում էին, նրանց երեք դուստրերը` Վարսենիկը, Անահիտն ու Գայանեն` Երևանում: Կինը` Արմիկը, ապաստարաններում բուժքույր էր, օգնում էր վիրավորներին, իսկ իրենց Լաչինի տանը ծանոթ-անծանոթ մարդիկ են ապաստանում: Աղջիկները Երևանում կազմակերպում էին կամավորական խմբեր ու ռազմաճակատի համար ամեն տեսակ  օգնություն հավաքում: Տունը, հանգիստը, արդար քրտինքով վաստակածը կորցնելու վախը իրականություն դարձավ։

Զոհրաբի հայացքում չմարող հիասթափության ճիչ կա, որ չի կարող թաքցնել ոչ մի բանով, որը չի կարող սփոփվել ոչնչով: Արցախը գիտակցված իրեն տուն ընտրող մարդու ցավը հիմա անպատմելի է։

– Մարտունին  ծննդավայրս է, միշտ էլ կարոտում եմ ու մտքերով գնում եմ էնտեղի արահետները, սարերը, իսկ Արցախում ես ապրել եմ 25-30 տարի, Արցախի համար ես կռվել եմ։

Հիմա` իր կյանքի երկրորդ պատերազմից հետո, Զոհրաբը ապրում է Դավթաշենում, իր հետ են երեք դուստրերն ու կինը: Նրանց ամեն օրն էլ Արցախ է, Արցախի մասին է: Ընկեր Ըռքոյանը «Հայկական Քաշաթաղը» խորագրով ցուցադրություն է կազմակերպում, որտեղ ներկայացվում է Քաշաթաղի հուշարձանները, կոթողները, եկեղեցիները, կամուրջները։ Լուսանկարները հենց ինքն է արել։ Հիմա աշխատում է «Հայաստանի Հանրապետություն» թերթում, «Մերան» ԼՂՀ Քաշաթաղի շրջանային պաշտոնաթերթի գլխավոր խմբագիրն է, թերթում գրում է քաշաթաղցիների մասին՝ գոնե այդ թերթի ու դրանում տպվող գաղափարների շուրջ միավորելով նրանց: Տանը ԼՂՀ քարտեզներ են, մարտընկերների` իր ձեռքով արված լուսանկարներ, գրքեր`տան` Արցախի մասին:

Անժելա Խաչատրյան

2-րդ կուրս

Կիսվել