Սովորել, հետո ծառայե՞լ, թե՞ հակառակը

Սովորել, հետո ծառայե՞լ, թե՞ հակառակը

752

Հայաստանում տղաները բարձրագույն կրթություն ստանալը թողնում են կիսատ և մեկնում զինվորական ծառայության: Ոմանց համար այդ ճանապարհը հեշտ է, ոմանց համար՝ դժվար:  Մեր նպատակն է պարզել՝ ինչ խնդիրների հետ են կապված այս անցումները:  

Նախ զրուցել ենք ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներ Արշակ Հայրապետյանի և Ահարոն Հակոբյանի հետ, որոնք բուհ են ընդունվել,  ծառայության մեկնել և հետ վերադարձել բուհ:

Արշակն ասում է, որ սովորելու ժամանակ ծառայության մասին չի մտածել: Կենտրոնացել է դասերի և քննությունների վրա։ Իսկ ընդունվելուց հետո, երբ  պետք է մեկներ ծառայության, չի մտածել, որ հետո խնդիրներ կառաջանան: Արշակի համար միակ դժվարությունը զորացրվելուց հետո սովորելու համար Երևան տեղափոխվելն էր: Նշում է, որ  ծառայությունից հետո կենտրոնացած չէ միայն ժուռնալիստիկայի վրա: Խորացել է նաև այլ ոլորտներում։ 

Այն հարցին, թե չե՞ն մտածել արդյոք, որ ծառայությունից հետո դժվար կլինի նորից սովորելը, Ահարոնը պատասխանում է, որ համալսարան ընդունվելիս գիտեր, որ գնալու է բանակ վեց ամիս հետո, բայց չի մտածել՝ երբ վերադառնա՝ դժվար կլինի: «Երբ մտնում ես նոր կյանք, հարմարվում ես կուրսընկերներիդ, ապա գնում ես, հետո գալիս ես ու նոր կուրսընկերների հետ ես սկսում սովորել, հասկանում ես, որ ինտեգրվելու համար քեզ ժամանակ է պետք»,- նշում է Ահարոնը:  

 Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը մեզ հետ զրույցում ներկայացնում է իրավիճակի հակառակ կողմի արդյունքը. «Երբ 22 տարեկանում տղաները գնում են 18 տարեկանների հետ ծառայելու, դառնում է խնդիր: Բայց օրինակ կարելի է այդ մարդկանց տանել որպես սպա, ենթասպա, կամ կարճաժամկետ ծառայության (օրինակ մեկ տարի), որ կարիերան էլ չընդհատվի: Ավարտածների դեպքում այլ խնդիր է. երբ արդեն ինչ-որ մասնագիտություն են սովորել, և այն պետք է կիրառել: Ցանկացած դեպքում կարևորը մարդկային կապիտալի ճիշտ և նպատակային օգտագործումն է»:

Ըստ կրթության փորձագետի՝ այն դեպքում, երբ սկզբում ծառայում են, հետո սովորում, խնդիրն այն է, որ ծառայությունից վերադառնալուց հետո երիտասարդը չցանկանա սովորել, կորչի սովորելու մոտիվացիան: Մյուս տարբերակի դեպքում էլ՝ երբ սովորում են, նոր մեկնում են ծառայության, խնդիրը կրթության շարունակականության ընդհատումն է:

Մեր մյուս զրուցակից  ընտանեկան հոգաբան-փորձագետ Նաիրա Խառատյանը նշում է, որ ցանկացած մարդ ունի իր հնարավորություններին համապատասխան նպատակներն ու ծրագրերը: «18-24 տարեկանը մարդու համար ուղեղի ծաղկման և գիտելիքների ձեռքբերման լավագույն շրջանն է: Բայց բնությունը ավարտում է այդ փուլը 22 տարեկանում: Առհասարակ, երբ մարդը իր առջև դնում է նպատակ, դա պետք է կատարի այն ժամանակ, երբ ներքին հոգեբանությամբ նպատակահարմար է գտնում: Սրա համար պատասխանատու է դոֆամին հորմոնը (նպատակի կամ գործը կիսատ չթողնելու հորմոնը): Կրթությունը կիսատ թողելը մարդու մոտ առաջացնում է դոֆամինի արտադրության կտրուկ կանգ: Այսինքն ինչ-որ տեղ, ինչ-որ բան կիսատ է մնում: Երբ ծառայության ժամանակ տղան տղամարդանում է, ձեռք է բերում նոր որակներ, կամքի ուժ, նոր կյանքի նկատմամբ պահանջներ, կրթության ցանկությունը կտրուկ նվազում է: Եվ բնականաբար շատ-շատերը վերադառնում են ու չեն ցանկանում շարունակել իրենց կրթությունը»,- ասում է հոգեբանը:  Նրա խոսքով՝ ուղեղն իր ուրույն գործառույթներն ունի և պետության նպատակներից, շահերից հեռու է: Երբ ընդունվում են  և չեն շարունակում կրթությունը, դա կարող է պատճառ դառնալ հետագայում կամազուրկ լինելու: Ամեն գործ կիսատ են թողնում, ոչ մի բանի լրջությամբ չեն վերաբերում:

Մի քանի տարի առաջ պաշտպանության նախարարությունը վերափոխեց օրենքը. եթե տղան ընդունվում էր անվճար ուսուցման համակարգ, սովորում էր, նոր մեկնում ծառայության: Եթե այդ ժամանակ տարկետում էր տրվում անվճար ուսուցման համակարգ ընդունվածներին, հիմա անվճարի հանգամանքը հաշվի չի առնվում: Այժմ տարկետում տրվում է միայն բացառիկ նվաճում ունեցողներին՝ միջազգային օլիմպիադաների մեդալակիրներ, աշխարհի լավագույն համալսարաններ ընդունվածներ:  

 «Շատ բաներ կախված են բանակի կարիքներից: Այսինքն՝ եթե բանակում ունենք զինվորի կարիք, 18 տարեկանից զինվորական ծառայության տանելը ճիշտ է, բայց եթե կա հնարավորություն, ես կնախընտրեմ՝ որոշներին հնարավորություն տրվի սովորելու, հետո ծառայելու: Որովհետև բանակում հիմա սպայի պաշտոնը հաճախ զբաղեցնում են մարդիկ, որոնք միայն խիստ են և կարողանում են համակարգել: Բայց մեզ պետք են կրթված սպաներ: Իսկ այս դեպքում հնարավորությունը, որ որոշ զինծառայողներ կցանկանան շարունակել զինվորականի աշխատանքը, կմեծանա, բայց եթե բոլորին տանեն 18 տարեկանում, հնարավոր է, որ ուղղակի ծառայեն և ոչ էլ դառնան սպա»,- ասում է Սերոբ Խաչատրյանը:

 «Պատիվ ունեմ» ծրագիրը նորարական մոտեցումներից մեկն էր, որը կիրառվեց հայկական Զինված ուժերում։ Այն հնարավորություն է տալիս 18 տարեկանը լրացած անձին իր ծառայությունն իրականացնել այլ ձևով, որը կնպաստի թե՛ զինծառայողի զարգացմանը, թե՛ հայկական բանակի ուժեղացմանը։ Այս ծրագրի նպատակներից է կրթել սպաների, ովքեր իրենց կրթությունը կստանան երկու հաստատություններում` քաղաքացիական բուհում և ռազմական համալսարանում։  

Ծրագրից օգտվող Միքայել Շախուլյանն առանձնացնում է մի քանի առավելություն. «Առավելություններից կառանձնացնեմ այն, որ սովորելու տարիներին պետությունը հոգում է ուսանողի ուսման վարձը, իսկ ծառայության ընթացքում արդեն սպայի կոչումով հնարավոր կլինի օգտվել բոլոր այն հնարավորություններից, որոնք կընձեռնվի օրենքով սահմանված կարգով»։

Ինչպես նշվում է «Պատիվ ունեմ» կայքեջում, ծրագրի մասնակիցներին տրվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունք, ուսումնառությունը բարձրագույն ուսումնական հաստատություններում իրականացվում է պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, բարձրագույն ուսումնական հաստատության կողմից համապատասխան մասնագիտության համար սահմանված տարեկան վարձի չափով: ԲՈւՀ-ը և զինվորական պատրաստությունը սահմանված կարգով ավարտելուց հետո զորակոչված քաղաքացուն շնորհվում է լեյտենանտի զինվորական կոչում, նրա հետ կնքվում է կրտսեր սպայական կազմի պայմանագրային ծառայություն անցնելու մասին պայմանագիր, և վիճակահանությամբ նշանակվում ծառայություն  2 տարի 3 ամիս ժամկետով, որից առաջին երեք ամիսը՝ շարքային կազմի պարտադիր զինծառայողի կարգավիճակով։ Փաստորեն, այս ծրագիրը տալիս է հնարավորություն ուսում ստանալու, նոր ծառայության մեկնելու:  

Մեր մյուս զրուցակից ժամկետային զինծառայող Սամվել Հարությունյանը ընդունվել է ՀՀ ԱԻ նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա, վեց ամիս սովորել է ու գնացել բանակ: «Շուտով կլրանա վեց ամիսը, ինչ սովորում եմ բանակում կրտսեր սերժանտի կոչում ստանալու համար: Անկեղծ ասած՝ մտածել եմ, որ վերադառնամ, արդեն ժամանակը կլինի աշխատելու և ավելի ինքնուրույն դառնալու, բայց մի կողմից էլ մտածում եմ, որ պետք է սովորեմ, քանի որ որոշակի կրթություն արդեն ստացել եմ և կիսատ թողնել չեմ ուզում»,- նշում է զինվորը, հետո ավելացնում, որ եթե հնարավորություն ունենար, համալսարանը կավարտեր, նոր կմեկներ պարտքը կատարելու, ու այս դեպքում արդեն կկենտրոնանար աշխատանքի վրա: Բայց հիմա, երբ այսպես է դասավորվել ամեն ինչ, կսովորի ու միաժամանակ կաշխատի:  

Սամվելի համար սրանք ապագայի պլաններն են, բայց Արշակի և Ահարոնի համար արդեն սովորական դարձած առօրյա:  Երկուսն էլ սովորելուն զուգահեռ աշխատում են:

Հոգեբան Նաիրա Խառատյանը խորհուրդ է տալիս վերադառնալուց հետո շարունակել ուսումը: «Դուք մնում եք դուք և պետք է կարողանաք հաղթել ձեզ: Եթե կյանքի պայքարում ինչ-որ բան կիսատ թողնելու առաջին փորձությունը չշարունակեցիք, կիսատ եք թողնելու սերը, կիսատ եք թողնելու սեր փնտրելը, լավ մարդ դառնալը, կյանքում մեծ հաջողություների հասնելը: Սա ձեր առաջին մեծ փորձությունն է և հաղթելով ինքներդ ձեզ՝ կհաղթեք բոլորին և կառավարելով ձեզ՝ կկառավարեք»:

Օֆելյա Հարությունյան

2-րդ կուրս

Կիսվել