Կիբերբուլինգն ու դրա դեմ պայքարի հիմնական միջոցները

Կիբերբուլինգն ու դրա դեմ պայքարի հիմնական միջոցները

961

Ըստ Կիբերհարձակման հետազոտական ​​կենտրոնի (Cyberbullying Research Center)՝ կիբերբուլինգի ենթարկվում են հիմնականում դեռահասները:

Կիբերբուլինգը թվային հաղորդակցության գործիքների (բջջային հեռախոս, պլանշետ, համակարգիչ, համացանց և այլն) օգտագործումն է անձին կամ մի խումբ անձնանց նվաստացնելու, վիրավորելու, հետապնդելու, ոտնձգելու, էմոցիոնալ և հոգեբանական ճնշման ենթարկելու, սպառնալու կամ ահաբեկելու համար՝ պատճառելով տառապանք, բարկություն, վախ: Կիբերբուլինգը կարող է ներառել անձի մասին կեղծ տեղեկատվության տարածումը կամ նրանց կամքին հակառակ նրանց անձական տվյալների հանրայնացումը:

Աննա Ա.-ի խոսքով՝ իրեն կիբերբուլինգի փորձել են ենթարկել, երբ նա դեռ 16 տարեկան էր: «Ինձ մի աղջկա էջից գրել էին ու ներկայացել էր էդ մարդը որպես աղջիկ, շատ անկեղծ էր խոսում ու լավ տպավորություն էր թողնում մինչև էն պահը, երբ սկսեց սպառնալ` ասելով, թե ինքը ունի և կհրապարակի իմ մերկ նկարները, հեռախոսիս համարներն էր ուղարկել ու սպառնում էր, բայց ես դիմեցի կիբերանվտանգության մասնագետի, ու նա ինձ խորհուրդ տվեց դիմել ոստիկանություն։ Երբ  ես սկսեցի փոխադարձ սպառնալ, ինձ այլևս չանհանգստացրեց»:

Ըստ հոգեբան Անուշ Բաղրամյանի՝ կիբերբուլինգի հետևանքները կարող են լինել շատ վտանգավոր: «Հետևանքները քայքայիչ են. սկսած սթրեսային խանգարումներից, տագնապային և սպազմատիկ նոպաներից,  ընդհուպ ինքնասպանության փորձ և բուն ինքնասպանություն: «Զոհը» սկսում է ապրել անկարողության և անօգնականության զգացում, դրա հետևանքով դառնում ագրեսիվ և տագնապային: Իսկ սա բերում է նրան, որ կիբերբուլինգի ենթարկված անձինք կարող են վնասման ակտեր իրականացնել ինչպես իրենց անձի, այնպես էլ հասարակության այլ անդամների նկատմամբ: Այսինքն «զոհը» ինքն է սկսում ընտրել «զոհեր», որ սպառի իր մեջ կուտակված ագրեսիան»:

Աննան պատմեց, որ իր ծանոթ աղջիկներից մեկը նույնպես ենթարկվել է կիբերբուլինգի: «Բայց նա չի դիմել մասնագետի, իսկ այդ դեպքից հետո այդ աղջկա հայրն ու հորեղբայրը ինքնասպանության փորձ են արել»:

ԶԼՄ մասնագետ Վարդուհի Պետրոսյանի խոսքով՝ կիբերբուլինգի մասին առանձին օրենք Հայաստանի Հանրապետությունում չկա։

«Խնդիրը հանդիպում է հատկապես դեռահասների մոտ։ Սա հիմնականում պայմանավորված է նրանով, որ դեռահասությունը բարդ շրջան է։ Այն մեխանիզմները, որոնցով կարելի է պայքարել կիբերբուլինգի դեմ, ընդհանուր գիտակցության բարձրացումն է, հոգեբանական ռեսուրսի բարձրացումը։ Առանցքային դեր ունի դաստիարակությունը, որպեսզի յուրաքանչյուր ոք դիմացինին ընկալի այնպիսին, ինչպիսին նա կա։ Այս խնդիրը ավելի շատ հոգեբանական է, քան իրավական։ Սակայն իրավական հետեւանքները կարող են շատ ավելի վատը լինել, ընդհուպ մինչև բուլինգը հանգեցրել է ծեծի, մարմնական վնասվածքների եւ ինքնասպանության։  Սա արդեն ենթադրում է քրեական պատասխանատվություն»:

Չնայած ՀՀ-ում դեռ չկա կիբերբուլինգի մասին օրենք, բայց կա երեխաների պաշտպանության մասին օրենք:

Ըստ ՀՀ երեխաների պաշտպանության օրենքի 16-րդ կետի՝ 1. Ոչ մի երեխա չպետք է ենթարկվի իր անձնական կյանքի, ընտանիքի կյանքի, բնակարանի կամ նամակագրության անձեռնմխելիության կամայական կամ ապօրինի միջամտության, կամ իր պատվի և հեղինակության նկատմամբ ապօրինի ոտնձգության։ 2. Երեխան նման միջամտությունից կամ ոտնձգությունից օրենքի կողմից պաշտպանության իրավունք ունի:

Զրուցեցինք նաև մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ: Նա նշեց, որ կիբերբուլինգը այնքան էլ կապված չէ որևէ տարիքի հետ:

«Հայաստանում հիմնականում կիբերբուլինգը քաղաքական է։ Այսինքն այն մարդիկ, ովքեր ներգրավված են քաղաքական եւ հասարակական գործընթացներում ամենից հաճախ զոհ են դառնում կիբերբուլինգի։ Ինչպես նաև դեռահասների տարբեր խմբերում է տարածված կիբերբուլինգը։ Շատ դեպքեր են եղել դպրոցականների շրջանում։

Կիբերբուլինգի դեմ հնարավոր է պայքարել օրենսդրությամբ, բայց հիմնական քայլը կլինի այն, որ ստեղծվի այնպիսի մթնոլորտ, որ հանրությունը չընդունի ու պայքարի բացահայտ բուլինգի դեմ»:

Մարիամ Անտոնյան

Անուշ Գեւորգյան

2-րդ կուրս

Կիսվել