«Երբ տեսա՝ հաղթողը և՛ ջութակ է նվագում, և՛ երգում է»…

«Երբ տեսա՝ հաղթողը և՛ ջութակ է նվագում, և՛ երգում է»…

1179

Հաճախ հանդիպում ենք մարդկանց, որոնք փոքր ժամանակ երաժշտական դպրոց են գնացել ու այսօր տիրապետում են որևէ երաժշտական գործիքի: Սակայն մարդիկ էլ կան, որոնց ինչ երաժշտական գործիք էլ տաս՝ իրենք կնվագեն: Իմ ակնարկի հերոսն այդ մարդկանցից է: Նա խենթ գաղափարներով, միշտ ինքնատիպ սանրվածքով, գրքերի ու երաժշտության աշխարհում ապրող Թամարան է կամ ինչպես շրջապատում են ասում ՝ Տոման:

Երբ հարցրի, թե ինչպես կնկարագրի ինքն իրեն, առանց մեկ վայրկյան ավել մտածելու պատասխանեց. «Ես ինքս ինձ շատ չեմ նկարագրում ու չեմ էլ սիրում, որ ինձ նկարագրում են: Պատճառն այն է, որ երբ սկսում եմ մտածել՝ ինչպիսին եմ ես, մտքիս վատ հատկանիշներ են գալիս: Օրինակ՝ որ շատ ինքնահավան եմ կամ բարդ բնավորություն ունեմ» ‎:  Հակառակ զրուցակցիս կարծիքի՝ նրա մտերիմները լրիվ ուրիշ հատկանիշներ թվեցին: Մայրիկի կարծիքով՝  նա շատ աշխույժ է, ընկերասեր ու սրտացավ: Իսկ գործընկերուհի Մարիամն էլ ասաց. «‎Տոման շատ նպատակասլաց է,  ընկերասեր ու շատ-շատ խելացի՝ բառի բոլոր իմաստներով»: Դասընկերներից Ռոբերտը կածում է, որ Թամարան աշխատասեր ու հնարամիտ է, նաև տարբերվող: Իսկ ավագ դպրոցի դասընկեր Դավիթը նրան բնութագրեց հետևյալ կերպ. «‎Տոման շատ դրական, կրեատիվ ու ընկերասեր է»:

Թամարան յոթ տարի հաճախել է ջութակի դասընթացների: Հետաքրքիրն այն է, որ գաղափարը եղել է իրենը: Հիմնականում դպրոցական տարիներին երեխաների ծնողներն են որոշում, որ իրենց երեխան պետք է հաճախի որևէ խմբակ, սակայն սա այդ դեպքը չէ: Զրույցի ընթացքում Թամարայի մայրիկը հիշեց. «Երբ առաջին դասարան ընդունվեց, որոշեցինք ինչ-որ մի տեղ տալ: Եկավ ու ասաց, որ ուզում է ջութակի գնալ: Սակայն այդ տարի ես այդքան էլ լուրջ չընդունեցի նրան: Հետո փոխադրվեց երկրորդ դասարան ու ասաց, որ ինքն էլի ջութակի է ուզում գնալ: Հասկացա, որ իրոք ուզում է ջութակի գնալ, ու այդպես նրան ուղարկեցինք ջութակի դասընթացների»: Այս պատմությունից հարց  է առաջանում՝ ինչու՞ էր առաջին դասարանցի Թամարան այդքան շատ ուզում ջութակ նվագել: Երբ խոսեցի նրա հետ, հասկացա, որ այս պատմության ետևում էլ ավելի հետաքրքիր պատմություն է թաքնված։ «Եվրատեսիլ էի նայում, և այդ տարի հաղթողը ջութակ նվագող մի տղա էր Նորվեգիայից: Ես այդ ժամանակ երկու քարի արանքում էի, որովհետև ջութակ շատ էի սիրում ու նաև երգել էի շատ սիրում, բայց միշտ մտածում էի, որ այդ երկուսն անհամատեղելի են: Երբ որ այդ տարի տեսա՝ հաղթողը և՛ ջութակ է նվագում, և՛ երգում է, հասկացա, որ այդպես կարելի է, ու որոշեցի, որ պետք է գնամ ջութակի»,-պատմեց Թամարան:

Շատ տարիներ են անցել, սակայն երաժշտությունը մինչ օրս նրա օրվա անբաժանելի մասն է: Ասել Թամարա ու չպատկերացնել երաժշտություն՝ գրեթե հնարավոր չէ: Դասընկերներից մեկը պատմում է, որ Թամարան նույնիսկ դպրոցում էր անդադար երաժշտություն լսում: Նա միշտ մեծ ականջակալներ էր դնում ու սկսում երաժշտություն լսել: Այդ ընթացքում հասցնում էր նույնիսկ հարյուրավոր էջանոց գրքեր կարդալ, դաս անել, թեստեր գրել և միջոցառումներ կազմակերպել:

Այս երաժշտասեր աղջկա կյանքում որոշիչ դեր է խաղացել Թումո ստեղծարար կենտրոնը: Դպրոցական տարիներից մինչև այսօր նա Թումոյի երաժշտական խմբի անդամ է: Իսկ վերջերս դարձավ Թումոյի շրջանավարտ: Նա մասնակցել է երաժշտական ծրագրերի, որոնց ընթացքում գրել է հեղինակային երգեր:

Թամարան այսօր ունի իր հիմնած երաժշտական խումբը՝ Beebar band-ը, որի մասին ասում է․ «Մի ուրիշ ձեռքբերում է իմ կյանքում Beebar-ը, որովհետև մի բան է լինել մի խմբում, որի գործերով զբաղվում է ձեր մաեստրոն, ինքը պայմանավորվում է համերգների համար, ուղորդում է ձեզ, և այլ բան է, երբ ամեն ինչով զբաղվում ես ինքդ։ Ընկերներիդ հետ գնալ պայմանավորվել համերգների համար, փորձատեղի գտնել․ արդեն զգում ես, որ դու  արդեն մեծ ես, ինքնուրույն ես ու քեզ համար պատասխանատու ես»:

Դեռ սկզբում նշեցի, որ իմ ակնարկի հերոսն ապրում է գրքերի աշխարում: Նա դեռ փոքր հասակից սիրում է գիրք կարդալ, և ինչպես երաժշտությունը, այդպես էլ գրքերն առաջնային են նրա կյանքում: Նա այնքան է սիրում գրքային աշխարհը, որ արդեն մեկ տարի է աշխատում է գրատանը՝ որպես գրքի խորհրդատու: «Գրատանն աշխատելը լրիվ ուրիշ հաճույք է: Երբ ընդունվեցի գրատուն աշխատանքի, վայելքի զգացողություն էր իմ մեջ»,- պատմում է Թամարան՝ խենթ, աշխույժ ու անսահման տաղանդավոր:

Անահիտ Նահապետյան

2-րդ կուրս

Կիսվել