«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի կոնտենտ մենեջեր Նելլի Մելքոնյանը 16 տարեկանում դեռ չէր որոշել, թե ուր պետք է ընդունվի, բայց այն, որ հումանիտար ուղղությամբ է շարունակելու, որոշել էր 5-6-րդ դասարանից։ Այդ տարիքում Նելլիի մոտ նոր հետաքրքրություն արթնացավ, որը «ճակատագրական» էր լինելու ապագա մասնագիտության ընտրության հարցում․ սկսեց ֆուտբոլ դիտել և բաց չէր թողնում ոչ մի հանդիպում։ Նելլիին սկսեց գրավել ոչ միայն բուն ֆուտբոլը, այլև ամեն բան՝ կապված ֆուտբոլի հետ՝ ֆուտբոլային մեկնաբանություն, սպորտային լրագրություն: Նրա 2 սերն ու հետաքրքությունը երկար մտածել չտվեցին, ու նա ավարտելուն պես դիմեց ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ։
Մարզական լրագրության առանձնացված բաժին չկար, և Նելլին ընդունվելուց հետո իմացավ, որ մեկ կիսամյակ կարող է ուսումնասիրել իր սիրելի թեման։ Բայց սկսեց սովորել ու տարվեց այն բոլոր առարկաներով, որոնք կապված էին ժուռնալիստիկայի հետ՝ ռադիոլրագրություն, վարպետություն, ԶԼՄ տեխնոլոգիաներ… Ու Նելլիին արդեն սկսեց հետաքրքրել ոչ միայն մարզականը, այլև ժուռնալիստի մասնագիտությունն առհասարակ։
2-րդ կուրսից սկսեց թղթակցել «Եթեր» շաբաթաթերթին: Գրում էր նյութեր տարբեր թեմաներով՝ սպորտ, ֆիլմեր, գրքեր: 3-րդ կուրսում մեկ կիսամյակ ուսումնասիրեց մարզական լրագրություն, որը դասավանդում էր Կարեն Գիլոյանը։ Պաշտպանության թեման էլ, բնականաբար, սպորտի ուղղությամբ էր․ ուսումնասիրել էր հայկական ու արտասահմանյան հեռուստաեթերներում ֆուտբոլային հաղորդումները, խաղերի լուսաբանումը։
Նելլին ավարտելուն պես փորձում էր հիմնավոր աշխատանք գտնել: «Պարապ չմնալու համար» Մայքրսոֆթ ինովացիոն կենտրոնում նույնիսկ ծրագրավորման դասերի գնաց, մինչև որ եղբայրը չկարդաց հայտարարություն, որ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում կա մամուլի քարտուղարի ազատ հաստիք։ «Կարելի է ասել՝ դա իմ երազած աշխատանքն էր. ֆուտբոլ, թիմ, լրագրություն՝ գրել, հարցազրույցներ վերցնել, ռեպորտաժներ պատրաստել»,- ասում է Նելլին: Առանց ժամանակ կորցրելու դիմեց։ Մոտ 1 շաբաթ անց զանգահարեցին, կանչեցին հարցազրույցի։ Հաջողությամբ հարցազրույցն անցավ ու 2019-ի նոյեմբերի 18-ից ընդունվեց աշխատանքի՝ որպես ակումբի մամուլի քարտուղար։ 2021-ի դեկտեմբերից էլ նույն ակումբի կոնտենտի պատասխանատուն է:
Ֆակուլտետը Նելիին շատ բան է տվել։ Ասում է՝ շատ լավ դասախոսներ է ունեցել, որոնց մինչև հիմա հիշում է ու անպայման կիրառում նրանց խորհուրդները։
Լինա Մեհրաբյան
2-րդ կուրս