Տոքսիկ պոզիտիվություն (toxic positivity) կամ թունավոր դրականություն

Տոքսիկ պոզիտիվություն (toxic positivity) կամ թունավոր դրականություն

954

Կյանքում դժվարությունների բախվելիս մենք մեր ներսում և դրսում աջակցություն ենք փնտրում, փորձում ենք պահպանել դրական տրամադրվածությունը: Իսկ ինչ՞ կլինի այն դեպքում, երբ մարդը կուրանա ու սկսի անտեսել կամ արհամարհել իր բացասական hույզերը: Այս հարցի շուրջ զրուցել ենք հոգեբան Սիանա Մովսիսյանի հետ:

Խնդրում եմ բնութագրել տոքսիկ պոզիտիվությունը:

-Տոքսիկ պոզիտիվությունը համոզմունք է, ըստ որի՝ անկախ այն բանից, թե որքան բարդ է ստեղծված իրավիճակը, միևնույն է, պետք է պահպանել դրական տրամադրվածությունը։ Բայց անհրաժեշտ է տարբերակել և չշփոթել պոզիտիվ մտածողությունը և տոքսիկ պոզիտիվությունը։ Եթե պոզիտիվ մտածողությունն օգնում է մեզ առավել հեշտ հաղթահարել խոչընդոտները, իջեցնում է տագնապայնությունը, բարձրացնում է մեր ինքնավստահությունը, ապա տոքսիկ պոզիտիվության հետևանքները ճիշտ հակառակն են լինում։

Բոլորիս քաջ հայտնի է, որ կյանքի դրական ընկալումն էական նշանակություն ունի հոգեկան առողջության համար, սակայն մեր կյանքում կատարվող իրադարձությունները միշտ չէ, որ դրական են լինում, և երբեմն մենք կարող ենք ունենալ մի շարք բացասական հույզեր և ապրումներ։ Տոքսիկ պոզիտիվության պարագայում պոզիտիվ մտածողությունը հասնում է իր ծայրահեղ դրսևորմանը, և բլոկավորվում ու ճնշման են ենթարկվում բացասական հույզերը, որի արդյունքում էլ ընդունելի են լինում միմիայն դրական ապրումները։

Որո՞նք են տոքսիկ պոզիտիվության հիմնական նշանները, ինչ՞պես առօրյայում նկատել դրանք:

Տոքսիկ պոզիտիվությունը կարող է ընդունել տարբեր ձևեր՝ արտահայտվելով մեր խոսքում, ժեստերում և դիմախաղում։ Գոյություն ունեն մի շարք նշաններ, որոնցով հնարավոր է տարբերակել իրական կարեկցանքն ու աջակցությունը և տոքսիկ պոզիտիվությունը։ Հարկ է նշել, որ տոքսիկ պոզիտիվ վերաբերմունքի կարող ենք բախվել մեզ շրջապատող անձանց կողմից, ինչպես նաև ունենալ նմանատիպ վերաբերմունք ինքներս մեր հանդեպ։ Նշեմ հետևյալ նշանները․

Կատարված իրադարձության արժեզրկում։ Այս պարագում կարող եք ունենալ համոզմունք կամ լսել մյուսներից նման արտահայտություններ՝ «Մեծ բան չի պատահել, կարող էր և ավելի վատ լինել»։

Հույզերի արժեզրկում և մերժում։ «Նման բաներից չեն տխրի», «Պետք է ուրախանալ, այնքան լավ բան կա քո կյանքում», «Ամեն ինչ լավ կլինի, մի՛ մտածիր դրա մասին»։

Բացասական իրավիճակի նեղացում։ «Դե լավ, հա, ի՞նչ է եղել որ, թուլացիր ու լավ բանի մասին մտածիր»։

Մեղքի զգացում տխրությունից, զայրույթից կամ հիասթափությունից։ Շատ հաճախ ունենալով տոքսիկ պոզիտիվ համոզմունք և ընդունելի չհամարելով մեր բացասական ապրումները՝ կարող ենք ունենալ մեղքի զգացում։

Խնդրից խուսափում, ոչ թե առերեսում։ Օրինակ, երբ առկա է որևէ կոնֆլիկտ, մենք ամեն կերպ խուսափում եք դրա մասին խոսել կամ նույնիսկ մտածել։

Սեփական ապրումների փոխարկում վերացական ասույթներով։ Օրինակ՝ «Ամեն ինչի մեջ պետք է տեսնել լավը»։

Պատասխանատվության ողջ բեռը մարդու վրա դնելը։ «Ամեն ինչ քո ձեռքերում է», «Եթե շատ ցանկանաս, կարող ես փոխել ամեն ինչ»։

Տոքսիկ պոզիտիվությունը զրկում է մարդուն իրական աջակցությունից, որի կարիքը նա ունի։ Թեև այն կարող է միտված լինել դիմացինին կարեկցելուն, սակայն չգնելով և չիմանալ արդյունավետ միջոցները՝ մենք կարող ենք վնասել դիմացինին և ինքներս մեզ։

Վախը, անհանգստությունը, տագնապը միայն բացասակա՞ն ազդեցություն ունեն:

Բացասական հույզերն ու ապրումները շատ կարևոր ազդակ են, փե թե ինչ է կատարվում մեր կյանքում։ Դրանք ունեն հսկայական գործառույթ․ և պաշտպանում են մեր ֆիզիկական ու հոգեկան անվտանգությունը։ Օրինակ՝ վախն օգնում է, որ մենք արագ մոբիլիզացվենք և պաշտպանվենք վտանգից։ Երբ մենք ունենում ենք բացասական ապրումներ աշխատավայրում, ուսումնական հաստատությունում, հարաբերություններում, ապա ակնհայտ է դառնում, որ անհրաժեշտ է որոշակի վերանայումներ կատարել այդ ամենում։ Դրանք մեզ ցույց են տալիս, որ պետք է ինչ-որ բան փոխել մեր կյանքում, որ առկա իրավիճակը վնասում է մեզ։ Բոլոր բացասական ապրումնեը հնարավորություն են զարգանալու, և երբ մենք անտեսում կամ ճնշում ենք դրանք, զրկում ենք ինքներս մեզ հավանական անձնային աճից։ 

Ինչպե՞ս է տոքսիկ պոզիտիվությունն ազդում մարդու հոգեբանական առողջության վրա:

Տոքսիկ պոզիտիվությունն իսկապես կարող է վնասել մարդուն, որն առանց այն էլ այդ պահին ապրում է իր կյանքի բարդ շրջանը։ Աջակցություն և կարեկցանք ցուցաբերելու փոխարեն մարդու ապրումներն անտեսվում են կամ արժեզրկվում։ Տոքսիկ պոզիտիվությունը շատ նման է փախուստի մեխանիզմին՝ փախուստ բացասական հույզերից։ Սակայն, երբ երբ մենք մեզ վատ ենք զգում, շատ կարևոր է, որ գիտակցենք մեր հոգեվիճակի հիմնավորվածությունը։ Հենց այնպես չէ, որ մենք ունենում ենք այդ ապրումները։

Տոքսիկ պոզիտիվության պարագայում մենք կարող ենք ունենալ մշտական մեղքի զգացում և յուրաքանչյուր բացասական ապրումնից մտածել, որ ինչ-որ բան սխալ ենք արել, չէ՞ որ շրջապատից շարունակ ստանում ենք ուղերձ, որ նմանօրինակ դեպքերից մարդիկ վատ չեն զգում։

Հույզերի շարունակական ճնշումը կարող է հանգեցնել մի շարք հոգեբանական (հուզական այրում, սթրես, դեպրեսիա, իմպուլսիվություն և այլն) և ֆիզիկական (սիրտ-անոթային, արյան ճնշման խնդիրներ, քնի խանգարումներ և այլն) խնդրների։ 

Այսպիսով, տոքսիկ պոզիտիվությունը լուրջ վտանգ է ներկայացնում մարդու հոգեբանական առողջության համար և էապես իջեցնում է կյանքի որակը:

Ինչպե՞ս մխիթարել վատ վիճակում գտնվող մարդուն և խուսափել տոքսիկ պոզիտիվությունից:

-Հաճախ մարդիկ կիրառում են տոսքիկ պոզիտիվ վարք՝ առանց գիտակցելու, որ աջակցելու փոխարեն վնասում են դիմացինին։ Եթե դուք նկատում եք տոքսիկ պոզիտիվության առկայություն Ձեր կամ մյուսների վարքում, ապա հավատացած եղեք, որ կարող եք փոխել դա։

Սեփական կամ դիմացինի բացասական ապրումներն ու հույզերն արժեզրկելու փոխարեն անհրաժեշտ է ընդունել դրանք։ Երբ ինչ-որ մեկն իր բացասական հույզերով է կիսվում, ցույց տվեք, որ Դուք կարևորում եք նրա ապրումները, պատրաստ եք լսեք նրան։

Օրինակ, փոխանակ ասելու, որ «կարող էր ավելի վատ լիներ, չարժե դրանից այդքան նեղսրտել» կարող ենք ասել «ես հասկանում եմ/տեսնում եմ/զգում եմ, որ քեզ համար վատ է, պատկերացնում եմ, թե ինչ վիճակում ես հիմա»։

Եղե՛ք իրատես Ձեր և մյուսների ապրումների հանդեպ։ Եթե իրավիճակն իրոք սթրեսային է, ապա նորմալ է զգալ անհանգստություն, վախ և այլ բացասական ապրումներ։ Հո՛գ տարեք ձեր մասին, կիրառե՛ք այնպիսի մեթոդներ, որոնք Ձեզ օգնում են դուրս գալ նմանօրինակ իրավիճակներից։ Յուրաքանչյուրս ունի իր համար լավագույն տարբերակը։ Ուշադրություն դարձեք, թե ինչպես եք Ձեզ զգում։ Փորձեք հասկանալ, թե ինչն է Ձեզ հաղորդում դրական հույզեր, և հակառակը, ինչն է բացասաբար անդրադառնում, որտեղից եք ստանում ռեսուրսներ և կորցնում էներգիա։ Թույլ տվեք ինքներդ Ձեզ և մյուսներին զգալու հույզեր՝ անկախ դրանց բացասական կամ դրական լինելուց։ Տվե՛ք ինքներդ Ձեզ և մյուսներին ժամանակ՝ հասկանալու, թե ինչ է կատարվում ներաշխարհում։ Այդ ընթացքում նաև կիջնի հույզերի ինտենսիվությունը։ Հիշե՛ք, որ ոչ մի հույզ հավերժ չի տևում։ Դրական և բացասական հույզերն ու զգացմունքները հավասարապես կարիք ունեն ապրվելու մեր կողմից։

Անի Հովհաննիսյան

2 – րդ կուրս

Կիսվել