Արցախի Մարտունու շրջանում բացվել է «Մունք» տեխնոդպրոցը

Արցախի Մարտունու շրջանում բացվել է «Մունք» տեխնոդպրոցը

507

Արցախի Մարտունու շրջանի շուրջ 40 երիտասարդներ հնարավորություն կստանան սովորելու Հաղորտի գյուղում բացված «Մունք» տեխնոդպրոցում: Նախագծի հեղինակը «Ես» կրթական հիմնադրամի տնօրեն Աշոտ Ավանեսյանն է: Հայաստանում ուսում ստանալուց հետո Աշոտը վերադարձել է ծննդավայր ու հենց այստեղ կյանքի կոչել տեխնոդպրոց հիմնելու գաղափարը: Ավանեսյանի խոսքով՝ ՏՏ ոլորտի լավագույն մասնագետները շրջելով՝ Մարտունիում  նախնական փուլում հավաքել են նրանից լավագույններին, ովքեր կդառնան դպրոցի առաջին սաները:

«Տեխնոդպրոցը տրամադրելու է որակյալ կրթություն ՏՏ ոլորտի 4 հիմնական ուղղություններով՝ ծրագրավորում, մարքեթինգ, դիզայն և ռոբոտաշինություն»,- ասաց Ավանեսյանը։

Հետագա տարիների ընթացքում «Մունքը» կպատրաստի ավելի քան 270 ՏՏ ոլորտի մասնագետ։ Ավանեսյանի խոսքով՝ դպրոցը միջոց է կայանալու ու այստեղ մեծ ներդրումներ բերելու, նաև խթան է, որ երիտասարդնեըը Արցախը չլքեն։

«Գուցե նպատակի նշաձողը շատ բարձր է դրված, բայց սա միակ ճանապարհն է ունենալու այն, ինչի մասին վստահաբար կարող եմ ասել, որ երազել է մեր պատմության մեջ ցանկացած սերունդ»,- նշեց Ավանեսյանը։

«Մունքը» կյանքի կոչելու համար նախաձեռնության շուրջ համախմբված երիտասարդներին անհրաժեշտ էր 67 մլն դրամ։  «ռեԱրմենիա» հարթակում իրականացված դրամահավաքի արդյունքում, որը տևեց շուրջ 3 ամիս, նախագծի համար հավաքվեց նախատեսվածից ավելին՝ 69 միլիոն դրամ:

«ռեԱրմինիա» հարթակի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանի խոսքով՝ հետատերազմական այս ժամանակաշրջանում դպրոցն իր շուրջն է համախմբում ողջ ժողովրդին։

«Հասկացանք, որ թշնամու համար ամենամեծ վտանգը մեր համախմբվածությունն է։ Նրանք թիրախավորում են մեր համախմբվածությունը և միասնականությունը, ուստի պետք էր համագործակցության արդյունավետ ձև գտնել՝ իրար հետ մեկ նպատակի շուրջ համախմբված ու ներդաշնակ աշխատելու համար»,-շեշտեց Պողոսյանը:

Մոտ 600 կազմակերպություն և անհատ համախմբվել են նախագծի շուրջ ու դրամական տարբեր չափի նվիրատվություններ կատարել։

Արցախի պետախարարի խոսքով՝ նման նախագծերին Կառավարությունը միշտապես աջակցում է, քանի որ նման երեխաներն են, որ հետագայում շատ ավելի մեծ նպատակներ են կյանքի կոչելու:

«Ուրախ եմ, որ հետպատերազմյան իրականության մեջ այս նախաձեռնությունը կարճ ժամկետում կյանքի կոչվեց ի շնորհիվ նախաձեռնող ու սրտացավ կազմակերպիչների ու աջակիցների»,-ասաց Բեգլարյանը:

Պետնախարարը վստահեցրեց՝ սա օրինակելի մոդել է թե՛ արդիական կրթություն ապահովելու, թե՛ համայնքային զարգացման համար, որի շնորհիվ, համոզված եմ, Հաղորտիում և հարակից բնակավայրերում կրթական ու զարգացման մեծ հաջողություններ են արձանագրվելու:

Տեխնոդպրոցի շենքն ունի երեք կահավորված սրահ, մեկ ընդհանուր աշխատանքային սենյակ։ Նախագծի շրջանակում Հաղորտիի գյուղապետարանը տրամադրել է համայնքապետարանի շենքը։

Էլեն Սարգսյան

Կիսվել