Սեպտեմբերի 30-ից մեկնարկել է տարվա ամենասպասված գրական իրադարձությունը` Գրքի երևանյան 5-րդ փառատոնը, որը տևելու է մինչև հոկտեմբերի 3-ը: Փառատոնի ընթացքում տեղի են ունեցել մի շարք գրքերի շնորհանդեսներ և այլ իրադարձություններ:
Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցավ Համլետ Առաքելյանի «Անմահների ակադեմիա» գրքի շնորհանդեսը: Համլետը նշում է, որ անմահներ բառը ինքն օգտագործել է փոխաբերական իմաստով՝ավելացնելով, որ նա ձգտում է անմահության՝ ինչպես բոլորս:
«Վեպի մեջ յուրաքանչյուրը կարող է գտնել իրեն, և այն ներշնչված է պատմություններով, որոնք կատարվել են ինձ հետ»- նշում է Համլետը:
Վեպը գրվել է 7 տարի, սակայն գրվել է ոչ անընդմեջ, այլ դադարներով: Բացի այդ, հեղինակը ստեղծել է իր աշխարհում այնպիսի օրենքներ, որոնք սկսել են խանգարել, բայց հեղինակը պնդում է, որ որևէ հակասություն չկա այն աշխարհի, այս աշխարհի և ստեղծված աշխարհի միջև:
Ոգեշնչման աղբյուրը հեղինակի համար ֆենթզին է:Այդ երազային ժանրով էլ նա գրել է վեպը:
«Սկզբում ընթերցողները կհայտնվեն Երևանի պետական համալսարանի միջավայրում: Այդ միջավայրում ես սկսել եմ գրել վեպը: Կասեմ, որ սա վեպ է առաջին հերթին դեռահասների համար ու այն մարդկանց, ովքեր անցնում են իրենց հասունացման ճանապարհը, որովհետև ես վեպը սկսել եմ գրել այդ տարիքում և ավարտել այն ժամանակ, երբ արդեն հասունացել եմ»-նշում է հեղինակը:
Համլետը հավելում է, որ կցանկանա ընթերցողը ուշադրություն դարձնի երկու գլխավոր հերոսների ճանապարհին, նրանք Արան և Արեգն են: Վեպը ունի նաև չար հերոսներ, իսկ իր նախընտրած կերպարը Հայկն է:
Շնորհանդեսի ընթացքում ելույթ ունեցան մի քանի բանախոսներ: Ավարտին հեղինակը ներկաների գրքերում թողեց իր ինքնագիրը։
Սյունե Սարգսյան
2-րդ կուրս