Երեկոյան ժամը վեցն է, աշխատանքային ժամը ավարտվեց։ Վաղը ազատ օր է, ուրեմն՝ գյուղ գնալու համար իդեալական ժամանակ է։ Մեքենան շարժվում է Երևանից, իսկ 15 րոպե հետո իմ առաջ քարե ցուցանակն է՝ «Արագածոտնի մարզ», ճանապարհը եզերված է պտղատու այգիներով ու ծառերի մեջ թաքնված տներով, որոնք ասես ուղեկցում են մեզ։ Ոլոր-մոլոր ճանապարհը մեզ տանում է ծառապատ ճանապարհով ու հասցնում տառերի պուրակին, ուր ինչպես միշտ զգաստ կանգնած են Մխիթար Գոշը, Լուսավորիչը, Խորենացին։ Նրանց թիկունքում՝ աշխարհում ամենամեծը համարվող խաչն է, որ կառուցվել է 1713 խաչերից ու բոլոր կողմերից էլ խաչի տեսք ունի։ Տառերի պուրակը ու հայտնի խաչը երբեք զբոսաշրջիկների ու հյուրերի պակաս չեն զգում։ Տարածքը միշտ մարդաշատ է։
Շարժվում ենք առաջ։ 60կմ/ժ արագությամբ շարժվող մեքենայի բաց պատուհանից արդեն զգում եմ մեր լեռներից փչող քամու սառը շունչը։ Մեր կողմերում քամին ուրիշ է, սառն է, բայց, մրսեցնող չէ՝ ջերմ է։
Իրար հերթափոխող արդեն հատուկենտ ծառերի շարքում հասնում ենք իմ ամենասիրելիին՝ մենավորին, որ ներքևից բարձրանալիս ասես թաքնված լինի ճանապարհի հետևում, իսկ երբ ճանապարհի թեքությունից չհանձնվող մեքենան համառորեն առաջ է շարժվում՝ ծառը կանգնում է ճիշտ մեր դիմաց։
Առջևում Ապարանն է, քաղաքը, որի մասին հյուսված այդքան շատ պատմություններ ու պատմվող հումորներ կան։ Քաղաքի կենտրոնական մասից՝ ձախ կողմում սկսում է երևալ Բաշ-Ապարանի հերոսամարտին նվիրված հուշարձանը, որը մայիսի 28-ին սովորաբար մարդաշատ է լինում։
Եւս 20կմ և ճանապարհորդությունը կավարտվի։
Շուրջբոլորը Ծաղկունյաց լեռնաշղթան է իր ողջ շքեղությամբ, իսկ ճանապարհի այս հատվածից արդեն ամբողջությամբ տեսանելի է Արագածի հյուսիսային պատը։
Անցնում ենք մշակված դաշտերի կողքով, որոնց մեջ հովից օրորվում են ցորենի և խոտի փոքրիկ ծիլերը։ Հասնում ենք գյուղին։ Ծաղկունյաց լեռների մեջ թաքնված այս հրաշքը մայրուղուց հեռու է 7կմ և ասես պոկված լինի խելագար աշխարհից։ Գյուղի 3 կողմերում բարձր սարեր են, Շողակաթ և Թուխմանուկ լեռները, որոնք վստահաբար կհետաքրքրեն լեռնագնացներին։
Ձմռանը դրանց լանջերը ընդունում են դահուկորդների։ Թիկունքում՝ անտառն է, Հայրենական պատերազմի մասնակիցների պատվին տեղադրված հուշարձանը, որ իր 11 մետր հասակով երևում է գյուղի ցանկացած կետից։ Այն իր այցելուներին հիշեցնում է, – «Մարդի՛կ քանի դեռ Ձեր սիրտն է զարկում, հիշեցե՛ք նրանց։ Այդ նրանք էին Ձեր բախտը փրկում, այն էլ ինչ գնով, հիշեցե՛ք նրանց…»։
Իսկ առջևում՝ Արագածն է իր հմայքով։
Գյուղի մի թևը կարծես վիրավոր լինի, կանաչը այստեղ նահանջել է, նրան հաղթել է հանքարդյունաբերությունը։ Հեռվից երևում են օգտակար հանածոյի համար փորված փոսերը և դրա մշակման համար կառուցված պոչամբարները։
Գյուղում ենք։ Աշխատանքային սեզոնը բացված է։ Էստեղ ժամանակաշրջան չէ, սեզոն է, որ սկսվում է ձյան հավելու հետ և կիսով չափ վերջանում, երբ նորից ձյուն է գալիս։ Հիմա էլ, ճանապարհի երկու կողմերում իրար հաջորդող հողերում մարդիկ աշխատում են։
Մելիքգյուղն ունեցել է բազմաշերտ պատմություն։ Այն հիմնադրվել է մոտ 1630-1640-ական թվականներին Մելիքի կողմից, որն իր գերդաստանով (հավանաբար նաև մի շարք այլ գերդաստանների հետ միասին) հաստատվել է այնտեղ և հիմնել գյուղը, որն իր անունով էլ կոչվել է Մելիքգյուղ։
Սա Մելիքգյուղն է, հրաշալի բնությունով շրջապատված իմ ծերուկը, որ անպայման պետք է սեփական աչքով տեսնել։
Օֆելյա Արսենյան
4-րդ կուրս