Բիզնեսը՝ երազանք, հաղորդավարությունը՝ սիրելի աշխատանք․ Վարդուհի Տոնոյան

Բիզնեսը՝ երազանք, հաղորդավարությունը՝ սիրելի աշխատանք․ Վարդուհի Տոնոյան

485

Հաղորդավարը ուղիղ իմաստով ընկալվում է որպես խոսափողի առջև ռադիո կամ հեռուստատեսային հաղորդման բնագիրը կարդացող մարդ։ Սակայն հաղորդավարի աշխատանքը ամենևին միայն բնագիր կարդալը չէ։ Մասնագիտության բարդությունների և ոլորտում առաջին քայլերի մասին խոսել ենք հաղորդավարուհի Վարդուհի Տոնոյանի հետ։

-Վարդուհի, ե՞րբ առաջացավ լրագրող դառնալու ցանկությունը:

-Մանկուց երազել եմ աշխատել հեռուստատեսությունում։ Այն ժամանակ Արմենիա TV-ով մի հաղորդում կար՝ «Յո-յո» էր կոչվում․առաջին անգամ այդ նախագծի շրջանակներում եմ գնացել հեռուստատեսություն, ու հենց այդ պահից հեռուսատեսությունը հազար թելերով կապեց ինձ։ Դրանից հետո արդեն հստակ գիտեի, որ ես պետք է լինեմ եթերում։

-Հայկական իրականության մեջ  ծնողները, նամանավանդ հայրիկները, ոչ միշտ են դրական արձագանքում աղջիկների նման մասնագիտության ընտրությունը։ Ձեր դեպքում բարդություններ առաջացե՞լ են։

-Հայրս միշտ կտրականապես դեմ է եղել իմ որոշմանը։ Շատ երկար բանակցություններ են տարվել հորս հետ մասնագիտության ընտրության հարցում։ Հայրս միշտ ինձ իրավաբանի կերպարում է պատկերացրել, սակայն երկար խոսակցություններից հետո արդեն ընդունվեցի ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետ։ Ի տարբերություն հորս՝ մայրս միշտ ընդունել է իմ բոլոր ընտրությունները։

-Ձեզ հետ նույն թվականին բազմաթիվ ուսանողներ ընդունվել են ժուռնալիստիկայի ֆակուլտետ, ի՞նչ եք կարծում, ո՞րն էր գլխավոր պատճառը, որ հենց դուք հայտնվեցիք եթերում։

-Երբևէ չեմ մտածել՝ ինչու հենց ես։ Ես կարծում եմ, որ պարզապես երազանքները կատարվելու սովորություն ունեն, բայց այդ երազանքները իրականություն դարձնելու համար դու պետք է ամեն օր աշխատես ու աշխատես քրտնաջան։ Մրցակցություն միշտ էլ եղել է ու կա, ուղղակի պետք է հույսը դնել միայն քո ուժերի վրա։ Քննարկողներ ու քննադատողներ միշտ ու բոլոր մասնագիտությունների դեպքում էլ կան, կարևորը չշեղվես քո ուղղուց և միշտ նայես առաջ։

-Եվ ահա առաջին եթերինչպիսի զգացողություն է առաջին անգամ եթերում հյատնվելը:

-Մինչև առաջին եթերը իրականում բարդ ճանապարհ եմ ունեցել։ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի հետ համատեղ ընդունվեցի Պան Արմենիա մեդիա դպրոց և պրկատիկայի անցա Արմենիա TV-ում, սակայն այնտեղ աշխատանքի չանցա։ Երևի թե 1,5 տարի ամեն օր արթնացել եմ այն մտքով, որ շուտով ինձ կզանգահարեն ու կգնամ, բայց այդպես էլ զանգ չկար։ Երկար ժամանակ հետո զանգ եմ ստանում Հրաչ Քեշիշյանից, ով ինձ հրավիրում է Ա TV-ում պրակտիկայի, սակայն մի քանի ամիս անց շատ պատահաբար հաղորդավարներից մեկը երկրից հեռանում է, ու մի օր զանգահարում են ինձ ու ասում, որ 2 օրից պետք է մտնեմ եթեր։ Էմոցիաներս շատ խառն էին, դե ամեն դեպքում մտածում էի՝ փորձ չունեմ և այլն, բայց հաջողված եթեր էր։ Հետաքրքիր զուգադիպությունը այն էր, որ այդ եթերից ուղիղ 1 տարի առաջ ես Ա TV գնացել էի որպես հյուր, քանի որ իմ երգի պրեմիերան էր, ու հաղորդավարները հենց այն մարդիկ էին, ում հետ այդ օրը արդեն որպես հաղորդավար ես էլ պետք է հայտնվեի եթերում։

-Կարծիք կա, որ լրագրողը լավագույնս հղկվում է պրակտիկ դաշտում։ Ձեզ, որպես լրագրողի, ակադեմիական կրթությունն է ավելի օգնե՞լ, թե՞ աշխատանքային փորձը։

-Գիտեք, էնպիսի հարց է, որ չեմ կարող համեմատել։ Պարզապես աշխատանքի ընթացքում ավելի շատ բան եմ ընկալել, որը համալսարանում ես դեռ չէի անցել և իմ աշխատանքային փորձը օգնում էր ինձ համալսարանում։ Բայց միանշանակ ակադեմիական կրթությունն իր անփոխարինելի դերը ունի։

-Վարդուհի, բացի հաղորդավար լիելուց ,գիտեմ նաև, որ ունեք սեփական հրուշակեղենի բիզնեսը, կպատմե՞ք մի փոքր գաղափարի մասին

-Մտահաղացումը կար դեռևս 2017 թվականից, բայց ես աշխատում էի տանից և դրան վերաբերվում էի որպես հոբբի։ Հետո ընկերներիս հետաքրքրեցին իմ պատրաստած խմորեղենները, սկսվեցին պատվիրել։ Սկզբում ես ամեն բան ինքս էի անում, հետո հասկացա, որ պետք է զարգացնել գաղափարը։ 2020 թվականից նախագծեցի հրուշակեղենի խանութ բացել։ Ահռելի աշխատանք է կատարվել․ սկսված լոգոյից մինչև տուփերի դիզայնը փոփոխել ենք․իմիջայլոց այդ բոլոր հարցերով հայրս է զբաղվել։ Առհասարակ, ես կարծում եմ՝ ամեն բան, ինչ կատարվում է իմ կյանքում, նրա նախագծածով է։

-Փոքրիկ բիզնեսը այսօր արդեն վերածվել է խանութ սրահի։ Ի՞նչ դժվարություններ առաջացան խանութը բացելու ընթացքում

-Խանութ սրահի բացումը համընկավ պատերազմի ժամանակաշրջանի հետ, և ես չէի հասկանում՝ ճիշտ եմ անում, թե ոչ։ Ամբողջ պատերազմի ընթացքում զբաղված էի խանութի վերանորոգման աշխատանքներով․այդ կերպ կարծես փորձում էի շեղել ինձ։ Միաժամանակ օգնում էի արցախից եկած ընտանիքներին։ Պատերազմի ավարտից հետո էլի չէի հասկանում՝ ինչ անել, բացե՞լ խանութը, թե՞ ոչ։ Հետո հասկացա, որ ուրիշ հնարավորություն և տարբերակ չունենք։ Պետք է բացենք խանութը, նոր շունչ տանք մեր ազգին, փորձենք մեր հնարավորության սահմաններում զարգացնել մերը՝ հայկականը։ Միշտ նույն տեղում դոփելով ոչինչի չենք հասնի, պետք է առաջ քայլել։

-Բիզնես լեդի, հաղորդավար, երգչուհի որտե՞ղ է Վարդուհին ամենաիրականը:

-Ամենից իրականը ես ընտանիքիս կողքին եմ, որին ոչ մեկ չի ճանաչում։ Հարազատների հետ ես այլ մարդ եմ, աշխատանքում՝ այլ։ Բիզնեսը՝ երազանքներն իրագործելու միջոց է, հաղորդավարությունը՝ սիրելի աշխատանք, իսկ երգչուհի ինձ չեմ համարում, բյաց երգի միջոցով էլ փորձում եմ էմոցիաներս արտահայտել։

-Ասացիք, որ իրական Վարդուհուն ոչ մեկ չի ճանաչում։ Սեփական անձը «փակ» պահելը վա՞խ է, թ՞ե պարզապես տեսակ։

-Ես առհասարակ վախեր չունեմ։ Բնավորությամբ ես շատ անկոտրուն եմ: Ես միշտ ասում եմ, որ կյանքը սիրում է ուժեղ մարդկանց, եթե ինձ տրված են փորձություններ, ուրեմն ես դրանք կարող եմ հաղթահարել։ Կյանքին ընդառաջ պետք է գնալ բաց աչքերով։ Ինձ այլևս ոչինչ չի կարող կոտրել․․․

-Երազանքներին կարծես թե քայլ առ քայլ հասնումեք։ Այս պահին ո՞րն է ամենամեծ երազանքը։

-Իմ ամենամեծ երեազանքը իմ հարզատների առողջությունն ու աչքերի փայլն է։ Իսկ նյութական իմաստով ամենամեծ երազանքը այս պահին երկրորդ խանութն է․շատ եմ երազում դրա մասին ու վստահ եմ, որ շուտով դա էլ կիրականացնեմ։

Մի քանի բլից հարցերով ամփոփենք մեր հարցազրույցը

-Ես շնորհակալ եմ

Ծնողներիս

-Եթե չլինեի լրագրող

Կլինեի բիզնես լեդի

-Ամենածանր իրավիճակներում

Նայել կյանքի աչքերի մեջ և չկոտրվել

-Եթե ունենայի ժամանակի մեքենա

Ոչինչ էլ չէի անի։ Ես ինչ կամ այսօր իմ սխալների շնորհիվ է

-Սիրել թե սիրվել

Սիրել, որովհետև դա գեղեցիկ է, սիրվել, որովհետև դա հաճելի է

-Խորհուրդ ապագա լրագրողին

Չլսել ոչ մի կարծիք, հավատալ ու գնալ միայն առաջ

-Խորհուրդ ինքներդ ձեզ

Երջանիկ լինել, ապրել, սիրել

Դանիելա Զանազանյան

4-րդ կուրս

Կիսվել