Լուսանկարչությունն ապրեցնող արվեստ է

Լուսանկարչությունն ապրեցնող արվեստ է

523

Այս անգամ Journalist.am-ը զրուցել է լուսանկարիչ Ռոզի Հարությունյանի հետ, ում լուսանկարների հիմնական և առաջնային թեման նորածիններն են:

Լուսանկարչությունը մանկության երազանք է եղել, թե՞ նպատակ։

-Լուսանկարչությունը իմ անփոխարինելի հոբբին է…

-Ո՞ր տարիքից եք սկսել լուսանկարել։ Ինչպե՞ս ծնունդ առան առաջին աշխատանքները։

-Լուսանկարել և լուսանկարվել սիրել եմ մանկուց, բայց որպես լուսանկարիչ, գործունեությունս սկսել եմ 2021 թվականից։ Ամեն ինչ սկսվեց այնտեղից, երբ ծնվեց իմ աղջիկը…

-Գիտեմ, որ նորածինների եք հիմնականում լուսանկարում, դժվար չէ՞ աշխատել փոքրիկների հետ։

-Իմ աղջիկը ամեն բան փոխեց իմ մեջ. հատկապես նորածիններին նկարելը յուրահատուկ աշխատանք  է ինձ համար, նրանք պարզապես  սեր են: Միշտ աշխատանքի վերջում մայրիկները հոգնած են լինում, և շատ հաճախ լսում եմ այս նախադասությունը` «էս գործի համար ներվեր է պետք», բայց իմ դեպքում լրիվ հակառակն է, ես շատ անգամներ հոգնած գնացել եմ բնակարան այցի և խաղաղված դուրս եմ եկել այնտեղից, էնպես որ, այն ավելի շատ հանգստացնող աշխատանքա։

-Լուսանկարը նախքան վերջնական տեսքի բերելը ի՞նչ մեխանիզմների միջով է անցնում։

-Բոլոր լուսանկարիչների մոտ մեխանիզմները ստանդարտ են, ուղղակի լուսանկարիչը պետք է պատկերացնի, թե ինչ է ուզում ստանալ: Կոնկրետ իմ դեպքում, փոքրիկին տեսնելով, ես արդեն պատկերացնում եմ, թե ինչ կարող եմ ստանալ։

-Լուսանկարչական թեմաների ընտրության հարցում հե՞շտ եք կողմնորոշվում։

-Թեմաները բավականին դժվար եմ ընտրում։ Իրականում ես մինիմալիստ եմ ու չեմ սիրում ճնշող  կամ արտահայտիչ ինչ-որ բաներ, սիրում եմ միագույն, հասարակ ու նուրբ։ Իմ կադրերում միշտ  առաջին պլանում բալիկն է, ոչ թե իրեն շրջապատող իրերը, այդ իսկ պատճառով դժվարությամբ եմ գտնում այն, ինչ փնտրում եմ։

-Ի՞նչն է ամենակարևորը լավ լուսանկար ստանալու համար։

-Ինձ համար կարևորը լավ միջավայրն է, մնացած աշխատանքայինը ինքս կապահովեմ։

-Միայն տեսախցիկին տիրապետելը բավակա՞ն է լուսանկարիչ դառնալու համար։

-Իհարկե ոչ, դա ամենաքիչն է, որ պետք է իմանա լուսանկարիչը։ Կոնկրետ ես կատարում եմ բնակարան այցեր և նկարում եմ փոքրիկ երեխաների, եթե դա միայն որպես աշխատանք անեմ, ինձ մոտ ոչինչ չի ստացվի: Անտեսանելի բաներ կան, որ պետք է վերցնես հետդ, ոչ ձևական, այլ իրական…

Տեսախցիկը դա լուսանկարիչի՞…

-Ընկերն է, ամենամոտ ընկերը…

-Նկարահանման ընթացքում ի՞նչ հետաքրքիր դեպք կհիշեք, որը տպավորվել է Ձեզ մոտ։

-Եկեք որև դեպք չառանձնացնեմ, քանի որ իմ համար բոլոր այցերս առանձին գեղեցիկ, փոքրիկ պատմություններ են։

-Ձեր լուսանկարների հիմնական թեման առայժմ միայն մարդիկ են, հետագայում գուցե նոր թեմաներով հանդե՞ս գաք։

-Հնարավոր է, չեմ կարող հստակ պատասխանել՝ կյանքը ինչ է ինձ համար պատրաստել, բայց որ նորածիններիս մեծ սիրով եմ լուսանկարում, դա փաստ է։

-Եվ վերջում, լուսանկարչությունը, ըստ Ձեզ, ապրո՞ղ արվեստ է:

-Ապրեցնող արվեստ է…

Օֆելյա Հովհաննիսյան

4-րդ կուրս

Կիսվել