Օրենսդրությունը բավարար չէ ատելության խոսքի դեմ արդյունավետ պայքարելու համար. Արման Ղարիբյան

Օրենսդրությունը բավարար չէ ատելության խոսքի դեմ արդյունավետ պայքարելու համար. Արման Ղարիբյան

431

Հարցազրույց «Իրավունքի ուժ» ՀԿ համահիմնադիր Արման Ղարիբյանի հետ Հայաստանում խտրականության դրսևորումների եւ ատելության խոսքի մասին

Պարոն Ղարիբյան, խտրականության մասին խոսելուց առաջ նախ հասկանանք, թե ի՞նչ է խտրականությունը։

-Խտրականությունը որևէ անձի իրավունքների սահմանափակումն է կամ նրան իրավունքներից զրկելը, նրա նկատմամբ անբարեհաճ, բացասական վերաբերմունքի առկայությունն է՝ պայմանավորված որևէ հատկանիշով, որը հիմնականում հնարավոր չէ փոխել: Բայց նաև կան հատկանիշներ, որոնք հնարավոր է փոխվեն ժամանակի ընթացքում։ Հիմնականում այդ հատկանիշներն են՝ սեռը, տարիքը, կրոնը, ազգությունը, էթնիկ պատկանելությունը, ծագումը, հաշմանդամության կարգավիճակը, արտաքին տեսքը, սեռական կողմնորոշումը, գենդերային ինքնությունը։

Ինչպե՞ս կսահմանեք ատելության խոսքը։ Ինչպե՞ս այն ճանաչել։

-Ատելության խոսքը վերը նշածս հիմքերի հիման վրա որևէ անձի կամ խմբի նկատմամբ բացասական, ագրեսիվ խոսքն է, որն, իմիջիայլոց, միշտ չէ, որ պարզապես բանավոր խոսք է, այսինքն՝ ատելության խոսք կարող է համարվել նաև պատկերը, ժեստը, նույնիսկ երգի միջոցով կարելի է ատելության խոսք տարածել, այսինքն՝ բոլոր այն արտահայտչամիջոցները, որոնք կարող են նշածս խմբին պատկանող անձին կամ նույնիսկ խմբին թիրախավորել և նրա նկատմամբ թշնամանք, ատելություն, վիրավորանք, ծաղրանք, հեգնանք տարածել։ Այդ ամենը կարող ենք համարել ատելության խոսք։ Երկու ձևով է հնարավոր ճանաչել ատելության խոսքը։ Առաջինը՝ որևէ անձի կամ խմբի նկատմամբ վիրավորանք, հեգնանք, բռնության կոչ, ագրեսիվ վարքագծի դրսևորման առկայություն։ Երկրորդ՝ երբ այդ ամենը պետք է արվի նշածս հիմքերից որևէ մեկով։ Օրինակ, եթե որևէ մեկն ինձ ասի՝ Արման, դու հիմար ես, դա դեռ չենք համարի ատելության խոսք, բայց եթե ասի՝ Արման, դու հիմար ես ինչպես բոլոր հայերը, դա կլինի ատելության խոսք, որովհետև նա ինձ հիմար է համարում իմ ազգային պատկանելության պատճառով, ինձ հետ թիրախավորում է նաեւ այն խմբին, որին ես պատկանում եմ կամ որը ես ներկայացնում եմ։

Ինչպե՞ս են խտրականությունն ու ատելության խոսքը դրսևորվում հայկական մեդիայում։

-Խտրականության և ատելության խոսքի դրսևորումը մեդիայում պետք է երկու ձևով հասկանալ։ Առաջին՝ երբ մեդիան է խտրականություն և ատելություն տարածում, երկրորդ՝ երբ մեդիան թույլ է տալիս իր մեկնաբանությունների բաժնում լինեն խտրական վերաբերմունք և ատելության խոսք։ Երկու դեպքում էլ, ցավոք, կան Հայաստանում լրատվամիջոցներ, որտեղ կգտնենք խտրականություն և ատելության խոսք։ Դա լինում է հիմնականում այսպես՝ կամ իրենք հղում են անում որևէ մեկին, որպեսզի պատասխանատվությունն իրենց վրայից գցեն, կամ որևէ մեկն է ատելության խոսք տարածում որևէ խմբի նկատմամբ, օրինակ՝ իրենց եթերում, կամ երբեմն լինում է, որ հենց լրատվամիջոցի ներկայացուցիչն է իր խոսքում ատելության խոսք կիրառում։ Դա ավելի հազվադեպ հանդիպող է, ավելի շատ լրագրողները սադրում են, որ իրենց խոսնակները, իրենց հարցազրույց տվող անձինք կիրառեն այդ ատելության խոսքը և այդպիսով տիրաժավորեն նրանց խոսքը։ Իսկ մեկնաբանությունների նկատմամբ, թեև լրատվամիջոցները էլի ունեն պատասխանատվություն, սակայն շատերը չեն ֆիլտրում վիրավորանքները, վերբալ ագրեսիվ հարձակումները, անգամ սպառնալիքները կարող են հեռարձակել։ Ինչու եմ կարծում, որ ունեն պատասխանատվություն, որովհետև այլ հարց է, երբ օգտատերը գրում է իր էջում, օրինակ, որտեղ ինքը ունի բավականին սահմանափակ թվով հետևորդներ և այնտեղ նաև ինքն է միակ պատասխանատուն, այլ բան է, երբ գրում է լրատվամիջոցի էջում, որն ունի, օրինակ, 100,000 հետևորդ։ Տեսականորեն ինքը տալիս է այդ հարթակը ատելության խոսք տարածողին, որ նա  անի դա, այսինքն՝ նրա ատելության խոսքը բազմապատկվում է լսարանի իմաստով, և այս առումով լրատվամիջոցը պատասխանատու է այն ամենի համար, ինչ գրվում է այդ հարթակներում։

Որքանո՞վ են խտրականությունն ու ատելության խոսքը տարածված հայաստանյան մեդիայում։

-Ավելի շատ այլոց շուրթերով ատելության խոսքը եթեր հեռարձակելը կամ խոսքը տպագրելը. սա է տարածված։ Բավականին հաճախ հանդիպող երևույթ է։ Իհարկե, ժամանակ առ ժամանակ նվազում կամ ավելանում է՝ պայմանավորված հիմնականում հասարակական-քաղաքական գործընթացներով, գործող իշխանությանը, օրինակ, թիրախավորելու ակտիվությամբ կամ անհրաժեշտությամբ։ Սակայն ցավով պիտի ասեմ, որ բավականին շատ տարածում ունեն ատելության խոսքի դրսևորումները հայաստանյան մեդիայում, քանի որ դեռ, ցավոք սրտի, ոչ բոլորն են հասկանում, որ դրանից պետք է խուսափել և որ դա նաև օրենքով պատժելի է, սակայն օրենքն այնպես չի ձևակերպված, որ ատելության յուրաքանչյուր խոսքի համար հնարավոր լինի պատասխանատվության ենթարկել ԶԼՄ-ներին։

-Ինչպե՞ս արդյունավետ կերպով պայքարել այս երևույթների դեմ։

-Եթե խոսքը պետության մասին է, ապա այստեղ հեծանիվ հորինելու կարիք չկա, բազմաթիվ պետություններ տարատեսակ օրենքներ ունեն ատելության խոսքի դեմ, պիտի այն լինի լավ աշխատող, այսինքն՝ շատ պրակտիկ օրենսդրական դաշտ է պետք, որպեսզի պատասխանատվության կարողանան ենթարկել ատելության խոսք տարածելու համար, ընդ որում՝ ես չեմ պնդում, որ միայն քրեական պատասխանատվության, որովհետև կան երկրներ, որ, օրինակ, նախընտրել են քրեականը, կան՝ որ վարչականը, կարող են քաղաքացիական ճանապարհով գնալ, պարտադիր չէ լրագրողի կամ լրատվամիջոցի նկատմամբ ազատազրկման վճիռ լինի, կարող են և բարձր տուգանքներ լինել, և դա բավականին զսպող դերակատարում կունենա։ Կարելի է նաև քաղաքացիական հայցով փոխհատուցում ստանալու մեխանիզմը ներդնել, որովհետև մենք ունենք վիրավորանքի և զրպարտության համար, բայց ատելության խոսքի համար չունենք, իսկ ատելության խոսքը հաճախ ուղիղ վիրավորանք չէ, ծաղրը և հեգնանքը ևս հավասարազոր են ատելության խոսքի, իսկ ծաղրի կամ հեգնանքի համար մենք չունենք առանձին օրենք, որով քաղաքացին կարողանա փոխհատուցում ստանալ կրած բարոյահոգեբանական վնասի դիմաց։

-Շատերն ատելության խոսքի ու խտրականության դեմ պայքարին հակադրում են խոսքի ազատությունը։ Որտե՞ղ է սահմանը, արդյո՞ք ատելության խոսքի և խտրականության դեմ պայքարը սահմանափակում է խոսքի ազատությունը։

-Այո, ատելության խոսքի դեմ պայքարը սահմանափակում է խոսքի ազատությունը և ոչ միայն դա, բազմաթիվ այլ բաներ սահմանափակում են խոսքի ազատությունը, որովհետև խոսքի ազատությունը բացարձակ իրավունք չէ և ենթակա է սահմանափակման։ Յուրաքանչյուր միջազգային և ազգային օրենսդրություն մի շարք հիմնավորումներով խոսքի ազատությունը սահմանափակում է, ուստի որևէ դժբախտություն չկա աղմուկ բարձրացնելու, թե սա խոսքի ազատության դեմ է, որովհետև, ինչպես ասում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և Եվրոպական դատարանը, խոսքի ազատությունից անձինք կարող են օգտվել՝ պայմանով, որ իրենք պատասխանատու կերպով կկիրառեն ազատությունը։ Այն պահից սկսած, երբ անձն անպատասխանատու կերպով է կիրառում այդ իրավունքը, նա այլևս չի կարող հույս ունենալ, որ նույն Եվրոպական դատարանը պիտի պաշտպանի իր խոսքի ազատությունը։ Սա ՄԻԵԴ-ի հստակ դիրքորոշումն է, և արդեն բազմաթիվ վճիռներ կան, երբ հստակ բացատրել է, որ ատելության խոսքը որևէ կերպ չի կարող պաշտպանված լինել մարդու իրավունքների Եվրոպայի կոնվենցիայով սահմանված խոսքի ազատության իրավունքով։ Ասեմ ավելին, ինձ թվում է, որ ատելության խոսքի դեմ պայքարով մենք իրականում պաշտպանում ենք խոսքի ազատությունը, որովհետև հակառակ պարագայում, երբ ատելության խոսքը չի պատժվում, այդտեղ այլակարծություն է լինում,  հանրային գործունեությունը մարդուն կարող է խիստ սահմանափակել, օրինակ՝ որևէ մեկը կարող է որևէ կարծիք հայտնել հանրային, առանց որևէ մեկին վիրավորելու և այդ պատճառով արժանանալ ատելության խոսքի։ Դա, բնականաբար, ճնշող ու կաշկանդող կլինի տվյալ անձի համար և հաջորդ անգամ նա գուցե չօգտվի խոսքի ազատության իր իրավունքից, իսկ եթե պատժելի լինի դա, ապա բոլորը կկարողանան հավասարապես պատասխանատու կերպով օգտվել խոսքի ազատությունից։

-Որո՞նք են հայկական առցանց տիրույթում ամենաշատը թիրախավորվող խմբերը և ինչու՞։

-Իրականում այդպիսի հետազոտություն չունեմ, որ պնդեմ, թե որ խումբն է ամենից շատ թիրախավորվում և թե ինչու, բայց իմ փոքրիկ դիտարկումները ցույց են տալիս, որ ամենից հաճախ մարդկանց թիրախավորում են սեռական կողմնորոշման հիմքով և գենդերային ինքնությամբ։ Պատճառներից մեկը այն է, որ նույնասեռական անձինք որպես խումբ, որպես համայնք շատ ագրեսիվ վերաբերմունքի են արժանանում շատերի կողմից, և ցանկացած առիթով այդ խումբը կարող է թիրախավորվել և հերթական ագրեսիայի զոհ դառնալ։ Սա, իհարկե, նաև այն պատճառով է, որ դա խրախուսվում է հասարակության մեծամասնության կողմից, որովհետև եթե տարբեր խմբերի, օրինակ՝ հաշմանդամություն ունեցող անձանց թիրախավորելիս կգտնվեն շատերը, որ կպաշտպանեն նրանց, էթնիկ փոքրամասնությանը թիրախավորելիս էլի կգտնվեն շատերը, որ կպաշտպանեն այդ խմբին, նույնասեռական անձանց, ԼԳԲՏՔ+ անձանց թիրախավորումը հաճախ խրախուսվում է մյուսների կողմից, այդ պատճառով էլ ամենատարածվածն է։

-Հայաստանում կա՞ն օրենսդրական բավարար երաշխիքներ ատելության խոսքի և խտրականության դեմ պայքարելու համար։

-Ես մասամբ պատասխանեցի, որ թեև մեր օրենսդրությունը վերջին տարիներին որոշակի փոփոխությունների է ենթարկվել կոնկրետ ատելության խոսքի մասով, բայց երբ բռնության կոչերին է խոսքը վերաբերում, այս համատեքստում, համոզված եմ, դա բավարար չէ ատելության խոսքի դեմ արդյունավետ պայքարելու համար, էլ չասեմ, որ ամեն մի ատելության խոսք չէ, որ բռնության կոչով է դրսևորվում, այսինքն՝ այդ օրենքը մի հսկա տիրույթ ուղղակի չի ծածկում։

Հովիկ Վանյան

4-րդ կուրս

Կիսվել