«Լեռները մեր ամուր թիկունքն են, մեր ողնաշարը»

«Լեռները մեր ամուր թիկունքն են, մեր ողնաշարը»

515

«Տարեկան 8000 մարդ փորձում է Էվերեստը բարձրանալ՝ իմանալով, որ փորձողների 10%-ը մահանում է՝ գագաթին չհասնելով։ Ու նման մարդիկ խելագարներ չեն, նրանք ունենք նպատակ, որի հետևից պատրաստ են մինչև վերջ գնալ»,- այսպես է մտածում Ռիման:

Հենց այսպես էլ սարերում ծնված մի նպատակի հետևից են գնում Սոնան ու Ռիման։

Աղջիկները արշավական ընկերներներ են, թերևս սա է պատճառը, որ խոսակցության ամբողջ ընթացքում չենք շեղվում արշավներից, լեռներից ու դրանց կարևորությունից։ Ասում են՝ արշավները  կախվածության մեջ են գցում ցանկացած մեկին ով գոնե մեկ անգամ արշավել է։

Հերթական արշավի ժամանակ՝ Խուստուփի գագաթին, Սոնայի մտքում մի գաղափար է ծնվում՝ ստեղծել մի բան, որը ավելի ճանաչելի կդարձնի մեր լեռները։

«Լեռները մեր ամուր թիկունքն են, մեր ողնաշարը, մենք պիտի լավ ճանաչենք դրանք։ Երբ խոսում ենք հայրենիքից, պետք է հասկանաք, որ հայրենիքը այն է, ինչ ճանաչում ենք ու դրա սահմանում էլ արժևորում», – ասում է Սոնան։

Ընկերուհու միտքը շարունակում է Ռիման ու պատմում, թե ինչ պատկերացումներ ուներ առաջին անգամ գաղափարի մասին լսելիս. «Չէի պատկերացնում ինչից ենք սկսելու, ինչ ճանապարհով ենք մեր նպատակին հասնելու։ Հետո քննարկումներ ունեյինք անվան հետ կապված։ Մի քանի տարբերակ քննարկելուց հետո որոշվեց՝ իսկ ինչու ուրիշ անուն, եթե ոչ «SAR/ՍԱՐ»»։

Անվան ընտրությունից հետո քննարկվեց լոգոյի տարբերակները, որը միանշանակ  

SAR/ՍԱՐ-ի խորհրդանիշ պետք է լիներ։

«Մի բան պարզ էր, ինչ էլ որ ստեղծվելու էր, կապված պետք է լիներ լեռների հետ, լիներ հասանելի, և ինչու ոչ, նաև օգտակար»,-ժպիտով  հիշում են աղջիկները։

«SAR/ՍԱՐ»-ի անդրանիկ արտադրանքը եղավ վառ գույներով պատկերված ՀՀ հայտնի լեռների նկարներով շապիկներ։ Սարերը իրենց տեղը գտան նաև վզնոցների, էկո պայուսակների,կրծքազարդերի, գլխարկների, տետրերի տեսքով։

«ՍԱՐ/SAR» – ի գլխարկը և Էկոպայուսակը՝ Ուղտասարի պատկերով

«Սարերը Ձեզ կտան այն խաղաղությունը, որ Դուք փնտրում եք.

Լեռները Ձեզ կտան այն երազանքները, որոնց կարիքն ունեք»

Այս կարգախոսով են առաջնորդվում «սարեցիները»։ Երազանքի ու նպատակի հետևից գնալու ճանապարհին Սոնան ու Ռիման կանգ չեն առել նաև դժվարությունների առաջ։ Ասում են՝ եղած կարծրատիպերը, թե ընկերոջ հետ դժվար է աշխատել, ևս կոտրել են, մտերմությունն ու ընկերությունը աշխատանքային միջավայրում չեն խանգարում իրենց։ «Կարևորը ամբիցիաները չեն, այլ՝ նպատակը։ Մենք սկզբում պատասխանատու ենք մեր խոսքի, մեր գործի առաջ», – նշում է Սոնան։

Զրույցի ընթացքում երբեմն շեղվում ենք թեմայից, խոսում ենք մեր շրջապատում եղած հայտնի ու դեռ քչերին ծանոթ գագաթներն իմանալու կարևորության, դրանով տարածքում կողմնորոշվելու մասին։ Աղջիկներին խնդրում եմ պատմել նաև գաղափարն իրականացնելու ճանապարհին եղած դժվարությունների, աջակիցների մասին։

«Գաղափարով կիսվել ենք խիստ մտերիմ մարդկանց հետ, բոլորը միանգամից պատրաստակամ են եղել ամեն հնարավոր բանով օգնել,-պատմում է Ռիման ու շարունակում,-Հիմա էլ մեր շրջապատում երբեմն խոսում են «Սար»-ից, չիմանալով, որ մենք ենք»։

Աղջիկների խոսքով՝ ծանր պահերին ես հասկանում, քո ներուժը, թե ինչի ես ընդունակ։ Դրանք հնարավորություն են, որից պետք է շատ օգուտ քաղել, և ի վերջո, դժվարությունների մեջ են հնարավորությունները։ Ունեցած մտքով ու գաղափարով ընկերների հետ կիսվելը, եղած միտքը բարձրաձայնելը կարևորելով՝ Սոնան նշում է. «Ինչքան էլ լավը լինի գաղափարդ, երբեմն, միայնակ դու զրո ես, ընկերներն են, որ օգնում են ամեն հարցում։ Պետք է ամեն գաղափար, թեկուզ անհավանական, գրի առնել, պատմել որովհետև դրանք վաղը իրականություն են դառնալու»։

Իրենց առջև եղած խոչընդոտները հաղթահարելով Սոնան և Ռիման այսօր կանգնած են, իրենց խոսքով, արդեն իրականություն դարձած գաղափարի առջև։ «Սարը» հիմա արդեն ծառայում է իր նպատակին ու ավելի ճանաչելի է դարձնում Հայաստանը՝ Հայաստանում։ 

«ՍԱՐ/SAR» – ի նոթատետրը՝ Խուստուփի պատկերով

Լուսանկարները, որոնցով պատրաստվում է SAR/ՍԱՐ-ի արտադրանքը, արվում են արշավների ժամանակ։ Այսպես նկարները նոր կյանք են ստանում, դրանք դուրս են գալիս ֆեյսբուքյան պատերից ու մտնում են շրջանառության մեջ։

«Շուտով նաև հասանելի կլինի կայքը, որը կհեշտացնի տեսականուն ծանոթանալու, պատվերներ կատարելու գործընթացը, հիմա կապի հիմնական միջոցը ֆեյսբուքյան, ինստագրամյան էջերն են»։

Սոնան ու Ռիման (ձախից աջ) Ազատի ջրամբարում


Օֆելյա Արսենյան

4-րդ կուրս

Կիսվել