Իմ ակտիվության, ճարպկության շնորհիվ այսօր սովորում եմ Բուլղարիայում. ուսանողուհի Ամալյա Եղյան

Իմ ակտիվության, ճարպկության շնորհիվ այսօր սովորում եմ Բուլղարիայում. ուսանողուհի Ամալյա Եղյան

739

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական  համալսարանի երկրորդ կուրսում սովորող Ամալյա Եղյանը այժմ ուսումը շարումակում է Բուլղարիայի Վառնա քաղաքում։ Եվրոպայում սովորելն իր համար մեծ հնարավորություն է ինքնաճանաչման և զարգացման համար։ Journalist.am-ի հետ զրույցում Ամալյան պատմեց արտերկրում սովորելու ցանկության, ծրագրին դիմելու ընթացակարգի, Բուլղարիայում սովորելու դժվարությունների և այնտեղի կրթական համակարգի մասին։

Ինչպե՞ս ծագեց արտերկրում սովորելու գաղափարը:

-Դեռ մանկուց արտերկրում սովորելու գաղափարն ունեցել եմ, և մոտիվացիայիս աղբյուրը եղել են ընտանիքս և հարազատներս։ Երբ պետք է մասնագիտության հարցում որոշում կայացնեի, մտածում էի այնպես անել, որ արտերկրում սովորելու նպատակս այդ ձևով ևս իրագործեմ։ Համալսարանն ընտրելիս ուզում էի, որ այն ինձ տար հնարավորություն մեկ այլ երկրում սովորելու։ Հասկացա, որ Բրյուսովը կարող է այդպիսի մեծ հնարավորություններ ունենալ, բայց մինչև համալսարան դիմելու վերջին օրը չէի կողմնորոշվում՝ ինչ բաժին դիմել՝ թարգմանչական գո՞րծ, թե՞ սերվիս։ Ու հասկացա, որ սերվիս մասնագիտությամբ կարող եմ խորանալ և’ տուրիզմի ոլորտում, և’ սպասարկման ոլորտում, որն էլ ինձ արտերկրում որոշ ծրագրերի մասմակցելու ավելի մեծ հնարավորություն կտա։

Նշեցիք, որ համալսարանը տալիս էր արտերկրում սովորելու հնարավորություններ։ Ինչպե՞ս դիմեցիք արտերկիր մեկնելու ծրագրին։

-Ծրագրին դիմելու շրջանը՝ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսները (2022թ.) ինձ համար շատ ծանր ժամանակներ էին, ինձ պետք էր փախչել իմ մտքերից, երկրից։ Դասի ժամանակ տեսնում եմ, որ երկու ծրագիր կա, որոնց սերվիս բաժինը հնարավորություն է տալիս ուսանելու Բուլղարիայում և Լոդսի համալսարանում։ Ես բնավորությամբ այնպիսին եմ, որ եթե կա հնարավորություն որևէ բան անելու, ու ես դա չանեմ, ես ինձ չեմ ների։ Մեր կարիերայի կենտրոնի տեղադրած հայտարարությունը կարդում եմ և ունենում եմ ըմդամենը երկու օր Լոդսի համալսարան դիմելու և մեկ շաբաթ Վառնայի համալսարան դիմելու համար։ Ու ես խառնվում եմ իրար, արագ դիմում եմ կարիերայի կենտրոն։ Նրանք ինձ ջերմ պատաախանում և օգնում են փաստաթղթերս կազմելու հարցում։

Ունեցե՞լ եք խնդիրներ փաստաթղթերը կազմելու  և դեսպանատանը դիմելու  ժամանակ։

-Ամբողջ գիշեր նստում եմ ու գրում եմ մոտիվացիոն նամակը, կարգավորում եմ ինքնակենսագրականս ու հավաքում եմ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերս (պետք էր նշել լեզվի իմացության մակարդակը, դասախոսի կողմից երաշխավորագիր, ՄՈԳ-ի գնահատականները)։ Շատ սթրեսային ժամամակ էր ինձ համար, եթե չհասցնեի, շատ կտխրեի։ Ոչ ոքի չէի ասել, որ նման ծրագրի եմ դիմում, միայն իմացել են ամենամոտ երկու ընկերուհիներս։ Որոշ ժամամակ անց էլեկտրոնային հասցեին գալիս է նամակ-հրավեր, և այդ ժամանակ նոր զանգում ու ասում եմ մայրիկիս, որ գնալու եմ Բուլղարիա սովորելու։ Խնդրահարույց էր նաև դեսպանատուն դիմելը։ Մտածում էի՝ ինչն է պատճառը, որ չեն պատասխանում, միգուցե մերժել էին։  Մենք դիմել էինք դեկտեմբերի 19-ին, իսկ մեր պատասխանը գալիս է հունվարի 13-ին, և շատ քիչ ժամանակ է մնում տոմս գնելու, տուն գտնելու համար։ Հունվարի 27-ին էլ եղել է թռիչքս. 32 ժամ եղել եմ ճանապարհին՝ մինչև Վառնա քաղաք հասնելս։

Իսկ տոմսերի գումարը ու բնակարանինը Դուք Ձեր անձնական միջոցներով եք ձեռք բերե՞լ։

-Մեզ տրամադրում էին 270 եվրո, որը ներառում էր մեկնելու և վերադառնալու ավիատոմսերի գումարը, որը շատ քիչ է։ Տոմսը գնել եմ իմ գումարով, իսկ բնակարանը, երբ եկել ենք Վառնա,  վարձակալել ենք իրենցից  ստացած գումարով։ Մեզ տրամադրում են մեր ծախսերը հոգալու համար գումար (70%-ը), իսկ վերջում տալիս են մնացած 30%-ը։

Ձեր կարծիքով՝ որո՞նք են դրսում սովորելու առավելությունները և  թերությունները:

-Երբ Հայաստանում էի, մտածում էի՝ կգնամ, անգլերեն լեզվիս իմացությունը կլավացնեմ, բայց քանի որ այստեղ մենք հայերով ենք ապրում, այլ երկրների մարդկանց հետ քիչ ենք շփվում, դասերի ժամանակ էլ միայն դասախոսներն են խոսում, մեզ դաս հարցնում են,  երբ մենք պրեզինտացիա ենք ներկայացնում և քննություն ենք պատասխանում, այդպես էլ չի ստացվում լեզուն կատարելագործել։ Առավելություններից կնշեմ, որ դու գտնում ես ինքդ քեզ, տեսնում ես, թե ինչպես են ուրիշները դասավանդում, համեմատություններ ես անում, այստեղ մեզ վրա չկա պարտավորություն, որ մենք պետք է ինչ-որ բան պատասխանենք, ըստ իս՝ դա և’ լավ է, և՛ վատ։ Կան ուսանողներ, որոնց եթե չհանձնարարեն ու չհարցնեն, նրանք չեն սովորի, և կան այնպիսիները, ովքեր հասկանում են կրթության արժեքը և առանց այդ պարտադրանքի էլ կսովորեն։ Լավ է նաև այն, որ Էրասմուսի երեխաներն ազատ են լինում ճամփորդելու, ուրիշների հետ շփվելու, միջմշակութային հաղորդակցության կապեր հաստատելու համար։ Այստեղ կիսվում ենք մեր փորձով, գիտելիքներով և ստանում ենք ավելի շատ գիտելիքներ մեզ հետ սովորող այլազգի ուսանողներից։

Թերություներից է այն, որ մենք օրվա ընթացքում 6 ժամ նստում ենք մեկ առարկայի համար, դե պատկերացրեք,  նույն առարկան 6 ժամ լսելը ինչ հոգնեցուցիչ է, նույն դասախոսին 6 ժամ տեսնելը ևս( ծիծաղում է)։ Ճիշտ է՝ դասերը հետաքրքիր են, արագ է անցնում, բայց նայած դասախոս և դասի մատուցման ձև։

Ձեր կարծիքով՝ որո՞նք են Հայաստանի և արտասահամանի համալսարանների տարբերությունները  և նմանությունները:

-Իմ կարծիքով՝ յուրաքանչյուր մարդ կյանքում մեկ ամգամ կրթության նպատակով պետք է լինի Եվրոպայում,  որ նմանություներն ու տարբերությունները հասկանա ու երբեք չասի՝ երանի Եվրոպայում լինեի, կրթությունն այնտեղ ուրիշ է, և այլն։ Հայաստանում ուսանողից շատ են պահանջում, շատ են ուշադրություն դարձնում գնահատականին և’ ուսանողները, և՛ դասախոսները։ Հայաստանում տալիս են գիտելիք ու պահանջում են այն, իսկ այստեղ տալիս են գիտելիք և այն սովորելը թողնում քո ցանկաթյանը, չեն սպասում, որ դու պետք է հարցնես։ Նմանություններից նշեմ  դասախոսների դասի մատուցման ձևը։ Կուզեի, որ Հայաստանում տեսական նյութերը նաև վիդեոտարբերակով լինեին, որն ավելի պատկերավոր է, այստեղ բոլոր դասերին ունենք պրեզենտացիաներ (սահիկաշար) և կից տեսանյութեր, որոնց միջոցով մատուցվող նյութն ավելի լավ եմ պատկերացնում ու հիշում։ Այդ ամենը Հայաստանում էլ կա, բայց կցանկանայի՝ ավելի շատ լիներ։ Կարծում եմ, որ 4ամյա համալսարանական կրթությունը ժամանակի անիմաստ վատնում է, զուգահեռ անցնում ենք ոչ մասնագիտական շատ առարկաներ և տալիս ենք հավելյալ քննություններ, իսկ Բուլղարիայի համալսարանում անցնում ենք միայն այն, ինչ մեզ մասնագիտական առումով պետք է։

Չկա՞ր վախ՝ միայնակ  ուրիշ համալսարանում սովորելու (անծանոթ երկիր, միջավայր, լեզու և մարդիկ):

-Ես չեմ վախենում նոր քայլից ու նոր հնարավորություններից։ Ուրիշ երկրում, ուրիշ տանն ապրելու վախ բացարձակ չունեի, այն ինձ համար հաղթահարելի էր։ Միշտ փորձում եմ անկախ և ինքնուրույն լինել։ Առաջնորդվում եմ «մարդուն ամեն ինչ տրվում է դժվարությամբ» կարգախոսով, ու եթե անում եմ որևէ բան, ուրեմն ինձ Աստված է ուղորդում: Երբ եկա Բուլղարիա, ինձ մոտ դժվարություններ, բնականաբար,  եղան, բայց դրանք կարողացա հաղթահարել:

Իսկ ի՞նչ խորհուրդ կտաք արտասահմանում սովորել ցանկացողներին, ավելի շատ ինչի՞ վրա կենտրոնանան:

-Բոլոր-բոլորին խորհուրդ եմ տալիս անպայման դիմել ցանկացած ծրագրի,  կապ չունի, թե որ երկրում այն կլինի։ Ծրագիրը մեծ հնարավորություն է քեզ ճանաչելու, այլ մարդկանց հետ առօրյա կիսելու։ Այս ընթացքում շատ բան եմ հասկացել՝ ինչպես ես ապրում ինքդ քեզ հետ, ինչպես ես խնդիրներդ հաղթահարում, օտարերկրացիների ասածներին ինչ արձագանք ես տալիս։

Եվ ավելի շատ կենտրոնացեք ձեր ակտիվության, ինքնադրսևորման վրա։ Շատ կարևոր է գիտելիքը, բայց եթե մարդը ճարպիկ և ինքնավստահ չէ, ուրեմն ում է պետք այդ գիտելիքը։ Իմ ակտիվության, աշխուժության ու ճարպկության շնորհիվ ես հասա Բուլղարիա։

Արևիկ Սարգսյան

4-րդ կուրս

Կիսվել