Սննդաբանի իրական առաքելությունն է օգնել մարդուն ձեռք բերել առողջ սովորություններ

Սննդաբանի իրական առաքելությունն է օգնել մարդուն ձեռք բերել առողջ սովորություններ

403

Մեր զրուցակիցը սննդաբան, դիետոլոգ Դիանա Մինասյանն է։ Դիանայի հետ խոսել ենք առողջ ապրելակերպ պահպանելու կարևորության մասին։

-Ի՞նչ է իրենից ենթադրում սննդաբանի մասնագիտությունը։

-Դա  առանձին մասնագիտություն է` վերջին տարիներին արագորեն զարգացող: Լավ սննդաբան լինելու համար պետք չէ ունենալ բժշկական կրթություն: Իհարկե, սննդաբանն ևս տիրապետում է բժշկական անհրաժեշտ գիտելիքներին, բայց սննդաբանը չի բուժում: Սննդաբանն աշխատում է հաճախորդների հետ, բժիշկը՝ հիվանդների: Սննդաբանի խնդիրն է օգնել կազմակերպել առողջ սննդակարգ և կենսակերպ, ընտրել սննդակարգի տեսակներ՝ հարմար տվյալ մարդուն, անհրաժեշտության դեպքում ուղղորդել բժշկի հետագա հետազոտությունների։

-Մեր օրերում շատերն են կանգնած ճարպակալման վտանգի առաջ, ինչպե՞ս հաղթահարել այդ խնդիրը։

-Ցավոք, այո, սա շատ լուրջ խնդիր է: Ճարպակալման խնդրներ արդեն երեխաներն էլ ունեն: Միայն կենսակերպը փոխելով, սննդակարգը կարգավորելով, նաև ֆիզիկապես ակտիվ լինելով կարելի է լուծել խնդիրը: Եվ իհարկե, դիմել սննդաբանի օգնությանը, շատ դեպքերում նաև հոգեբանի, որովհետև մարդկանց մեծ մասն ունի սննդային վարքագծի շեղում։

-Հորմոնալ խնդիրները որքանո՞վ կարող են ավելորդ քաշի պատճառ լինել։

-Ավելորդ քաշը կարող է դառնալ հենց հորմոնալ խնդիրների պատճառ: Մեր աղջիկները շատ են սիրում ամեն ինչ հորմոնների վրա բարդել: Սնունդը կարգավորեք, ավել քաշից ազատվեք, դիմեք էնդոկրինոլոգի, և ամեն ինչ լավ կլինի: Ուտել «ֆասթֆուդ», բուլկիներ և մտածել, թե միևնույն է հորմոնալ խնդիրներ ունեմ, սխալ է։

-Վերջին շրջանում շատ ակտուալ են դարձել նիհարեցնող հաբերը. որպես սննդաբան՝ ի՞նչ կարծիք ունեք դրանց մասին։

-Որպես սննդաբան ունեմ շատ վատ կարծիք: Եվ վստահեցնում եմ, որ  նիհարեցնող հաբեր, սնունդ գոյություն չունի: Թույլ մի տվեք ձեզ խաբեն և գումար աշխատեն՝ վտանգելով ձեր առողջությունը: Կա միայն մեկ ձև նիհարելու՝ կալորիաների դեֆիցիտ:

-Որո՞նք են նիհարելու վերաբերյալ ամենատարածված միֆերը։

-Այս թեմայի մասին մի մեծ հատոր գիրք կարելի է գրել: Նշեմ ամենատարածվածներից՝ օրական 2-3 լ ջուր խմելը, 6 ից հետո չուտելը, բանան, կարտոֆիլ, մակարոն չուտելը, և  ամենաաբսուրդը՝ բեռնաթափումները, չգիտեմ էլ, թե ով և ինչպես այս վտանգավոր երևույթը տարածեց։

-Ո՞րն է սննդաբանի իրական առաքելությունը։

-Սննդաբանի իրական առաքելությունն է օգնել մարդուն ձեռք բերել առողջ սովորություններ, առողջ ապրելակերպը դարձնել կենսակերպ, սննդաբանի առաքելությունն է կոչ անել, օրինակ, ծառայել մարդկությանը, որպեսզի հետևեն  սննդի որակին, որովհետև դա է առողջության և լավ ինքնազգացողության երաշխիքն է: Հենց սննդի միջոցով ենք ստանում էներգիա և մեր օրգանիզմին անհրաժեշտ տարրեր:

-Ինչպե՞ս ճիշտ կողմնորոշվել և չտրվել արագ նիհարելուն ուղղված խաբեություններին։

-Ցավոք, հիմա շատ են մարդիկ, ովքեր արժեզրկում են սննդաբանի մասնագիտությունը: Մի օր արթնանում են և որոշում, որ սննդաբան են, վաճառում են իբր նիհարեցնող հաբեր: Վերջերս աչքովս ընկավ, որ Օմեգա 3 են վաճառում և խաբում, թե նիհարեցնում է: Որպեսզի չխաբվեն մարդիկ, միշտ սննդաբան ընտրելիս նայեք նրա դիպլոմները, սերտիֆիկատները, փորձը: Սննդաբան մեկ օրում  չեն դառնում, դա լուրջ մասնագիտություն է: Բացի այդ, սովորեք ֆիլտրել ինֆորմացիան: «ՖԻԹՆԵՍ ԽՈՀԱՆՈՑ» խմբի ինֆորմատիվ գրառումները կօգնեն չխաբվել։

Մարիամ Հարությունյան

4-րդ կուրս

Կիսվել