Հին գործարանը` նոր Դիլիջանում

Հին գործարանը` նոր Դիլիջանում

996

1965 թվականից սկած ամեն առավոտ Դիլիջան քաղաքի և «Իմպուլս»-ի մեքենաները բնակիչներին  տանում էին գործարան։ Սկսվում էր աշխատանքը։

1962 թվականի մարտ ամսին Դիլիջանի ծայրամասներից մեկում, որտեղ գրեթե բնակչություն չկար, սկսվեցին «Իմպուլս»-ի շինարարական աշխատանքները։ Նախկին ամայի դաշտի փոխարեն երեք տարվա ընթացքում կառուցվեց 30հազ. քառակուսի մետր տարածքով գործարանը։

Առողջարանային քաղաքում արդյունաբերական գործարանում աշխատելու համար համապատասխան կադրեր չկային։ Շինարարության ընթացքում սկսեցին երիտասարդներին ցուցակագրել և ուղարկել Ռուսաստանի տարբեր քաղաքներ` արհեստ սովորելու (խառատներ, փականագործներ, բանվորներ, ինժեներներ, մեխանիկներ և այլն)։ Ուսումը տևում էր առավելագույնը մեկ տարի, որից հետո ստանում էին համապատասխան կարգ, վերադառնում Հայաստան ու սկսում աշխատել։ Իրենց հերթին Ռուսաստանից ինժեներներ, մեխանիկներ, հաշվապահներ և այլ մասնագետներ էին գալիս Դիլիջան, օգնում և խորհուրդներ տալիս գործարանի աշխատակիցներին։

Շուտով երիտասարդ կադրերը նույնպես սկսեցին ղեկավար պաշտոններ զբաղեցնել։ Ռոլանդ Մեհրաբյանը սկզբում եղել է էլեկտրոցեխի պետ, հավաքման ցեխի պետ, արտադրամասի պետ, Գազի գրասենյակի պետ, այնուհետև Տուրբազայի տնօրեն, որից հետո նորից վերադարձել է «Իմպուլս» գործարան, աշխատել որպես տնօրենի տեղակալ մինչև 2007 թվական, երբ փակվել է գործարանը։

Երբ Մեհրաբյանը զբաղեցնում էր արտադրամասի պետի պաշտոնը, իր տեղակալը, որ Ռուսաստանից եկած մասնագետներից մեկն էր, 20 տարով մեծ էր իրենից։

«Այդ ժամանակ ես խնդրեցի տնօրենիս, որ ինձ նշանակի ոչ թե արտադրամասի պետ, այլ պետի տեղակալ, բայց ինձ մերժեցին։ Դա արվում էր նրա համար, որ մենք սկսենք ավելի հմտորեն տիրապետել մեր աշխատանքին։ Ի վերջո Ռուսաստանից եկած մասնագետները մի քանի ամիս անց գնալու էին, իսկ մենք մնալու էինք ու շարունակելու մեր աշխատանքները»։

«Իմպուլսի» աշխատողները բավականին լավ էին վարձատրվում։ Առաջին կարգի ինժեները` 110 ռուբլի, երկրորդ կարգի ինժեները` 120 ռուբլի, երրորդ կարգի ինժեները` 140 ռուբլի, իսկ բանվորները` 200-250 ռուբլի։ Աշխատանքը կանգ չէր առնում։ Ինչքան շատ աշխատեին, այնքան շատ կվարձատրվեին։ Ամեն ամիս կամ երեք ամիսը մեկ պլանը կատարելու դեպքում  25%-40%  ավել աշխատավարձ էին ստանում։ Շատ դպրոցականներ նախընտրում էին ամառային արձակուրդներին աշխատել կամ սովորել գործարանում, իսկ դպրոցն ավարտելուց հետո գալիս էին «Իմպուլս» ու ժամանակի ընթացքում մասնագիտանում իրենց գործում։ Չնայած նրան, որ գործարանում շուրջ 3000 մարդ էր աշխատում (95-97%-ը հայեր էին), այնուամենայնիվ նոր աշխատուժի կարիք միշտ էր լինում։

«Մի անգամ Մարտիրոս  Սահյանը եկավ «Իմպուլս»,-հիշում է Ռոլանդը,- ու ասաց, որ Արծվաշենում մարդիկ աշխատանք չունեն, խնդրեց որ մի արհեստանոց բացենք։ Մենք ռեսուրսներ տրամադրեցինք, նրանց բերեցինք Դիլիջան, արհեստներ սովորեցրինք, հաստոցներ ու այլ անրաժեշտ տեխնիկա տարանք Արծվաշեն։ Կարճ ժամանակահատվածում նրանք սկսեցին աշխատանքները»:

«Իմպուլսում» պատրաստում էին ոչ թե կիսաֆաբրիկատներ, այլ պատրաստի սարքեր, որոնցից գոնե մեկ նմուշ տեղ էր գտնում գործարանի ցուցասրահում։

Մեհրաբյանը պատմում է, որ ամեն տարի կազմակերպվում էին մրցույթներ և որոշում, թե որն է այս տարվա լավագույն արտադրամասը։

«Առաջին հերթին հաշվի էինք առնում պլանը, որը պետք է կատարված կամ գերակատարված լիներ, այնուհետև մաքրությունը, ուշացումները, աշխատողների մասնակցությունը խմբակներին»:

Գործարանը նաև ուներ իր ֆուտբոլային թիմը, բասկետբոլի և վոլեյբոլի խմբակները, նվագախումբը, թատերական խումբը, հաճախ էր աշխատողների համար ճամբարներ կամ էքսկուրսիաներ կազմակերպում։ Բոլոր արտադրամասերում կար հատված նախատեսված պատի թերթերի համար, որ ներկայացնում էր գործարանի առօրյան։

90-ականներին ամեն ինչ փոխվեց. երկրաշարժ, պատերազմ։

«Այդ ժամանակ ստիպված էին լինում աշխատանքից ազատել շատերին, նույնիսկ լավագույններին։ Իսկ արդեն վերջին տարիներին սկսեցին աստիճանաբար վաճառել հաստոցները։ 2007-ին մնացել էր մեկ արտադրամաս` 40-50 աշխատողներով։ Մի օր էլ զանգահարեցին ու ասացին` վաղվանից չգաք։ Վերջին անգամ գործարան գնացի 2014 կամ 2015 թվականին։ Դատարկ էր, գրեթե ոչինչ չէր մնացել։ Ինչ-որ միջոցառում էին կազմակերպել, մեզ էլ էին հրավիրել, չգիտեմ թե ինչու։ Միջոցառմանը ուշադրություն չէի դարձնում։ Մտքումս հիշողություններն էին, իմ հին գործարանը։ Քայլեցի, տխրեցի և եկա տուն»,- պատմում է Ռոլանդ Մեհրաբյանը։

Այժմ Դիլիջանում երևի չկա մեկն, ով չունենա ծանոթներ, որ աշխատել են գործարանում։ Եվ, որ ամենահետաքրքիրն է, բոլորն ունեն գեղեցիկ ու դրական հիշողություններ։

Հիշողություններ գործարանի մասին

Նաիրա- Ընդունարանի աշխատակից

Գործարանի հետ կապված լավ հիշողությունները այնքան շատ են, որ չեմ կարող ինչ որ հիշողություն առանձնացնել։ Շատ ուրախ կլինեմ, որ  «Իմպուլսը» վերաբացվի, մադիիկ կունենան աշխատանք շենքն էլ, որն ամեն հարմարություն ունի,  չի քայքայվի։

Գոհար – Տնտեսագետ

Աշխատել եմ երկեւ տարի։ Այնքան լավ հիշողություններ են մնացել, չեք պատկերացնի։ Հատկապես տպավորվել է այն պահը, երբ հարյուրավոր աշխատավորներ աշխատանքային օրվա վերջում միանգամից դուրս էին գալիս գործարանից, ինչ հիմա հազվադեպ պատահող երևույթ է։

Սամվել – գործիքագործ (инструментальщик)

Շատ արժեքավոր և հագեցած բոլոր անհրաժեշտ հաստոցներով գործարան էր, շաատ ափսոս:

Անուշ Պողոսյան

«Իմպուլս» գործարանի 13-րդ արտադրամասում աշխատել են մայրս` Լիդա Պողոսյանը, մորաքույրերս՝ Լենա եվ Լարիսա Հովհանիսյաները, քեռիս՝  Լեմսիկ Հովհանիսյանը, իսկ ես հաճախել եմ գործարանի պարի խմբակը:

Աննա Մանթաշյան

Հայրս և մայրս երկար տարիներ աշխատել են «Իմպուլս» գործարանում։

Հայրս՝ Լեմս Արամիչը եղել է 8-րդ արտադրամասի պետը, շատ սկզբունքային, իր աշխատանքին նվիրված, իր ենթակայության տակ աշխատող բանվորների նկատմամբ հոգատար, ուշադիր, միշտ արդարության կողմը պահող ղեկավար էր։ Երբեք թույլ չի տվել, որ անհարգի որևէ մեկը նեղացնի իր աշխատակիցներին։ «Իմպուլս» գործարանի փակվելուց հետո միակ արտադրամասը եղել է 8-րդը, որ մինչև իր մահը պահպանվել է և ամեն վայրկյան պատրաստ է եղել առաջին իսկ հնարավորության դեպքում լիարժեք վերսկսել աշխատանքները։ Բայց, ավաղ, այդպես էլ նրա հույսերը չարդարացան։ Հորս մահից հետո պահպանված արտադրամասի բանալիները ես հանձնեցի Խանամիրյանին՝ այդտեղից վերցնելով միայն հայրիկիս լուսանկարը։ Իսկ մայրս՝ Սոնյա Հովհաննիսյանը երկար տարիներ աշխատել է գործարանի քիմիական լաբորոտորիայում։

Անահիտ Բաղդասարյան

Ես աշխատել եմ շատ կարճ ժամանակ 16 ցեխում “С.Г. Д. Склад готовый детали ” комплектовщица Начальник В. Казарян (շատ վորանց Վալոդ), իսկ շատ երկար տարիներ աշխատել է եղբորս կինը 21 ցեխում՝ Լարիսա Հայրապետյանը, մյուս եղբորս կինը աշխատել է 20 ցեխում՝ Կիմա Գևորգյանը, և ամենա կարևորը, «Իմպուլս» գործարանի արտադրամասի տնօրենը եղել է հորյեղբորս տղան՝ Պարգև Թալանչյանը։

Լուսինե Գուլյան

4-րդ կուրս

Կիսվել