Հետպատերազմյան շրջանի հոգեբանական կողմը. մաս առաջին

Հետպատերազմյան շրջանի հոգեբանական կողմը. մաս առաջին

236

Պատերազմն ավարտվեց, սակայն հետպատերազմյան շրջանը նույնպես դժվար է և բարդ ընկալելի։ Ինչպիսի՞ ազդեցություն ունի այդ ամենի վրա մեդիան։ Հասկանալու և վերլուծելու համար փորձել ենք խոսել 44 օրյա պատերազմում հերոսաբար ընկած Ալիկ Պետրոսյանի կնոջ հետ։

Նախ մի փոքր պատմենք Ալիկի մասին։ Գագարին ավանի նվիրյալներից էր Ալիկ Իշխանի Պետրոսյանը, ծնված 1982 թվականին։ Ավարտել էր տեղի միջնակարգ դպրոցը, այնուհետև 2000 թվականին անցել էր զինվորական ծառայության։ Ալիկի հայրը և եղբայրը նույնպես եղել են զինվորական։ Այս պատերազմին հայրը նրա հետ չէր (մահացել էր հիվանդությունից), սակայն նրա հետ էր եղբայրը, ում աչքի առաջ Ալիկը կատաղի մարտեր էր վարում, և հանուն իր զինվորների ապահովության, առանց ետ նայելու, առաջ էր գնում։ Հենց այդ պայքարի արդյունքում էլ ընկավ։ 2002 թվականին, երբ Ալիկը վերադառնում է ծառայությունից, որոշում է դառնալ պայմանագրային զինծառայող և 2004 թվականից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 4-ը նա իր աշխատանքով մեծ ծառայություն է մատուցում իր երկրին։ Նա եղել է նաև Երդվյալ ազատամարտիկների միության անդամ, բազմիցս արժանացել է խրախուսանքների, պատվոգրերի և շնորհակալագրերի։ Ալիկը ամուսնացած էր և ուներ երեք երեխա։ Ալիկի բնավորության և մարդկային առանձնահատկութունների մասին մանրամասն խոսեց կինը․

-Ալիկը եղել է դասակի հրամանատար, մինչև վերջին պահն էլ մտածում էր իր ազգի, հայրենիքի, ընտանիքի ու հայ զինվորի մասին։ Ալիկը ավելի քան երեք պատերազմի է մասնակցել, 2016 թվականի Քառօրյա պատերազմին, 2020 թվականի հուլիսյան մարտերին և 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմին, որի ժամանակ էլ անմահացավ։ Ալիկը հայրենիքին շատ նվիրված էր, շատ էր սիրում իր աշխատանքը, որը ապացուցեց մինչև վերջ։ Լավ հայր, լավ ամուսին, լավ ընկեր… Ես հպարտանում եմ իրենով, քանի որ նա իր կյանքը տվեց՝ բազում կյանքեր փրկելով։ Իր երկու տղաների համար նա հիանալի օրինակ էր։ Հայրենասիրական մեծ ոգով էր դաստիարակում երեխաներին, հետևողական էր, ուշադիր, քաջ…

Մարինեի հետ խոսել ենք նաև պատերազմի ընթացքում մեդիայի դրական և բացասական ազդեցությունների մասին:

-Մեդիան այդ ժամանակ ավելի շատ խանգարում էր, չգիտեի, որ լրատվական կայքին հետևեմ, որին՝ ոչ։ Շատ լուրեր կեղծ էին։ Հիշում եմ` այդ ընթացքում կարդացել եմ այնպիսի լուրեր, որոնք պարզապես կաթվածահար էին անում ա ռանց այդ էլ դժվար օրեր էին, բոլորս վախի ու տագնապի մթնոլորտում երբեմն չէինք էլ գիտակցում, թե ինչ ենք խոսում։ Հետպատերազմական շրջանը շատ դժվար էր։ Երբեք չի սպիանա այն ցավը, որը պատերազմը թողեց։ Ամեն մի հերոսի ընկնելուց մեր հավատն ու հույսը էլ մարեց։ Չեմ կարող չասել մեդիայի դրական կողմերը՝ խոսել, պատմել մեր հերոսների մասին, նրանք այդպես չեն մոռացվում, անընդհատ կարդում, հիշում ենք զինվորների սխրանքները։ Բայց, ամեն դեպքում, վերահսկողություն է պետք, պատերազմից հետո երբեմն ուզում էի փակել բոլոր սոցիալական կայքերը և ոչինչ չկարդալ: Եթե մի պահ փորձեինք մոռանալ, թե ինչ է կատարվել մեզ հետ, վստահաբար կարող եմ ասել, որ հետպատերազմյան շրջանի ամենալավ հուշարարը մեդիան կլիներ։

Հոգեբանական առումով մեդիան հետպատերազմյան շրջանում կատարեց, ինչպես դրական, այնպես էլ բացասական դեր, չկար վերահսկողություն կեղծ էջերի կամ լուրերի դեմ։ Հատկապես արտակարգ իրավիճակների ժամանակ մեդիայի մոտեցումը պետք է այլ կերպ լիներ, ավելի զգուշավոր, պատասխանատու ինչը մեր պարագայում այլ էր։

Օֆելյա Հովհաննիսյան

4-րդ կուրս

Կիսվել