Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու արդյունքում քաջաբար զոհվել է Գոռ Հակոբյանը։ Գոռը ծնվել է 1992 թ.-ի մարտի 21-ին Լոռվա մարզի գյուղ Ջիլիզայում։
Հերոսի մասին զրուցել ենք մայրիկի՝ Տիկին Ալիսայի հետ։ Գոռը հերոսական կերպար էր, ում մասին առանց ափսոսանքի խոսելն անհնար է։ Նա մեծտառով մարդ էր, պաշտելի ընկեր, ծնողապաշտ որդի և հայրենիքի անձնվեր պաշտպան․ «Գոռս չափազանց բարի ու ազնիվ էր։ Մեծի հետ՝ մեծ, փոքրի հետ փոքր էր։ Երբեք չէր մտածում իր անձնական շահի մասին, միշտ մտածում էր բոլորի մասին»։
Տիկին Ալիսան Գոռի մանկությունից դրվագներ է հիշում ու դրանք պահում սրտի խորքում․ «Փոքր էր, ինչքան բացատրում էի այսօրվա և վաղվա տարբերությունը, դժվար էր ընկալում։ Շատ փոքր էր։ Ամբողջ գիշեր չէր քնում՝ մտածելով, որ քնի, վաղը կգա։ Երբ հարցնում էր, երբ է վաղը գալու, ասում էի՝ այսօր անցնի, օրը մթնի, քնես, վաղը կլինի։ Առավոտ ծեգին արթնանում էր ու հարցնում, թե այսօր վա՞ղն է։ Պատասխանում էի՝ Գոռ ջան, այսօր այսօր է։ Մինչև հասկացավ, ինքը իր վրա ծիծաղում էր»։
Ուսուցիչների ընտանիքում մեծացած տղան դպրոցում շատ լավ էր սովորում: Մայրն ասում է, որ դասերին միշտ պատրաստ էր, պարտաճանաչ ու խելացի աշակերտ էր․ «Գերազանց գնահատականներով ավարտել է դպրոցը, բարձր բալերով ընդունվել Վանաձորի մանկավարժական ինստիտուտի Կերպարվեստ և գծագրություն բաժինը և կարմիր դիպլոմով ավարտել այն»։
Գոռը դեռ շատ փոքր տարիքից մեծ սեր ուներ արվեստի նկատմամբ, իսկ նկարչությունը իր տարերքն էր։ Տիկին Ալիսան ժպիտով է հիշում, որ որդին գրեթե ամեն տեղ նկարում էր․ «Եթե անտառում էր, փայտով կամ տերևներով ինչ որ բան էր նկարում, գետակի մոտ էր, ապա ավազով էր նկարում, վառվող կրակի մոտ էր՝ ածուխով էր նկարում, դե դասամիջոցներին էլ կավիճով էր նկարում»։
Գոռը շատ էր սիրում իր նկարները նվիրել։ Տիկին Ալիսան իր զոհվելուց հետո է իմացել, թե որքան նկարներ է նվիրել ոչ միայն ընկերներին և հարազատներին, այլև անծանոթ մարդկանց։ Հերոս տղայի նկարները այսօր արդեն աշխարհի տարբեր ծայրերում են։
Գոռը բազմաժանր նկարիչ էր, նկարում էր թե՛ տաք, թե՛ սառը գույների մեջ․ «Տղաս նկարում էր ամեն ինչ, ունի արվեստի մոտ 100 գործ, որոնց պահպանությունը ինձ համար գրեթե անհնար է, քանի որ տունս փոքր է։ Եթե լինի բարեհոգի մեկը, ով կկառուցի Գոռիս թանգարանը, շնորհակալ կլինեմ»։
Գոռն իրական հայի տեսակ էր, ում համար հայրենիքը արժեք էր ու սրբություն։ Ընդամենը 18 տարեկանում, երբ եկավ բանակ գնալու ժամանակը, քաջ տղան ինքնակամ՝ սեփական դիմումի համաձայն ծառայության անցավ Արցախում։ Ծառայել է ներքին Հորաթաղում որպես հրետանավոր։ Բանակից վերադարձել է ավագ սերժանտի կոչումով։
Պատերազմները կարմիր թելի պես անցնում են Գոռի կյանքի կարճ, բայց միևնույն ժամանակ արժեքավոր ճանապարհով։ 2016 թ.-ի Ապրիլյան պատերազմին հերոս տղան կամավոր մեկնեց ռազմաճակատ․ «Ապրիլյան պատերազմից, Փառք Աստծո, վերադարձավ, բայց ինձ նվիրեց մի կտավ։ Դա իր ոտնահետքն էր, որ դրեց կտավին ու նկարեց։ Իսկ իմ հարցին, թե ինչու՞ արյունոտ ոտնահետք, պատասխանեց, որ այդ կտավի իմաստը տարիներ հետո ենք հասկանալու։ Հիմա արդեն հասկանում եմ․․․»։
Տիկին Ալիսան Գոռի ռազմաճակատում լինելու մասին իմացել է, երբ նա արդեն գնացել էր, բայց ասում է ՝ վստահ էր, որ վերադառնալու է փառքով։ Այդպես էլ եղավ, Գոռի վերադարձը չուշացավ։
Ցավոք, 2020 թվականի չարաբաստիկ պատերազմը Գոռին ևս չշրջանցեց։ Մինչև հոկտեմբերի 31-ը հրամատարությունը պայքարել է, որ հայորդին չմեկնի ռազմաճակատ։ Բայց քաջ տղան պարտադրաբար գրել է իր անունը սահման մեկնողների ցուցակում ու գնացել կռվի՝ միայն ու միայն հաղթանակի սպասումով։ Զինակից ընկերները պատմում են, թե ինչպես է Կովսական բարձրանալու ժամանակ նայել Արաքսի հովտին ու ափսոսացել, թե ինչ հայրենիք ենք կորցրել։ Նա չգիտեր, որ կարճ ժամանակ անց ողջ ազգն էր ափսոսալու իր պես զավակ կորցնելու համար։ Տիկին Ալիսայի հետ զրույցից պարզ է դառնում, թե որտեղից է գալիս Գոռի հայրենասիորթյունը։ Առյուծածին մայրը ասում է․ «Հայը պետք է լինի հայրենասեր, ես իմ որդուն այլ կերպ չէի էլ պատկերացնում»։ Տիկին Ալիսան այս կյանքում կորցնելով ամենաթանկին, մեկ է հայրենիքն համարում է բարձրագույն արժեք ու պատրաստ չէ այն տեսնել ծնկի եկած։
Պատերազմի ընթացքում Գոռը զրուցել է մայրիկի հետ, երբեք չի բողոքել, ընդհակառակը, միշտ ոգևորել է․ «Խոսում էինք ամեն օր, 2-3 րոպե։ Կռվից խոսելիս միայն ասում էր՝ հաղթելու ենք, թուրքն ու՞մ շունն է» ։
Գոռը զոհվել է նոյեմբերի 8-ին ԱԹՍ-ի հարվածից, զինակից ընկերոջը փաթաթված։ Հայրենասեր ու անձնվեր տղան կռվեց մինչև վերջին շունչը ու զոհվեց հանուն գալիքի։ Գոռը վստահ էր, որ ապագա սերունդներին կանգուն ու հզոր հայրենիք է փոխանցելու։ Հերոսի մահից հետո ծնվեց եղբորորդին, ում անվանակոչեցին Գոռ ու այսօր դաստիարակում են իրական արժեքներով։ Տիկին Ալիսան թոռնիկի ծնունդը պատհականություն չի համարում։ Հերոսը երազի միջոցով մորը հայտնել է իր գալստյան մասին՝ ասելով, որ մենակ չի թողնի։
«Ես շնորհակալ եմ Աստծում, որ հենց Գոռն է իմ զավակը՝ հայրենասեր ու հայապաշտ։ Դեռ պ՛իտ կերտենք որդուս երազանքների հայրենիքը․․․»,-ասում է հերոսածին մայրը։
Նելլի Իգիթյան
4-րդ կուրս