Այսօր շատ հոգեբաններ և նյարդաբաններ խորհուրդ են տալիս երեխաներին հեռու պահել մուլտֆիլմերից և հեքիաթներից, քանի որ դրանք շատ մեծ դեր ունեն ախտորոշիչ և թերապևտիկ իմաստով:
«Մադաթյան» հոգեբանական կենտրոնի նախաձեռնող ղեկավար, կլինիկական հոգեբան Միհրդատ Ռոստոմի Մադաթյանը վստահեցնում է, որ երեխաների վրա նույն կերպ են ազդում ինչպես տեսողական կերպարները, այնպես էլ լսողական.
«Ձեզ համար բոլորովին անվնաս հեքիաթները կարող են ճակատագրական դեր ունենալ ձեր երեխայի կյանքում և վարքագծում, քանի որ փոքրիկը փորձելու է այնպիսի հերոսներ և խնդիրներ ստեղծել իր կյանքում, ինչպիսիք ներկայացված են հեքիաթներում կամ մուլտֆիլմերում, չէ որ նրանք սիրում են հերոսներ լինել և ընդօրինակումներ անել: Բազմաթիվ հեքիաթներ կան, որոնք իրենց էությամբ բացասական են, ուստի զգուշանալ է պետք»,- ասում է պարոն Մադաթյանը:
Հոգեբանները պնդում են, որ հեքիաթները, որոնք պատմվում են քնելուց առաջ, լավ են մտապահվում։ Փոքրիկների աշխարհընկալումը շատ ավելի սուր է։ Նրանք միանգամից իրենց վրա են վերցնում ցանկացած սյուժե և դառնում տվյալ պատմության հերոսը կամ հերոսուհին:
Կան բազմաթիվ ուսումնասիրություններ, որոնք ենթադրում են, որ հեքիաթները կարող են հանգեցնել ցածր ինքնագնահատականի: Օրինակ՝ աղջիկ երեխաների մոտ այս երևույթը պայմանավորվում է արքայադստեր պայմանական կերպարով: Նրբագեղ ու հրապուրիչ կերպարները մեծ վնաս կարող են հասցնել այն բոլոր փոքրիկներին, ովքեր չեն համապատասխանում նկարագրին, իսկ հեքիաթների մուլտիպլիկացիոն տարբերակները կարող են էլ ավելի խորացնել սթրեսը:
Չի բացառվում, որ որոշ հեքիաթներ կարող են սարսափելի լինել փոքրիկների համար, ինչը կարող է մղձավանջների պատճառ դառնալ: Մեզանից յուրաքանչյուրին կյանքում գոնե մեկ անգամ վախեցրած պիտի որ լինեն` «Չար կախարդը», «Բոբո ձյաձյան», «Մեշոկ պապին» ու նման օրինակ այլ կերպարներով, որոնք տարիներ շարունակ մնացել են մեր ենթագիտակցության մեջ: Չար կախարդը մի կերպար է, որը հեքիաթներում շատ է հանդիպում, և որին երեխաները չեն սիրում, ավելին` վախենում են: Շատ հոգեբաններ և նյարդաբաններ հորդորում են զերծ մնալ նման կերպարների մասին փոքրիկներին պատմելուց:
Հեքիաթը առաջին հերթին պետք է լինի բարի: Հաճախ դրանց վերնագրերն անգամ կարող են խեղել երեխայի պատկերացումները: Օրինակ` «Կռնատ աղջիկը» կամ «Հենզելն ու Գրետելը» հեքիաթներում պատմվում է այն մասին, թե ինչպես են ծնողները տանից դուրս հանում իրենց երեխաներին: Այսպիսի պատմությունները երեխայի ուղեղում ծնողի նմանատիպ մոդել են ձևավորում, որն էլ կարող է սթրեսի պատճառ հանդիսանալ:
«Բարու և չարի մասին խոսելիս մի՛ մոռացեք, որ հեքիաթները խթանում են ստեղծագործական մտածողությունը և հաղորդում անսպառ երևակայություն: Հորինե՛ք ձեր իսկ հեքիաթները և թող դրանք միայն բարի լինեն, իսկ եթե ժամանակը չի բավարարում, ընտրեք բացառապես դրական մուլտֆիլմեր»,- ասում են նյարդալեզվաբանական ծրագրավորման ուղղությամբ աշխատող գիտնականները և հոգեբանները:
Գոհար Հարությունյան
4-րդ կուրս