Որոշում, որը հաղթած լինելն է

Որոշում, որը հաղթած լինելն է

203

 «Ես կարողացա ապրածս մղձավանջը  թողնել անցյալում: Երկար ժամանակ պահանջվեց մինչ հավատացի, որ այն այլևս չի կրկնվի: Դժվար էր կառուցել ներկա, բայց ես դա արեցի … » :

Լիլիթին  իր ծնողներն ամուսնացրեցին 17 տարեկանում` սոցիալական ծանր պայմաններից դրդված, չենթադրելով անգամ, թե ինչ էր սպասվում իրենց դստերը:

«Մենք  նույն գյուղից էինք: Ամուսինս  համեմատաբար ֆինանսապես  ապահովված ընտանիքից էր,  ում,  ինչպես պարզվեց հետո, պետք էր ոչ թե կին, այլ  ստրուկ: Երեք տարի եղել եմ ոչ մեկը, ենթարկվել հոգեբանական ճնշումների, ֆիզիկական դաժան խոշտանգումների: Բազմիցս  անմարդկային ծեծից հետո բռնության եմ ենթարկվել սեփական ամուսնուս կողմից և որ ամենադաժանն է` հարմարվել այդ ամենին»:

Լիլիթը խոստովանում է, որ շատ անգամներ է ցանկացել հեռանալ, սակայն անորոշությունը, ֆինանսական անկայունությունը և գնալու տեղ չունենալու հանգամանքները  միշտ  խանգարել են իրեն:  

Հոգեբան Արփինե Հարությունյանը  մեզ հետ զրույցում փորձեց մանրամասն ներկայացնել բռնության ենթարկված անձի հոգեբանությունը:

«Հիմնականում ընտանիքում բռնության ենթարկված կանայք կամ դժվար են պատմում իրենց խնդիրների մասին, կամ չեն պատմում երբեք: Նրանք  վախենում են լինել չհասկացված, վախենում են  հասարակության մեղադրանքներից, կարծիքներից ու կարծրատիպերից և իհարկե բռնարարից: Մարդը,  ում անընդհատ ճնշում են, ամեն կերպ իջեցնում ինքնագնահատականը, պահում նյարդային լարված վիճակներում, ժամանակի հետ կրճատվում, ձևափոխվում  է` սկսելով  հանդուրժել բռնությունը»:

Հոգեբանը պնդում է, որ  անձն  ինքն է ընտրում այն կաղապարը,  որում  պիտի շարունակի լինել: Նա հավաստիացնում է` «զոհը» կարող է շարունակել լինել անզոր, կարող է գնալ հուսահատ քայլերի և կարող է պայքարել հանուն իր իրավունքների: Դժվարը համարձակություն գտնելն է և ընտրություն կատարելը:

«Երևան էր գնացել: Ես ինձ լավ չէի զգում: Զանգերիս չէր պատասխանում: Հարևանուհիս համոզեց, որ բժշկի գնանք: Գնացինք: Այնքան ուրախ էի, երբ իմացա, որ մայր եմ դառնալու: Երբ վերադարձա, չհասցրի անգամ ասել որտեղ էի: Մազերիցս բռնեց ու քարշ տվեց լոգարան: Մի քանի անգամ գլուխս մտցրեց ջրով լի  դույլի մեջ: Վերջապես ես հասցրի բղավել, որ հղի եմ: Մազերս բաց թողեց և հեռացավ»,-  պատմում է Լիլիթը:

«Արթնացա ցավից: Բրդի ճիպոտը ձեռքին կանգնած էր: Ասում էր,  որ սպանելու է ինձ, որ դավաճանում եմ իրեն, որ երեխան ուրիշինն է: Չեմ հիշում, թե քանի անգամ հարվածեց: Մտածում էի միայն երեխայիս մասին: Դուռը բաց էր թողել` բանալին վրան էր: Համարձակություն էր պետք, որ վազեի դեպի դուռը, դուրս  գայի տանից  ու հետևիցս փակեի դռան կողպեքը, այդպես էլ արեցի»:

Լիլիթը տանից դուրս գալուն պես վազում է դեպի ոստիկանություն, որտեղ նրանից ցուցմունք են  վերցնում և տեղափոխում հիվանդանոց:

«Ընդդեմ  կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» ներկայացուցիչ,  հրապարակախոս և իրավապաշտպան  Զարուհի  Հովհաննիսյանը գտնում է,  որ  ըստ  «ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին»  ՀՀ օրենքի` պետությունն ավելի շատ պարտավորություններ  ունի ընտանեկան բռնության  զոհ դարձած անձանց  հանդեպ, քան առաջ էր:

«Ինչ վերաբերում է հանրային սեկտորին, ապա հասարակական կազմակերպությունների փորձը այս ոլորտում շատ ավելի մեծ է: Առնվազն տասնհինգ տարի գործող կազմակերպություններ կան, որոնք ունեցել են նաև ապաստարանային ծառայություններ: Կոնկրետ մենք կուալիցիայի կազմում ունենք մի քանի գործող ապաստարաններ, որտեղ տրամադրում ենք հոգեբանական, սոցիալական և իրավական աջակցություն, նաև կացարանի տրամադրում»,-  ասում է հրապարակախոսն՝ ավելացնելով, որ ապաստարանները ֆինանսավորվում են բացառապես հասարակական կազմակերպությունների կողմից, և ՀՀ կառավարությունը ոչ մի ֆինանսական աջակցություն չի տրամադրում:

«Երբ բժշկական  հետազոտության էի հիվանդանոցում, բուժքույրերից մեկն ինձ տվեց ընտանեկան բռնությունից տուժածների հետ աշխատանքի ուղեցույց, որը օգնեց ոչ միայն փոխել ներկաս, այլ նաև կառուցել  ապագաս»,- ասում է Լիլիթը:

Հիվանդանոցից դուրս գալուց հետո նա դիմում է «Կանանց աջակցման կենտրոն», որտեղ նրան ընդունում են գրկաբաց:

«Ընդդեմ կանանց նկատմամբ կոալիցիայի» կողմից տրամադրած ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝  ՀՀ-ում տարեկան գրանցվում է ընտանեկան բռնությունների շուրջ 2500 դեպք՝ մեծամասամբ ուղղված կանանց դեմ:

«Այսօր ես ինքս եմ  դարձել կանանց իրավունքների պաշտպան: Աշխատում եմ ապաստարանում և փորձում օգնել ինձ պես բռնության զոհ դարձաց կանանց ` հորդորելով պայքարել, չհարմարվել, լինել համարձակ: Ես պատմում եմ բոլորին իմ պատմությունը և ինձ նման շատ այլ կանանց պատմություններ՝  հույս ունենալով, որ նրանք ևս մի օր կկայացնեն շրջադարձային որոշում: Որոշում, որը կլինի հաղթած լինելը»,-  այսպես իր խոսքը եզրափակեց Լիլիթը, որն այսօր ապրում է մոր և որդու հետ՝ կիսելով նրանց հետ իր ձեռքբերումներն ու հաջողությունները:

Գոհար Հարությունյան

4-րդ կուրս

Կիսվել