Ինչու՞ սովորել օտար լեզու․ 5 պատմություն ոչ սովորական լեզուների գիտակների կողմից

Ինչու՞ սովորել օտար լեզու․ 5 պատմություն ոչ սովորական լեզուների գիտակների կողմից

489

Մտածել կորեերենով, հասկանալ թշնամու լեզուն, ապրել Ճապոնիայում և սովորեցնել չինարեն։ Ամեն քայլափոխի չես հանդիպի այս լեզուներին տիրապետող մարդկանց։ Մեր հերոսները ընտրել են այս 5 լեզուներից մեկը և մեզ պատմել իրենց  ընտրության, սովորելու ընթացքի, դժվարությունների և շրջապատի արձագանքի մասին։

ԷՐԻԿԱ ՄԱՃԿԱԼՅԱՆ

21 տարեկ    

Կորեերեն

«Հաճախ առօրյայում օգտագործում եմ կորեերեն բառեր ու մոռանում եմ, որ դիմացինս կարող է չհասկանալ ասածս»:

«18 տարեկան էի, երբ սկսեցի լսել կորեական BTS խմբի երեգերը։ Ես ուզում էի հասկանալ, թե ինչի մասին են երգում իմ սիրելի արտիստները։ Ու սկսեցի ինքնուրույն սովորել կորեկան այբուբենը։ Հետո արդեն հաճախում էի կորեերենի դասերի ասիական լեզուների կենտրոնում։ Այնտեղ հենց կորեացիներ էին դասավադում։ Սովորում էինք կամ անգլերեն կամ ռուսերեն թարգմանելով։ 2 օրում արդեն վարժ գիտեի կորեական տառերը։ Այո, կորեերենը  հիերոգլիֆների փոխարեն ունի տառեր։ Այն բաղկացած է 24 տառերից։

Համալսարանում իմ սոնսենիմը՝ կերեերենի դասախոսը, խոսում էր միայն կորեերենով։ Մենք կարող էինք բառերի ութսուն տոկոսը չհասկանալ, բայց նա մեկ է՝ խոսում էր, ու մի ամբողջ ութսուն րոպե մենք ապրում էինք կորեական կյանքով։

Առաջ աշխատում էի կորական կազմակերպությունում և ամեն օր 8 ժամ կորեերեն էի խոսում։ Երբ գալիս էին կորեացի հաճախորդներ, նրանց սպասարկում էինք հենց կորեերենով՝ չնայած նրան, որ աշխատում էինք Հայաստանում։

Շատ հաճախ կորեերենով եմ մտածում։ Առօրյայում էլ օգտագործում կորեական բառեր ու մոռանում եմ, որ դիմացինս  կարող է չհասկանալ ասածս։ Ես շատ կորեացի ընկերներ ունեմ հենց Հայաստանում, և հաճախ կորեերենով ենք խոսում, եթե չենք ուզում ուրիշները հասկանան մեր ասածները։ Ընտանիքիս անդամներին էլ որոշ արտահայություններ սովորեցրել եմ, և տանը օգտագործում ենք խոսքի մեջ։

Կարող եմ վաստահ ասել, որ Հայաստանում դեռահասների մեծամասնությունը սովորում է կորեերեն՝ ոգեշնչվելով կորեական մշակույթից։ Եվ իսկապես, եթե մշակույթը չսիրող կամ երգերը չլսող մարդկիկ փորձեն սովորել՝ իրենց համար շատ-շատ բարդ է լինելու»։

ԱՆՆԱ ՊԱԼԱՔՅԱՆ

21 տարեկանն

Թուրքերեն

«Ինձ համար թուրքերենը բավական գեղեցիկ լեզու է, ու կարծում եմ, նաև նման է հայերենին»։

«Երբ սկսել եմ թուրքերեն սովորել, ոչ ոքի չի իմացել դրա մասին։ Վստահ չէի, որ ինձ մոտ կստացվի։ 2017 թվականից եմ սովորում։ Երբ տանը ասացի, ամենաշատը հայրիկս ուրախացավ։ Շատ տարբեր մեկնաբանություններ եմ լսել հետո։ Եղել է, որ ասեն «ինչի՞ ես դրանց լեզուն սովորում», «ինչի՞ եք էտ կեղտոտ բաները բերում մեր երկիր»։ Բայց ես արդեն սովորում էի ու ինձ կոտրելը դժվար էր։

Բավական երկար ժամանակ ինքնուրույն եմ սովորել։ Իրականում, երբ այլ ելք չես ունենում, ստիպված ես լինում գնալ ինքնուրույն սովորելուն։ Այդ ժամանակ ես դեռ գյուղում էի, չէի աշխատում։ Ծնողներիցս էլ գումար խնդրել չէի ուզում։ Ճիշտ է, սկզբում գրեթե ոչ մի բան չէի հասկանում, բայց բառեր էի անգիր սովորում, թուրքերենով հաղորդում էի նայում։ Չկար մարդ, ում հետ կկարողանայի թուրքերեն խոսել։ Այդ բացը լրացրել եմ ինձանով․ դիալոգներ էի կազմում ու ինքս ինձ հետ խոսում։ Բայց հիմա արդեն պարապում եմ մասնագետի մոտ։

Թուրքերենը ինձ համար բավական գեղեցիկ լեզու է, ու կարծում եմ նաև նման է հայերենին։ Ես լոռու մարզից եմ ու մեր գյուղում շատ տեղանուններ կան, որ թուրքերեն են, բայց ես այսքան ժամանակ չէի իմացել։

Հիմա լրատվականում, որտեղ աշխատում եմ, շատ հաճախ եմ անում թուրքերենից թարգմանություններ։ Ու այս ընթացքում հանդիպել եմ դեպքերի, երբ մեր լրատվականները սխալ են թարգմանում որևէ բան։ Կարծում եմ՝ մեր իրավիճակում շատ կարևոր է ամեն մի դետալը, ամեն մի բառը ճիշտ թարգմանել։

Սկզբում մտածում էի, որ թշնամի երկրի լեզու է ու պիտի լավ իմանամ, բայց նաև մտածում եմ, որ օրերից մի օր հնարավոր է հարաբերույթունների կարգավորում լինի։ Գուցե սահմաները բացվեն։ Կարծում եմ, որ կարող եմ այդ գործընթացի մի մասնիկը դառնալ ու սովուրում եմ հենց այդ նպատակով»։

ՄԻԼԵՆԱ ԽԱՆԱՂՅԱՆ

22 տարեկան

Չինարեն

«Եթե որևէ մեկը ասի, որ լիարժեք տիրապետում է չինարենին, չեմ հավատա, նույնիսկ եթե ասողը հենց չինացի լինի»:

Մոտավորապես 5-6-րդ դասարաններում դասընկերներիցս մեկը ասաց, որ չինարենի մասնագետ է դառնալու, իսկ ես բավականին երկար ծիծաղեցի և նրան տարօրինակ համարեցի այդ որոշման համար։ Հիմա նա լրիվ ուրիշ ոլորտում է, իսկ ես՝ չինարենի մասնագետ եմ։

Երբ իմանում են, որ չինարեն եմ ուսումնասիրում, զարմանում են, հետաքրքրվում, շատ հաճախ ծիծաղում, բայց, անկեղծ ասած, դա ինչ-որ տեղ ինձ դուր է գալիս, կարծես յուրահատկություն է հաղորդում ինձ։

Եթե որևէ մեկը ասի, որ լիարժեք տիրապետում է չինարենին, չեմ հավատա, նույնիսկ եթե ասողը լինի հենց չինացի։ Չինարեն անհրաժեշտ է սովորել ամեն օր, դարձնել առօրյայի մի մասը։ Քանի որ չինարենը, որպես այդպիսին, այբուբեն չունի և բաղկացած է հիերոգլիֆներից, որոնց թիվը անցնում է 80․000-ը։ Սկզբնական շրջանում կարելի է սովորել օրական 10-15 հիերոգլիֆ, որոշ ժամանակ հետո դրանց թիվը դարձնել 40-50, կամ ավելի։ Այնուամենայնիվ, առօրյա շփման համար դրանք բոլորն իմանալը պարտադիր պայման չէ։ Օրինակ՝ սովորական օրաթերթ կարդալու համար 4-5000 հիերոգլիֆի իմացությունը բավական է։

Ամենամոտ ընկերներս՝ իմ նախկին կուրսընկերները, հրաշալի տիրապետում են չինարենին, և երբեմն փորձում ենք զրուցել նաև չինարենով, սակայն անկեղծ կլինեմ, դա ոչ հաճախ պատահող երևույթ է, քանի որ առանց այն էլ մեր կյանքը լի է չինարենով, և փորձում ենք այլ միջոցներով լրացնել ազատ ժամանակը։

Առաջին մասնագիտությամբ չինարենի թարգմանիչ եմ։ Չնայած աշխատում եմ անգլերենի թարգմանիչ և զբոսավար, սակայն, զուգահեռ այս ամենին, ունեմ աշակերտներ, որոնց հետ պարապում եմ չինարեն։ Հիմա մեծ տենդենս է նկատվում․ դպրոցահասակ երեխաները սկսում են չինարեն սովորել։ Քանի որ, երբ բացվեց հայ-չինական բարեկամության դպրոցը, ոգևորությունը շատ մեծացավ։ Հիմնականում ծնողներին են դրդում, որպեսզի երեխաները սովորեն չինարեն, բայց ասեմ, որ աշակերտներիցս շատերը մեծ ոգևորությամբ են սովորում այն։ Իրականում, ապագայի երկիրն է Չինաստանը, և հենց դրա համար են ծնողները ցանակնում, որ իրենց երեխաները տիրապետեն այս լեզվին»։

Վիոլետա Դարգանյան

27 տարեկան

Ադրբեջաներեն

«Երբեք չես կարող ասել, թե ինչ իրավիճակում կհայտնվես, ու գուցե մի օր իմացածդ լեզուն հենց քո կյանքը փրկի»։

«Վա՜յ, ո՞նց, դու՞, ադրբեջաներե՞ն», «մի րոպե, դու հայ չե՞ս, Հայաստանում չե՞ս ծնվե,լ մեծացել»։ Նմանատիպ հարացրդումներ շատ եմ լսում, երբ շրջապատում իմանում են, որ ադրբեջաներեն գիտեմ։ Բայց ես հայ եմ ու ծնվել եմ Հայաստանում։ Իմ մայրը և հայրը Ադրբեջանում են ապրել։ Իրենք թուրքերի մեջ են մեծացել, բայց 80-ականներին եկան Հայաստան մշտական բնակվելու։ Ես էլ ծնվել եմ այստեղ՝ հայ-վրացական սահմանի գյուղերից մեկում։ Լսած կլինեք, հայ-վրացական սահմանանին շուկա կար, ասում էին «Սադախլուի շուկա»։ Ու մինչև շուկայի փակվելը, ադրբեջանցիներ շատ էին գալիս, ու մենք շփվում էինք հիմանկանում հենց ադրբեջաներենով։ Հիշում եմ նաև, որ հեռուստացույցով ադրբեջանական ալիքներ կային՝ «LiderTV» , «AzTV» «Ictimai-tv», ու մերոնք միշտ նայում էին նորություններն ու հաղորդումները։ «Жди меня» հաղորդման իրենց տարբերակը ունեին, ու ես նայում ու լացում էի։ Չգիտեմ ինչու՝ թուրքի համար լացում էի։ 5 կամ 6 տարեկան կլինեի այդ ժամանակ, ու անընդհատ թե՛ հեռուստացույցով, թե՛ իրենց խոսակցությունները լսելով՝  սկսեցի պարզ հասկանալ և խոսել այդ լեզվով։

Ես ինֆորմատիկայի ուսուցչուհի եմ։ Ադրբեջաներենի մասնագետ չդարձա, բայց մինչև 20 տարեկան միշտ ուզել եմ խորացնել գիտելիքներս՝ որպես ադրբեջաներենի թարգմանիչ։ Փաստը մնում է այն, որ չես իմանա, թե որտեղ ու ինչպես պետք կլինի ադրբեջաներենը։ Ասում են, կոպիտ լեզու է, իսկ ինձ համար այն կոպիտ չէ: Ինձ դուր է գալիս, որ ես գիտեմ իմ թշնամու լեզուն։ Երբեք չես կարող ասել, թե ինչ իրավիճակում կհայտնվես, ու գուցե մի օր իմացածդ լեզուն հենց քո կյանքը փրկի»:

Մարիաննա Աբրահամյան

19 տարեկան

Ճապոներեն

«Ես գնացել էի ապագա։ Մոտ 400 տարի Հայաստանից առաջ է Ճապոնիան»:

«Ես Ճապոնական անիմեներ էի նայում փոքր տարիքում։ Շատերիս ծանոթ «Naruto»-ն ոգեշնչեց ինձ սովորել ճապոներեն։ Այդ ժամանակ 12 տարեկան էի։ Ժամանակ չկորցրեցի ու համացանցով՝ անգլերեն թարգմանությամբ, սկսկեցի ինքնուրույն պարապել։ Մեկ տարի հետո արդեն ուսուցչի հետ էի սովորում։ Ճապոներեն սովորելիս բառերը ամբողջ տնով մեկ փակցնում էի պատերին, ու ծնողներս էլ ինչ-որ չափով, անկախ իրենց կամքից, սովորում էին ինձ հետ։

Ճապոներենում օգտագործվում է գրերի 3 տեսակ՝ հիրագանա, կատականա և կանջի։ Այս 3 գրերն էլ միասին են օգտագործվում։ Հիմնական գիրը հիրագանան է։ Կատականան օգտագործում են օտար բառերը գրելու համար, իսկ կանջին չինական հիերոգլիֆներն են, և ավագ դպրոցն ավարտած յուրաքանչյուր ճապոնացի պետք է իմանա մոտ 3000 կանջի։

Ինձ հաջողվել է 2019 թվականին գնալ Ճապոնիա և մեկ ամիս սովորել Տոկիոյի «Tamagawa Gakuen» ակադեմիայում։ Ապրում էի «հոսթ» ընտանիքում (հյուրընկալ ընտանիք)։ Ունեի 6 տարեկան «հոսթ» քույր և 11 տարեկան «հոսթ» եղբայր։ Ընտանիքում ոչ ոք չէր խոսում այլ լեզվով։ Ուզած-չուզած ճապոներեն էի խոսում, ինչը հիանալի էր։ Ես գնացել էի ապագա։ Մոտ 400 տարի Հայաստանից առաջ է Ճապոնիան։

Հիմա ապրում եմ Եվրոպայում և օնլայն դասավանդում եմ ճապոներեն։ Ուսանողներս Հայաստանի, Կանադայի և Ռուսաստանի դեռահասներն են հիմնականում։ Հուսամ այստեղ՝ Եվրոպայում էլ շուտով նոր ուսանողներ կունենամ։ Նաև 2 հեղինակային ինքնուսույց եմ հրապարակել սկսնակների համար, որոնք վաճառվում են Հայաստանի գրախանութներում։

Իրականում Ճապոներենը այնքան էլ բարդ լեզու չէ, ինչքան երևում է։ Այն հեշտ է անգամ անգլերենից, որովհետև ինչպես գրում, այնպես կարդում ենք բառերը։ Ինքս հիմա 6-րդ լեզուն եմ սովորում ու վստահ եմ՝ ամեն բան կախված է մարդու աշխատասիրությունից»։

Լիանա Հովհաննիսյան

4-րդ կուրս

Կիսվել