Համացանցը սկսել է ձևավորվել 1960-ական թվականներից: 2000-ականների վերջին համացանցային ծառայությունները և տեխնոլոգիաները ներառվել են մարդկային կյանքի գրեթե բոլոր ոլորտներում։ Համացանցը ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր, հատկապես, երբ խոսքը վերաբերում է երեխաներին և դեռահասներին:
Գիտության և տեխնիկայի արագընթաց զարգացման ժամանակաշրջանում հնարավոր չէ պատկերացնել կյանքն առանց համացանցի, մյուս կողմից էլ այդ ինֆորմացիայի մեծ հոսքը բերում է ժամանակի կորստի և կենդանի շփման պակասի: Ժամանակակից կյանքում անգամ նախադպրոցական տարիքի երեխաների համար համացանցը կյանքի անբաժանելի մասնիկն է: Երեխան աշխարհը ճանաչում է համակարգչի միջոցով` խաղեր, մուլտֆիլմեր, նկարներ և այլն: Հոգեբան Նաիրա Մնոյանի խոսքով՝ համացանցի բացասական հետևանքները կարող են իրենց հետքը թողնել հոգեկան գործընթացների, հոգեվիճակների, անձնային հատկությունների ձևավորման, միջանձնային հարաբերությունների վրա:
«Համացանցը ազդում է երեխայի աշխարհայացքի ձևավորման վրա. այն լի է անորակ, չճշգրտված ինֆորմացիաներով, էրոտիկ բնույթի նկարներով ու տեսանյութերով, որոնք կարող են կլանել անգամ հասուն ու գիտակից մեծահասակներին: Չի բացառվում, որ երեխաները ևս նմանօրինակ ինֆորմացիայի հանդիպեն»,-նշեց հոգեբանը:
Համացանցից ներկայումս օգտվում է աշխարհի բնակչության կեսից ավելին՝ ըստ հաշվարկների 4.3 միլիարդ մարդ: Համացանցը մեծ քանակությամբ ինֆորմացիա առաջարկելուց բացի, հնարավորություն է տալիս մարդկանց շփվել իրար հետ ՝անգամ գտնվելով միմյանցից հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա: Սակայն, երբ խոսքը վերաբերում է երեխաներին, միշտ չէ, որ վիրտուալ շփումը դրական ազդեցություն է ունենում:
Ներառական կրթության ուսուցիչ Նունե Սիմոնյանի խոսքով՝ մարդկային փոխհարաբերություններում խոսքի ազդեցությունը կազմում է յոթ տոկոս, այսինքն համացանցով շփվելիս շատ մեծ է իրար չհասկանալու հավանականությունը:
«Վիրտուալ շփումը երեխաների մոտ առաջացնում է բազմաթիվ խնդիրներ. խնդիրներ են ծագում կապված խոսքի և շրջապատող մարդկանց հետ շփվելու ունակության հետ: Ուստի ցանկալի է վիրտուալ շփումը փոխարինել կենդանի շփմամբ»,-նշեց Սիմոնյանը:
Կա նաև հակառակ պնդումը. Ավստրիայի և Շվեյցարիայի գիտնականները հերքել են տեսակետն այն մասին, որ համացանցով շփումը տարբերվում է իրական կյանքում ունեցած շփումներից: Նրանք նաև պարզել են, որ ցանցի ճնշող մեծամասնությունը պահպանում է վարքի կանոնները: Հետազոտության շրջանակում գիտնականները վերլուծել են IRC (Internet Relay Chat) ցանցերում օգտատերերի շփումները: 42 օրվա ընթացքում նրանք հետևել են 20 միլիոն օգտատերերի 2,5 մլն հաղորդագրություններին: Շփման թեման բազմազան է եղել՝ երաժշտություն, սպորտ, բիզնես, քաղաքականություն և այլն: Հաղորդագրությունների 85 տոկոսը կրել է չեզոք կամ դրական բնույթ:
Ոչ միայն սոցցանցերը, այլև համակարգչային խաղերը լուրջ խնդիր են երեխաների դեպքում: Նրանք նույնանում են իրենց վիրտուալ կերպարի հետ՝ դառնալով ագրեսիվ, կոնֆլիկտային, դյուրագրգիռ ու նյարդային: Տուժում են ծնողների հետ հարաբերությունները, հատկապես երբ նրանց փորձում են հեռացնել համակարգչից: Արդյունքում՝ երեխաների մոտ կարող է ձևավորվել այն դիրքորոշումը, որ եթե վիրտուալ աշխարհում կարելի է, թույլատրելի է սպանել, կործանել ու քանդել, ապա դա կարելի է անել նաև իրական աշխարհում:
Համացանցից կախումը ունի ոչ միայն հոգեբանական, այլև ֆիզիկական վատ ազդեցություն: Այս մասին զրուցել ենք ֆիզիոթերապևտ Ռուբեն Հակոբյանի հետ:
«Նստակյաց կյանքը, ժամերով համակարգչի դիմաց անշարժ նստելը, սմարթֆոններից և պլանշետներից կախվածությունը չարիք են մեր ողնաշարի համար։ Ֆիզիկապես պասիվ կենսակերպը խանգարում է արյան շրջանառությանը, որն էլ կարող է իր հերթին շարքից հանել մեր մյուս օրգանները։ Այդ իսկ պատճառով խրախուսվում է ակտիվ առօրյան, քանի որ նստակյաց կյանքը կբերի բազմաթիվ առողջական խնդիրների»,- նշեց Հակոբյանը:
Համացանցից կախում ունեցող երեխաներին ծնողները շատ հաճախ արգելում են օգտվել սոցցանցերից, կամ վերցնում են համակարգիչնը/հեռախոսը: Հոգեբանի խոսքով՝ երեխային «չի կարելի» ասելը կունենա հակառակ ազդեզությունը:
«Ծնողները չեն կարող լիովին արգելել երեխային համակարգչից օգտվել, քանի որ այս դեպքում երեխան իրեն ընկճված, տարբերվող կզգա այլ երեխաների մեջ: Ծնողական արգելքը պետք է հիմնավոր լինի: Ծնողներին խորհուրդ է տրվում բացատրել երեխաներին, որ կայքերը կարող են լինել «վատ» և «լավ», որ համացանցում տարբեր մարդիկ են շփվում, որևէ կասկածելի և վատ բան նկատելու դեպքում, տեղեկացնեն ծնողին»- նշեց հոգեբանը:
Նարե Թորանյան
4-րդ կուրս