ՍԿՈԼԻՈԶ. առաջացման պատճառներ, ախտանշաններ եւ բուժում

ՍԿՈԼԻՈԶ. առաջացման պատճառներ, ախտանշաններ եւ բուժում

1838

Կեցվածքայի շեղումները, ողնաշարային ցավերն ու բնածին թերությունները թերեւս ամենատարածված եւ անհանգստացնող խնդիրներից են, որոնք վերջին շրջանում զգալիորեն երիտասարդացել են։ Այսօր, հատկապես, մանկահասակ երեխաների շրջանում առավել լայն տարածում գտած հիվանդությունների շարքում են ողնաշարի ծռումները, որոնք լինում են երեք տեսակի` կողային սկոլիոզ, դեպի հետ` կիֆոզ եւ դեպի առաջ` լորդոզ։ Ստորեւ կհասկանանք, թե ինչ է սկոլիոզը։

«Սկոլիոզը ողնաշարի անբնական վիճակն է, երբ ողնաշարը թեքված է լինում կողմնային հարթության մեջ, որը կարող է ի հայտ գալ տարբեր մակարդակներով` պարանոցային, կրծքային, հիմնականում՝ գոտկային հատվածներում: Այն աջակողմյան, ձախակողմյան կամ երկկողմյան հիվանդություն է, որն ունի մի քանի տարատեսակներ, կարող են լինել բնածին եւ ձեռքբերովի, որոշակի նյարդամկանի հիվանդությունների ժամանակ ձեւավորված սկոլիոզներ: Սկոլիոզի բուժումը հիմնականում մինչեւ 45 աստիճանը կոնսերվատիվ է, որի դեպքում կիրառվում են կորսետային բուժում եւ բուժական ֆիզկուլտուրա: Սկոլիոզի ժամանակ մեծահասակների դեպքում վիրահատություն արվում է արտահայտված ցավային ախտանիշների դեպքում: Կա կարծիք, որ սկոլիոզը դիրքի, ծանրության եւ այլ պատճառերից է առաջանում, ու, երբ երեխան աճում է, այն կարելի է բուժել դիրք տալով, մերսումների օգնությամբ եւ այլն: Սակայն միայն մերսումներով ու բուժական ֆիզկուլտուրայով սկոլիոզը բուժվող չէ»,-նշում է վերտեբրոլոգ Կարապետ Մոմջյանը։

Սկոլիոզի զարգացման պատճառները շատ բազմազան են: Այն կարող է լինել ինչպես բնածին, այնպես էլ՝ ձեռքբերովի: Չնայած այն հանգամանքին, որ սկոլիոզի զարգացման գործոնները բավական շատ են, շատ դեպքերում ախտորոշվում է իդիոպաթիկ սկոլիոզ, այսինքն՝ առաջացման և ձևավորման պատճառները տվյալ դեպքում հայտնի չեն: Մնացած դեպքերում այս հիվանդությանը հանգեցնող պատճառները կարող են լինել տարբեր բնույթի:

Դեպքերի մեծ մասում սկոլիոզի պատճառն անհայտ է, և ողնաշարի ախտաբանական կորացում սկսվում է որևէ առողջական խնդիր չունեցող մարդկանց  մոտ: Երբեմն սկոլիոզի կարող են բերել նյարդամկանային այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են մանկական ուղեղային կաթվածը կամ մկանային դիստրոֆիան:

Ծանր աստիճանի սկոլիոզով մարդիկ ունեն մարմնի արտասովոր կամ անհամաչափ կեցվածք: Կառուցվածքային կոպիտ փոփոխությունները կարող են առաջացնել սրտանոթային, շնչառական, մարսողական և այլ համակարգերի գործունեության խախտումներ։

Բուժման բացակայության դեպքում սկոլիոզն աստիճանաբար սաստկանում է: Առաջին աստիճանի սկոլիոզն անցնում է երկրորդ աստիճանի, այնուհետեւ երրորդ եւ շարունակում վատթարանալ։

§Ինձ մոտ տարիներ առաջ ախտորոշվել է 3-րդ աստիճանի սկոլիոզ, ռենտգեն-բուժզննումից հետո առաջին անգամ որպես բուժման միջոց նշանակվեց  բուժական մերսում, ֆիզիոթերապիա, որից հետո, ամեն դեպքում, նաև վիրահատություն»,- նշում է 17 ամյա Մարին։

Կա տարածված տեսակետ, ըստ որի լողով զբաղվելը սկոլիոզի համար բուժում է համարվում։  Մի՞ֆ է դա, թե՞ իրականություն։

§Իհարկե լողը հրաշալի միջոց է օգրանիզմի ամրապնդման, մկանային համակարգի զարգացման եւ ինչու՞ ոչ, սկոլիոզի բուժման համար, բայց պետք է նշեմ, որ խոսքը վերաբերում է միայն առաջին աստիճանի սկոլիոզին։ Ավելի ծանր սկոլիոզի դեպքում լողը նույնիսկ հակացուցված է, իսկ բուժման մասին խոսք գնալ չի կարող։ Լողավազանում սկոլիոզը չի բուժվի»- պնդում է լողորդ, մարզիչ Վարդուհի Գասպարյանը։

Սկոլիոզի զարգացմանը նպաստող գործոններն են՝

  • Ֆիզիկական (սպորտային) խիստ ծանրաբեռնվածություն, որն առաջացնում է ողնաշարի տարբեր վնասվածքներ,
  • Երեխայի սեռը` աղջիկների մոտ սկոլիոզի զարգացման հավանակությունն ավելի մեծ է, քան տղաների,
  • Ողնաշարը շրջապատող մկանային հյուսվածքների թուլություն,
  • Սթրեսներն ու հորմոնալ խանգարումները, որոնք ազդում են ոսկրերի բնականոն աճի ու զարգացման վրա։

Համապատասխան բուժում չստանալու դեպքում սկոլիոզը կարող է լուրջ բարդությունների առաջացման պատճառ դառնալ՝ խաթարելով սրտային ու  շնչառական համակարգերի գործունեությունը։

«Ցանկացած հիվանդություն ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել։ Սկոլիոզը բացառություն չէ։ Առաջին իսկ ախտանշանների դեպքում, բժշկի հետ խորհրդակցելուց հետո, անհրաժեշտ է  մշակել ողնաշարի ծանրաբեռնվածությունը թեթևացնող ռեժիմ, վիտամիններով հարուստ սնունդ, հարթ ու չոր անկողին, բավարար քուն,  մաքուր օդ և արևային լոգանքներ, շարժուն խաղեր, առավոտյան մարմնամարզություն։ Դպրոցականներին պետք է սովորեցնել ճիշտ նստել աշակերտական նստարանին, ապահովել ճիշտ լուսավորություն։ Երեխաների մոտ սկոլիոզի առաջին ախտանշանների դեպքում անհրաժեշտ է կատարել իրանի մկաններն ամրացնող, ողնաշարի ճիշտ դիրքը պահպանող վարժություններ, մերսում և այլն, հարկ է նշել, որ միայն մասնագետի նշանակմամբ»,-խորհուրդ է տալիս ֆիզիոթերապեւտ Արմեն Պետրոսյանը։

Նարինե Ենգիբարյան

4-րդ կուրս

Կիսվել