Կրթությունը՝ շրջափակված Արցախում

Կրթությունը՝ շրջափակված Արցախում

319

Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Եղցահող, Հին Շեն, Մեծ Շեն և Լիսագոր համայնքների բնակիչները, թեև հայտնվել են լիակատար շրջափակման մեջ, այնուամենայնիվ, կարողանում են կազմակերպել կրթությունը համայնքներում:

Շուշիի շրջվարչակազմի ղեկավար Գրիշա Հովհաննիսյանը journalist.am-ին տեղեկացրեց, որ ամեն համայնք ունի իր դպրոցը, և դրանք բնականոն աշխատում են: Հարցին, թե չկա՞ն արդյոք ուսուցիչներ, որոնք դրսից են գալիս համայնքներ դասավանդելու, Գրիշա Հովհաննիսյանը պատասխանեց. «Դպրոցների ուսուցիչները հիմնականում կա´մ գյուղերից են, կա´մ արդեն եկել, այնտեղ են բնակություն հաստատել: Նման խնդիր կար ամիսներ առաջ, երբ Արցախի շրջափակման հետևանքով որոշ ուսուցիչներ չէին կարողանում գյուղեր գալ, բայց հիմա` ոչ»:

Հին Շենի համայնքապետ Սամվել Սարգսյանն էլ մեզ հետ զրույցում փաստեց, որ այսօր համայնքի դպրոցն աշխատել է. «Թեկուզ քիչ քանակությամբ, բայց երեխաները հաճախել են դասի: Մեզ մոտ վախի մթնոլորտ բացարձակապես չկա: Պարենի, դեղորայքի առումով խնդիր կա: Մեկ շաբաթ դեռ կդիմանանք, հետո կերևա»:

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն անդրադարձավ այն խնդիրներին, որոնց շրջափակման ընթացքում բախվում են արցախցի ուսանողները.

«Արցախցի շատ դիմորդներ TOEFL թեստեր պետք է հանձնեն Հայաստանում, օրինակ` արտասահմանյան բուհ ընդունվելու համար. հիմա դա հնարավոր չէ կազմակերպել, իսկ թեստերի հանձնման հետ կապված վերջնաժամկետները լրանում են: Արցախում, ցավոք, TOEFL թեստ հանձնելու հնարավորություն չկա: Կան դիմորդներ, որոնք Երևանում հանձնել են թեստը, բայց հիմա չեն կարողանում վերադառնալ Արցախ, մնացել են Երևանում և փորձում են այնտեղ կցվել որևէ դպրոցի, որպեսզի դասապրոցեսից հետ չմնան: Կան դիմորդներ, որոնց անձնական գործերն Արցախում են, իրենք` Երևանում, և դրանք փոխանցելու հնարավորություն չկա»:

Նշենք, որ ապրիլի 23-ին Արցախը Հայաստանին կապող մայրուղու ՀՀ հետ սահմանին՝ Հակարի գետի կամրջին Ադրբեջանն անցակետ է տեղադրել, ինչի հետևանքով Շուշիի շրջանի Եղցահող, Հին Շեն, Մեծ Շեն և Լիսագոր համայնքների բնակիչները կտրվել են Ստեփանակերտ և ՀՀ մեկնելու հնարավորությունից:

Հիշեցնենք՝ մի խումբ ադրբեջանցիներ, բնապահպանական պատճառաբանությամբ, 2022 թվականի դեկտեմբերի 12-ի  առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը պարբերաբար անջատում է նաև Արցախի գազամատակարարումը։

Հունվարի 12-ին էլ ինտերնետ ու բջջային կապն էր անջատվել Արցախում։ Մալուխը վնասվել էր Լաչինի միջանցքի հենց այն հատվածում, որտեղ տեղակայվել են բնապահպան ձևացող ադրբեջանցիները։ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով վարած բանակցությունների շնորհիվ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերության տեխնիկական մասնագետներին հաջողվել էր մեկնել վթարի վայր ու հունվարի 13-ին վերականգնել կապը։

Արցախում էլեկտամատակարարման հովհարային անջատումներ են, որոշ սննդամթերքներ վաճառվում են կտրոններով։ Ճանապարհը շարունակում է փակ մնալ:

Մարիամ Հարությունյան

4-րդ կուրս

Կիսվել