Ինքնագլորները` պատուհա՞ս թե՞ հարմարավետություն

Ինքնագլորները` պատուհա՞ս թե՞ հարմարավետություն

366

«Փողոցում քայլելն անհնար է դարձել. անընդհատ լարված ես, որովհետև ամեն քայլափոխի կարող են էլեկտրական ինքնագլորով հայտնվել քո դիմաց, ու չգիտես ինչպես պաշտպանվել»: Այս մասին ասում է Մարիետա Աբգարյանը և հավելում, որ վերջին շրջանում խնդիրն ավելի արդիական է դարձել:  

Էլեկտրական ինքնագլորներն աշխարհում պահանջված են արդեն մի քանի տարի. Հայաստան ևս բացառություն չէ։ Օրենսդրական կարգավորումներ դեռ չկան, իսկ էլեկտրական ինքնագլորների վրաերթից տուժածների թիվն աճում է: Հաճախ կարելի է հանդիպել քաղաքացիների, որոնք ինքնագլորով երթևեկում են ոչ թե ճանապարհի երթևեկելի մասով, ինչպես ընդունված է բազմաթիվ երկրներում, այլ մայթով։ 

11 տարեկան Հայկի մայրը` Մարիամ Հարությունյանը դժգոհում է` նշելով, որ շքամուտքերի դիմաց, մայթերին և ամենուր կարող ես հանդիպել էլեկտրական ինքնագլորներ, և երեխան կարող է հանգիստ ու առանց ծնողին հարցնելու օգտվել դրանցից և վնասել իրեն: Ծնողը պահանջում է, որ սրա վերաբերյալ օրենքով սահմանափակումներ մտցվեն: 

Փորձեցինք հասկանալ, թե էլեկտրական ինքնագլորների վերաբերյալ ի՞նչ կարծիք ունեն վարորդները: Մասնավորապես վարորդ Հարություն Հովհաննիսյանը դժգոհում է: 

-Հաճախ ինքնագլորները երթևեկելի հատվածներում են հայտնվում անսպասելի: Օրինակ, մի քանի օր առաջ ինքնագլորով մեկը կտրուկ հայտնվեց իմ դիմաց, և մի կերպ հասցրեցի արգելակել: 

Լսեցինք նաև էլեկտրական ինքնագլորով երթևեկողներից մեկին: Արտակ Ղազարյանը, որը արդեն մի քանի ամիս է էլեկտրական ինքնագլորից է օգտվում, ասում է, որ շատ արդյունավետ փոխադրամիջոց է, և այդ եղանակով խնայում է իր ժամանակը:  

Ինքնագլորներն արդեն մի շարք պատահարների պատճառ են դարձել։ Խնդիրը բարդանում է նրանով, որ տրանսպորտի այդ տեսակի երթևեկությունն օրենքով որևէ կերպ դեռ չի կարգավորվում, սակայն ՀՀ ոստիկանությունն  զբաղվում է այդ հարցով։ Դեռ 12.08.2022թ.-ից ՀՀ ոստիկանություն ներկայացրած ծրագիրը դրվել է քննարկման։ Մասնավորապես ոսիկանության ներկայացրած նախագծում կատարվել են փոփոխություններ` «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ինքնագլորների վերաբերյալ։ Այս պահին նախագիծը լրամշակման փուլում է։։ 

* Արգելվում է՝ 

ա) անհատականշարժունակության (տեղաշարժման) միջոցով տեղափոխել ուղևոր և (կամ)  բեռ (բացառությամբ անհատականշարժունակության (տեղաշարժման) միջոցն օգտագործողի կողմից առանց ձեռքերի օգտագործման պահվող (մեկ ամբողջություն հանդիսացող) ուղեբեռի), 

բ) մեկ սռնու (առանցքի) վրա գտնվող անհատականշարժունակության (տեղաշարժման) միջոցների օգտագործումը երթևեկելի մասի վրա և հեծանվորդների համար գոտիով, 

գ) էլեկտրական շարժիչ (շարժիչներ) ունեցողանհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցի օգտագործումը 14 տարին չլրացած անձանց կողմից, 

դ) ղեկ ունեցող անհատականշարժունակության (տեղաշարժման) միջոցը օգտագործել առանց ղեկը բռնելու, 

ե) անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցն օգտագործելով հատել ճանապարհը հետիոտնային անցումներով (բացառությամբ անմիջականորեն մարմնին կրվող միջոցներով հետիոտնի արագությունը չգերազանցող արագությամբ հատելու դեպքերի), 

զ) անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների օգտագործումը բնակավայրից դուրս ճանապարհներին:

Տեղեկացնենք, որ ըստ քննարկվող նախագծի` անհատական շարժունակության (տեղաշարժման)միջոցների երթևեկության  կանոնները (օգտագործման լրացուցիչ պահանջները) խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով։ 

Նախագծին առավել մանրամասն ծանոթանալու համար տե´ս`  

https://www.e-draft.am/projects/4640/about

Եվրոպայում էլեկտրական ինքնագլորների շեյրինգի ծառայությունները սկսեցին հայտնվել 2017 թվականին, իսկ դրանց իսկական «բում»-ը եղավ 2018-2019 թվականներին։ Մի քանի տարվա ընթացքում քաղաքային վարձույթի համակարգեր հայտնվեցին ավելի քան 100 եվրոպական քաղաքներում։ Արդյունքում լրացուցիչ կարգավորումների անհրաժեշտություն առաջացավ։ 

Օրինակ` Ֆրանսիայում էլեկտրական ինքնագլոր կարելի է քշել 12, Գերմանիայում՝ 14 տարեկանից սկսած: Իտալիայում կարելի է այն քշել բացառապես ճանապարհի երթևեկելի մասով, իսկ Բելգիայում հատուկ գծեր են առանձնացված։ 

ԱՄՆ-ում, որպես կանոն, կարելի է էլեկտրական ինքնագլոր քշել 16 տարեկանից (որոշ նահանգներում՝ 12 տարեկանից)։ Հիմնականում վարորդական իրավունք չի պահանջվում (բացառությունների թվում է, օրինակ, Կալիֆոռնիան), բայց սովորաբար հատուկ հանդերձանք է անհրաժեշտ (սաղավարտ և լուսարձակող տարրերով հագուստ)։ 

Մարիա Խաչատրյան 

4-րդ կուրս

Կիսվել