Լուսանկարչությունը հավերժացնում է մարդկանց կյանքի ամենագեղեցիկ պահերը

Լուսանկարչությունը հավերժացնում է մարդկանց կյանքի ամենագեղեցիկ պահերը

530

Հաճախ բառերի փոխարեն խոսում են սոցցանցերում հրապարակած մեր լուսանկարները, որոնք ամեն ինչ պատմում են` փոխանցելով տվյալ ժամանակահատվածի մեր տրամադրությունը, հոգեվիճակը և այլն։

Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, որտեղ մարդիկ իրական կյանքին զուգահեռ հավասար կարևորութուն են տալիս նաև սոցիալական ցանցերի կյանքին։

Եթե առաջ սև ու սպիտակ «ֆոտո»-ներում արված լուսանկարները ցույց տալու առիթ էին հանդիսանում ընտանեկան հավաքույթները, ապա այսօր բոլորի ընտանեկան ալբոմներն ու անմահացրած պահերը մեր սոցիալական էջերի ժապավեններում են։

Հաճախ մարդիկ, որպես ինքնաարտահայտման միջոց, օգտագործում են լուսանակարներն ու վիդեոհոլովակնեերը։ Որակյալ կոնտենտ ապահովելու համար շատերը դիմում են այդ գործի մասնագետներին՝ լուսանկարիչներին։

Զրուցել ենք լուսանկարիչ Մանե Պետրոսյանի հետ, ով պատմել է լուսանկարների միջոցով նորաձևություն թելադրելու, գրագետ լուսանկարներ ստանալու և լուսանկարչի աշխատանքի մի շարք նրբությունների մասին։

-Որքա՞ն ժամանակ է, ինչ զբաղվում եք լուսանկարչությամբ։ Ինչպե՞ս սկսվեցին առաջին աշխատանքները։

-Լուսանկարչությամբ զբաղվում եմ մոտ երեք տարի։ Առաջին աշխատանքներիս մոդելները եղել են հարազատներս և ընկեևներս։ Եվ նրանց օգնությամբ եմ սկսել ճանապարհս այս աշխարհում։

-Լուսանկարչությունը Ձեր առաջի՞ն մասնագիտությունն է։

-Տասներկու տարի զբաղվել եմ պարով, այնուհետև ընդունվել եմ Մանկավարժական համալսարանի հոգեբանության ֆակուլտետ։ Լուսանկարչության հանդեպ հետաքրքրությունս մեծացել է հենց համալսարանում սովորելուս տարիներ։

Ո՞ւմ է հաճախ ֆիքսում Ձեր տեսախցիկը:

-Ամենաշատը լուսանկարչական ապարատս կանգնեցնում է երեխաներիս հետ կապված պահերը։

-Ինչի՞ն եք հաճախ ուշադրություն դարձնում՝ կերպարներ լուսանկարելիս:

-Առաջին հերթին առաջնահերթություն եմ տալիս կերպարի հարմարավետությանն ու ցանկություններին։ Թույլ եմ տալիս, որ այցելուներս տեսախցիկի առաջ իրենց հնարավորինս ազատ և բնական դրսևորեն։

-Գիտեմ, որ լուսանկարներ անում եք և՛ բացօթյա տարածքներում,  և՛ տաղավարում։ Որտե՞ղ եք առավել շատ սիրում լուսանկարահանումներ անել և ինչու՞։

-Առավել նախընտրելի է լուսանկարահանումները իրականացնել տաղավարում, կոնկրետ ես առավել հարմարավետ եմ զգոււմ այդ միջավայրում աշխատել կերպարներիս հետ, քանի որ տաղավարում հնարավոր է ստանալ կադրեր, որոնք չեմ կարող ստանալ դրսում, այնտեղ կարողանում եմ խաղալ լուսավորության, գույների հագեցվածության հետ։ Ինչպես նաև կարողանում եմ հաճախորդներին տարբեր դետալներ տրամադրելով՝ ստանալ նոր կերպարներ, ինչը դրսում իրականացրած լուսանկարահանումներում հնարավոր չէ ստանալ։

-Ձեր արած ո՞ր թեմատիկայով լուսանկարներն եք առավել շատ սիրում։

-Շատ եմ սիրում լուսանկարել հղի կանանց, դա ինձ մեծ բավականություն է տալիս։ Միշտ կադրում նրանք գեղեցիկ են։

-Նկատեցի նաև, որ զբաղվում եք հայկական արտադրանքի բրենդների ցուցադրությամբ և համագործակցում եք արտադրողների հետ։ Կպատմե՞ք մի փոքր այդ մասին։

-Այո, ես համագործակցել և շարուանկում եմ համագործակցել հայկական տարբեր բրենդների հետ, աշխատում եմ հագուստի ցուցադրությամբ զբաղվող մոդելների հետ և պետք է նշեմ, որ ինձ համար շատ ոգևորող և պատասխանատու են նման համագործակցությունները։

-Ձեր լուսանկարների հերոսները աչքի են ընկնում ոչ միայն գեղեցիկ տեսքով, այլև հագուստի ճիշտ և գրագետ համադրությամբ։ Դուք եք տրամադրու՞մ հագուստը, կամ օգնու՞մ եք նրանց համադրության հարցում։

-Այո, ես և իմ հաճախորդները միասին քննարկում ենք, փորձում ենք երկուսով հասկանալ, արդյոք տվյալ ոճը համապատասխանում է իրեն, թե ոչ, կարևոր է նաև, հագուստի հարմարավետությունը, որոշում ենք այնպիսի սանրվածք, որը վստահ ենք, որ կհամապատասխանի իրեն, որոշում ենք դիմահարդարումը: Առհասարակ դիմահարդարում ընտրելիս՝ հաճախորդներիս խորհուրդ եմ տալիս հնարավորինս բնական մի բան ընտրել, որը ոչ թե կփոխի դիմագծերը, այլ կընդգծի գեղեցկությունը։

-Ինստագրամյան հարթակում ունեք տասը հազարից ավելի հետևորդ, ըստ Ձեզ՝ ի՞նչն է նրանց գրավում Ձեր աշխատանքներում։

-Բլոգինգով երեբեք չեմ փորձել զբաղվել, իմ էջը բացառապես աշխատանքային հրապարակումներ է պարունակում, այստեղ չեք տեսնի իմ կենցաղից, առօրյայից արված հրապարակումներ։ Ես ինքս էլ իմ հետևորդներին հաճախ եմ տալիս այն հարցը, թե ինչն է առավել ցանկալի տեսնել էջում և ինչն է գրավում նրանց։ Հիմնականում նշում են, որ կերպարնեը յուրօրինակ են, ոճային և նորաձևություն թելադրող, ինչը դառնում է նրանց համար օրինակ և ոգեշնչման առիթ։

-Վերջին շրջանում ավելացել է լուսանկարչական ապարատ ունեցողների թիվը, և օր օրի շատանում են սոցիալական ցանցերում  որպես լուսանկարիչ հանդես եկող մարդիկ։ Ինչպե՞ս եք դրան վերաբերվում, և  որո՞նք են դրա բացասական կամ դրական կողմերը:

-Այո, վերջերս շատացել են լուսանկարչական դասընթացները, և մարդիկ հնարավորություն ունեն կարճ ժամանակաշրջանում ծանոթանալու լուսանկարչության գաղտնիքներին և հմտություններին. շատ դրական եմ նայում, որ մեծացել է հետաքրքրությունը մասնագիտության հանդեպ։ Ինձ համար դա որևէ դրական, կամ բացասական կողմ չունի, քանի որ մարդը ազատ է իր ընտրության մեջ, եթե իրենք իրենց լավ են զգում տվյալ գործում, ապա աշխատանքի որակը այս դեպքում մի փոքր հետ է մղվում, նրանք աշխատանքին նայում են որպես սիրելի զբաղմունքի։

-Մյուս հարցը վերաբերում է ֆոտոշոփին և նմանատիպ ծրագրերին. ի՞նչ դեր ունի այն լուսանկարչության մեջ, ո՞րն է վերջինիս նշանակությունը ժամանակակից ֆոտոաշխարհում:

-Ֆոտոշոփը լուսանկարչության 40%-ն է, և միայն լավ կադր ստանալը քիչ է, պետք է այն գեղեցիկ մշակել ամբողջական լուսանկար ստաալու համար։ Դրա օգնությամբ հնարավոր է շտկել լուսանկարի այն հատվածները, որոնք հաճախորդին դուր չեն գալիս։ Ֆոտոշոփի շնորհիվ լուսանկարին տալիս ենք անհարժեշտ ֆոներ, տաք և սառը գույներ՝ ըստ թեմայի։ Իհարկե լիում են դեպքեր, երբ հաճախորդները իրենք են հրաժարվում ֆոտոշոփից, ցանկանալով նկարը թողնել հնարավորինս բնականան։

Այս հարցի վերաբերյալ պետք  է նշեմ նաև, որ հաճախ լուսանկարիչները իրար մեղադրում են նկարներում ֆոտոշոփ կիրառելու մեջ, բայց պետք է հիշել, որ յուրաքանչյուր լուսանկարիչ և հաճախորդ ինքն է որոշում, թե ինչ է ուզում ստանալ, և թե որն է իր աչքին ավելի հաճելի։

-Որպես փորձառու մասնագետ՝ ի՞նչ խարհուրդներ կտաք սկսնակ լուսանկարիչներին։

-Խորհուրդ եմ տալիս ստեղծել սեփական ոճն ու ձեռագիրը լուսանկարչության աշխարհում, ունենալ մեծ համբերություն և աշխատասիրություն։ Լավ արդյունք ստալու համար պետք է անցնել այն ճանապարհը, որտեղ ամեն աշխատանք չէ, որ միանգամից իդեալական է ստացվելու։  Խորհուրդ եմ տալիս գեղեցիկ սպասարկել՝ ընդունել և ճանապարհել հաճախորդներին, դա ևս շատ կարևոր է, ինչպես նաև ցանկանում եմ, որ բավականություն ստանան կատարած աշխատանքից, որովհետև մենք հավերժացնում ենք մարդկանց կյանքի ամենագեղեցիկ կերպարներն ու պահերը։

Գոհարիկ Գրիգորյան

4-րդ կուրս

Կիսվել