Արցախի համը՝ Վանաձորում

Արցախի համը՝ Վանաձորում

382

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Արցախի բնակիչներից  շատերն են ստիպված եղել լքել իրենց բնակավայրը:

Արդեն երրորդ պատերազմը վերապրած Աստղիկ Հարությունյանը իր տղայի՝ 6-ամյա Հայկի հետ դեռ 2022 թվականի ապրիլին է Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղից տեղափոխվել Վանաձոր։ Չնայած գյուղը հայկական վերահսկողության տակ է, այնուամենայնիվ, ստրատեգիական բարձունքները թշնամու տիրապետության տակ են։ «Եկել եմ միայն նրա համար, որ որդիս էստեղ ապահով լինի, 2020թվականի կրակոցները դեռ նրա հիշողության մեջ են»,- ասում է Աստղիկ Հարությունյանը և ժպիտով հիշում Արցախն ու հայրենի գյուղ Մաճկալաշենը։

Արցախից Աստղիկն իր հետ հիշողություններ է բերել և Արցախի համը՝ «ժենգյալով հացը»։
«Այնտեղ ամեն ինչ ունենք՝ խաղողի և թթենու այգիներ, հողամաս, որում տարբեր բանջարեղեններ էինք աճեցնում և մեծ մասը վաճառում, ցորենի արտեր, որոնց մի մասը հիմա ադրբեջանական թիրախի տակ է։ Իսկ այստեղ՝ Վանաձորում, օրվա հացի գումարն աշխատելու համար Արցախի խորհրդանիշ ժենգյալով հացն եմ թխում և վաճառում»,-պատմում է Աստղիկ Հարությունյանը։
Հարցին, թե ինչու որոշեց ապրուստի գումարը վաստակել հենց ժենգյալով հաց թխելով, Աստղիկը պատասխանում է. «Այդպես մտքերով Արցախ եմ տեղափոխվում, հիշողությունները տանում են մեր տուն…»։

Աստղիկի խոսքով՝ դժվարությունները շատ են, բայց ամեն ինչ ավելի է դժվարանում, երբ արցախցիներին առանձնացնում են հայաստանցիներից. «Նույնիսկ երթուղայինի մեջ եմ հաճախ լսում, թե ինչպես են ասում՝ ղարաբաղցիները, կամ՝ դե նրանք մեզ նման չեն, և նմանատիպ արտահայտություններ։ Ախր ղարաբաղցիներ կամ վանաձորցիներ չկան, մենք բոլորս հայ ենք, վերջ, կարևորը դա է»։

Մեկ տարուց ավել է՝ Աստղիկն ապրում է Վանաձորում, բայց Արցախի մասին հիշողությունները միշտ թարմ են. «Իմ կյանքի մեծ մասը ես Արցախում եմ անցկացրել։ Երբ նոր էինք տեղափոխվել Վանաձոր, դեռ հնարավորություն կար թեկուզ կարճ ժամանակով գնալ Արցախ, ամիսը մեկ անգամ գնում էինք, այցելում ծնողներիս, իսկ հիմա՝ բլոկադայի պայմաններում, հնարավոր չէ գնալ. ես և որդիս շատ ենք կարոտում Արցախը»։

Աստղիկը հայրենի գյուղի՝ Մաճկալաշենի կարոտն առնում է ժենգյալով հացի մեջ օգտագործվող մոտ 15-20 տարատեսակ կանաչիների բույրից, որն էլ հենց ժենգյալով հացի համեղ բաղադրատոմսի գաղտնիքն է։ «Ինչպես Արցախում, այնպես էլ այստեղ՝ Վանաձորում, սիրով եմ պատրաստում, հաճախորդներս էլ շատ հավանում են, շատերն ասում են՝ Արցախում փորձել ենք, անգամ այնտեղ պատրաստվածն այսպիսի համ չունի, բայց  դե՝ մենք գիտենք, Արցախի հողում աճած կանաչին ուրիշ համ ու հոտ ունի, այն հողի վրա պատրաստած ժենգյալով հացն էլ լրիվ ուրիշ է»։

Աստղիկի պատրաստած ժենգյալով հացերը մատչելի են՝ գինը զգալիորեն տարբերվում է շուկայական գնից։ Իսկ պատրաստման ընթացքը բավականին ժամանակատար է։
«Սկզբում լվանում եմ կանաչին, հետո՝ խմորը հունցում, մինչ խնորը կհասունանա՝ հնարավորինս մանր կտրատում եմ կանաչին, հետո խմորից գնդեր եմ հունցում, բացում գնդերը և կտրտած կանաչին դնում գնդերի մեջ։ Եփում եմ արդեն տաքացված վառարանում»։

Կնձմնձուկ, ճռճռոկ, վարթուկ, պտուտկուն, թրթնջուկ, և այլն, սրանք են այն կանաչիները, որոնք յուրահատուկ համ են փոխանցում արցախյան խոհանոցի ուտելիքին՝  ժենգյալով հացին։

Աստղիկի խոսքով՝ մի օր անպայման վերադառնալու են Արցախ. «Ես չեմ պատկերացնում, որ երբևէ Արցախը հայտնվի Ադրբեջանի կազմում։ Այդպիսի բան պարզապես հնարավոր չէ։ Վերադառնալու ենք, անպայման… Արցախը հայկական է և միշտ մնալու է հայկական…»։

Արցախի համն ու հոտը և ավանդույթները կշարունակեն տարածվել Հայաստանում և ողջ աշխարհում։ Իսկ արցախահայությունը՝ իրենց տեսակին բնորոշ՝ հայրենիքում թե հայրենիքից հեռու, կապրի և կարարի հանուն Արցախի՝ մի օր նորից վերադառնալու հույսով՝ հայրենի գյուղ, հայրենի տուն…

Նարե Օհանյան
4-րդ կուրս

Կիսվել