«Երեխային կուռք մի դարձրեք։ Երբ նա մեծանա, շատ զոհեր կպահանջի»։ Մեծ իմաստասեր Բուաստը ահա հենց այսպես է բնորոշում իր տեսակետը, որը, ցավոք, ծնողներից շատերի համար դարձել է ավելին, քան պարզապես կարգախոս։ Մեծացնելու և դժվարին ու բարդ կյանք ճանապարհելու փոխարեն՝ նրանք զոհ են դարձնում իրենց երեխաներին՝ նրանց համար դառնալով երազանք, հույսի ու հավատի կորուսյալ աղբյուր։ Փոխելով նրանց կյանքի ուղղին՝ ծնող կոչվածներն իրենց երեխաներին սկուտեղով մատուցում են ճակատագրին՝ խուսափելով պատասխանատվությունից և երջանիկ պահեր ապրելու բաղձանիքից։ Ոմանք երազում են Աստծո կողմից նման պարգևի արժանանալ, ոմանք էլ իրենց հոգու և մարմնի տկար մասնիկներին համարում են ճակատագրի հեգնանք՝ թողնելով բախտի քմահաճույքին՝ անտեր ու անօգնական։ Թերևս, մեղմ ասած, անարդարացի է նման բաշխումն ու բաժանումը։
Մեզանից յուրաքանչյուրն, ունենալով սեփական կյանքն ու սեփական պատմությունը, պատկերացնել անգամ չի կարող, թե ամեն մի անտուն ու անընտանիք էակ ինչ զգացմունքներով ու ինչ զգացողություններով է լցնում իր սիրտն ու հոգին, ինչպես է սկսում սիրել իրեն, ատել աշխարհը, ինչ է ակնկալում մարդկանցից և ինչպես է պատրաստվում կառուցել իր ապագան։
Մարդ-բանական էակին է տրված անցնել զրկանքների միջով, հաղթահարել խոչընդոտներ ու հասնել որևէ երազանքի, ամեն մի թեթև ապտակից, ամեն մի ուժգին հարվածից հետո գրկել ծնողին ու արտասվել նրա գրկում, նրա մխիթարությանն ու ապավենին արժանանալ։ Այսքանից զատ, ո՞րն է այս փոքրիկների մեղավորությունը, ի՞նչ մեղք են գործել աշխարհ գալով, որ պատժվել են իրենց ծնողների կողմից, զրկվել տարրական երջանկությունից, ընտանեկան ջերմությունից։ Վճռվել է նրանց ճակատագիրը․ միայնություն, թախիծ, տխրություն՝ զարդարված արցունքոտ մարգարիտներով։ Ի՞նչն է դառնում այդպիսի երեխաների համար սրբություն, ու՞մ են ձգտում նմանվել, և ի՞նչն են դարձնում իրենց կայնքի կարգախոս։ Ահա այս հարցերն են, որ քայլերս ուղղեցին դեպի մի հաստատություն, որն ամենից ու բոլորից շատն է փորձում թև ու թիկունք կանգնել խոցելի այս խմբին։
Մանկատուն, ահա այն վայրը, որտեղ միայնության մատնված մանուկները կազմում են մի մեծ ընտանիք, ջերմությամբ և կարեկցանքով փոխլրացնում միմյանց, իրար համար լինում և՛ ծնող, և՛ քույր ու եղբայր, և՛ պարզապես կյանքի ընկեր։
Այսպիսի սուրբ առաքելությամբ է կառուցվել այս մանկատունը (հաստատության անվանումը չի նշվում կառույցի ղեկավարության ցանկությամբ), մի հարկի տակ համախմբել բոլոր նրանց, ում կյանքում ընտանիք բաղադրատարը ընդգծվում է սև գծով։
Մանկատուն։ Քարե մի սովորական շինություն է՝ իր ենթակառույցներով, հարմարավետ բակով, խաղահրապարակով, ծաղկանոցներով, կապույտ դարպասներով։
Հենց այս դարպասն էլ բաժանում է ինձ և շենքի բնակիչներին։ Ներս եմ մտնում։ Բակում օրորվում են դատարկ ճոճանակները։ Մեկի վրա մի տիկնիկ կա․ երևի երեխաներից մեկն է մոռացել։ Մի փոքր այն կողմ բավականին երկար ձգվող պարանի վրա մանկական լվացք է չորանում։ Ներս եմ մտնում և դառնում նրանցից մեկը ( քավ լիցի, թող ոչ մեկը չհամալրի նրանց շարքերը)։
Կյանքն այս շենքում այլ գույներ ունի․ դաստիարակ, ուսուցիչ, աշխատողներ, բուժանձնակազմ։ Ամենուր հոգատար և սրտացավ մոտեցում է ցուցաբերվում յուրաքանչյուր սանի նկատմամբ։
Այս պատերի ներսում այժմ բնակվում են մոտ ինը տասնյակ մանուկներ՝ հեռու հայրական տանից, մայրական գրկից, հարազատ ծնողներից, սակայն մանկատունը նրանց կյանքը դարձնում է ավելի դյուրին, առավել պայծառ ու լուսավոր։ Այստեղ կան այն տարրական պայմանները, որոնք լցնում են երեխաների առօրյան՝ այն դարձնելով ավելի հետաքրքիր, հագեցած և օգտակար։ Մանկապարտեզում գործում են պարի, կարի, երգի խմբակներ։ Ասեղնագործության և կարի խմբակում շատ սաներ կատարելագործում են իրենց ունակությունները։ Նրանցից շատերն օժտված են այս բնագավառին հատուկ տաղանդով։ Այս խմբակը նրանց համար ամենասիրելի և հաճելի վայրն է, որտեղ կարողանում են գտնել իրենք իրենց։ Այսօր նրանք իրենց համար կարում են տարբեր զգեստներ, պայուսակներ, գլխարկներ։ Զինվորական հագուստ և բրդյա գուլպաներ են ուղարկում ծառայության մեջ գտնվող իրենց եղբայրներին։ Պատրաստում են ապարանջաններ, վզնոցներ, կազմակերպում ցուցահանդես-վաճառք, որից ստացված ողջ հասույթը տրամադրվում է նոր թելերի և կտորների ձեռքբերմանը։
Մանկատունն ունի խաղահրապարակ, որտեղ երեխաներն օրվա ցանկացած ժամին կարողանում են խաղալ, միմյանց հետ ժամանակ անցկացնել։ Շենքի ներսում դրված են թենիսի սեղաններ, իսկ սաներն արդեն կարողանում են հիանալի դրսևորվել այս ոլորտում նույնպես։ Մանկատանը գործում է նաև համակարգչային սենյակ, որի տասը համակարգիչները նվիրել է Հայաստանի համահայկական հիմնադրամը։ Ուսուցիչների աշխատանքի շնորհիվ այսօր երեխաները ունեն բավարար համակարգչային գիտելիքներ, կարողանում են օգտվել իրենց նախընտրած թեմաներից, սոցիալական տարբեր կայքերից։ Իսկ ահա սնունդը, որը կարելի է համարել երեխաների առողջ ապրելակերպի գրավականը, ապահովում են փորձառու խոհարարները։ Քանի որ ամերիկահայ մի քանի բարեգործներ այցելել էին մանկատուն, կեսօրին երեխաներին մատուցվեց սուրբ մատաղ։
Շենքի ներսում առանձին գործում է նաև ժողովների և դասապատրաստման սենյակը, որտեղ անցնում է երեխաների օրվա հիմնական մասը, իսկ սրան կից հյուրասենյակն է, որտեղ երեխաներն ընդունում են իրենց հյուրերին։
-Ծնողներ կան, որ բավականին քիչ են այցելում։ Հիմնականում հարազատներից ոմանք ենք գալիս երեխաներին տեսակցության։ Ունենք ծնողների այցելության գրանցամատյան, տեսակցությունների համար նախատեսված առանձին սենյակներ։ Մեզ մոտ գալիս են ծնողների համար անցանկալի երեխաներ: Խոսքը այն երեխաների մասին է, որոնցից հրաժարվել են, այլ ոչ թե նրանց, որոնց մայրն է հանձնել, իսկ հետո՝ վերցրել: Իմ, ավելի քան երեսուն տարվա աշխատանքային դիտարկումներից ելնելով, կարող եմ ասել, որ երեխայից հրաժարվելուն մեծ մասամբ նախորդում է գաղտնի հղիությունը և ծննդաբերությունը: Մեզ մոտ աղջնակ կար, որի մայրը մկնդեղ էր խմել: Կնոջը հաջողվեց փրկել, սակայն երեխան վաղաժամ ծնվեց: Բնականաբար, նման փորձերը հաճախ դառնում են նորածնի ֆիզիկական եւ հոգեբանական խնդիրների պատճառ,-նշում է մանկատան տնօրենը։
Տնօրենն իր խոսքում նշեց, որ 2018թ-ից մինչ օրս հաստատությունից որդեգրվել է 97 երեխա։ Երեխա որդեգերլու ցանկությամբ շատ են դիմում նաև միայնակ մայրերը, բայց միայնակ հայրերն էլ բացառություն չեն։ Իր աշխատանքային տարիների ընթացքում նման երկու դեպքի հետ է առնչվել․ մի դեպքում հայրը հայ էր, մյուս դեպքում՝ ֆրանսիացի։
Սաներն այս պատերի ներսում կյանքի մեծ փորձ են ձեռք բերում, ստանում մեծ գիտելիքներ․
-Հունվարի 30-ին կլրանա տասնվեց տարին, ինչ այստեղ եմ, 2008թ-ից։ Այստեղ ինձ օգնել են այնքանով, որքանով տանը ծնողն օգնում է իր երեխային։ Ամենաշատը սիրում եմ մեր տնօրենին՝ որպես տան գլխավոր անդամի, հետ մյուսներին՝ հավասարապես։ Նրանց միջոցով է, որ տարբեր արհեստների եմ տիրապետում և գնում եմ իմ՝ վարսահարդար դառնալու նպատակի իրագործման ճանապարհով,- ասում է սաներից մեկը։
Ոմանք էլ այստեղ ապրում են հույսով, որ մի գեղեցիկ օր այս պատերից դուրս են գնալու ոչ այն բանի համար, որ դառնում են չափահաս և ձեռք բերում ինքնուրույնություն, այլ պարզապես ուզում են հավատալ, որ իրենց ծնողները մի օր կուղղեն անցյալի աններելի սխալները։
-Ես հիշում եմ, որ մի օր հայրիկս ինձ բերեց ու թողեց այստեղ։ Ասեց, որ գնում է աշխատանքի ու, հենց որ գործերը կարգավորվեն, գալու է ու ինձ տանի։ Ես մայրիկիս այդքան էլ լավ չեմ հիշում։ Այն ժամանակ, երբ հայրիկս ինձ այստեղ բերեց, նա գնացել էր երկրից դուրս՝ աշխատելու։ Ես հիմա մենակ եմ, բայց քույր ու եղբայր էլ ունեմ։ Նրանք էլ պետք է գային այստեղ և բոլորով միասին տուն վերադառնայինք։ Ես հավատում եմ, որ․․․ ,- կոկորդում ծանրացած ինչ-որ բան թույլ չտվեց նրան ավարտել խոսքը։
Ամեն կերպ ջանում էի զսպել ինձ։ Զրույցի ողջ ընթացքում տղայի հայացքը ներքև էր։ Կարծես ասում էր բաներ, որոնց իրականությանը մոտ լինելուն ինքն էլ կամաց-կամաց դադարում էր հավատալ։
Երեխաները մանկատանը հայտնվում են տարբեր իրավիճակների արդյունքում, չնայած էականը ոչ այնքան իրավիճակն է, որքան արդյունքը։ Նրանք այսօր ապրում են լիարժեք ընտանիք ունենալու կարոտով։
Երբ ուզում էի արդեն դուրս գալ մանկատնից, իմացա որ 5-ամյա Վիկտորիայի՝ Վիկա-Վիկուլի ծննդյան տարեդարձն է։ Քանի որ ավարտվել էին պարի պարապմունքները և հանգստյան ժամ էր, աշխատողները պատրաստվում էին շնորհավորել փոքրիկին։ Դե պարզ էր, որ փոքրիկին շնորհավորելու պահը չէի կարող բաց թողնել․ միացա նրանց։ Զարդարեցինք սենյակը փուչիկներով, բերեցին տորթը, 5 նիշը և մոմերը։
Ուռա՜․․․․․․․Բացվում է դուռը և ․․․ Հրաշքն ու անակնկալը ստացված է։
Բոլորը հավաքվել էին Վիկտորիայի շուրջը, ծննդյան տորթի մոմերը վառել ու երգում էին ՝ ծնունդդ շնորհավոր։
Ուրախ էին բոլորը, ժպտում էր մեզ Վիկան, ժպտում էր, պարում ու ծիծաղում․․․
Բայց․․․ կանգ առ ակնթարթ․․․ Արդյոք դա մանկան այն ծիծաղն ու ուրախությունն է, որ պետք է այդ օրը այդտեղ լիներ։ Փոքրիկը երջանիկ էր, բայց ինչու՞ նա պետք է ինձ և մյուսների հետ նշեր իր օրը, ու՞ր էին այդ տոնի իրական ստեղծողները․․․
Աղջնակը թռվռում էր թիթեռի պես, ցույց տալիս իր ստացած նվերները, քաղցրավենիք բաժանում խմբի երեխաներին, որից ինձ էլ բաժին հասավ, բայց․․․ չկարողացա ուտել։ Այդ պահին քաղցրավենիքն այնքան դառն էր ինձ համար, ինչպես այս փոքրիկների անցկացրած անուրախ մանկությունը։
Էլ երկար չէի կարող մնալ։ Ներսից ինչ-որ մի ուժ ինձ դուրս հանես շենքից։ Աչքերս պինդ փակել էի և չէի ուզում ետ շրջվել, չէի ուզում շրջվել ու հիշել, թե ինչպիսի խեղված ճակատագրեր են գրված այդ կառույցի ներսում ապրող երեխամերի կյանքի պատմության էջերում, որոնք հնարավոր է՝ սևագրից այդպես էլ չմաքրագրվեն։ Դուրս վազեցի և միայն դարպասների հարվածի ձայնը ստիպեց փոքր-ինչ սթափվել։
Մանկատան ամեն մի երեխայի աչքերում քարանում է անտեսանելի այն արցունքը, որը միակ վկան է իրենց հույզերի, զգացմունքների և անզորության։ Նույնիսկ առավելագույն ջանքերի արդյունքում մանկատան մեծաքանակ աշխատակազմը անկարող է լրացնել այն երկու էակների դերը, որոնց ծնողներ են անվանում։ Մեզանից ամեն մեկը, ապահովված լինելով ընտանեկան բաղձալի ջերմությամբ, որքան էլ ջանա, ի վիճակի չէ հասկանալու ՝ ինչ է կատարվում այստեղ՝ մանկատան դռներից այն կողմ։
Արփինե Ավետիսյան
4-րդ կուրս