Ինչպես պատրաստել OP-ed-ներ. աշխատաժողով ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում

Ինչպես պատրաստել OP-ed-ներ. աշխատաժողով ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում

265

Նոյեմբերի 24-ին Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում անցկացվեց աշխատաժողով՝ OP-ed-ների (լրագրողի կարծիքը պարունակող նյութերի) պատրաստման տեխնիկայի, սյունակագրի աշխատանքի առանձնահատկությունների թեմայով։ Աշխատաժողովը կազմակերպվել էր N-ost կազմակերպության և Մեդիա նախաձեռնությոնների կենտրոնի կողմից իրականացվող «Մրցակից պատումներ» նախագիծի շրջանակում։

Ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը ողջունեց նման աշխատաժողովի կազմակերպումը և ուսանողներին մասնագիտական նոր հմտությունների փոխանցումը։ Նա նշեց, որ ֆակուլտետում կարևորվում է միջազգային լրատվամիջոցների հետ գործակցությունը և քաջալերվում, որպեսզի ուսանողները նյութեր պատրաստեն նաև միջազգային թեմաներով։ Նաև տեղեկացրեց, որ ուսումնառության ընթացքում ապագա լրագրողներին Պրակտիկում ծրագրի դասընթացի շրջանակում հնարավորություն է տրվում մասնագիտական հմտություններ ձեռք բերելու տարբեր ԶԼՄ-ներում: Աշխատաժողովին մասնակցում էին նաև ֆակուլտետի ամբիոնի վարիչներ և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ։

Այնուհետև ուսանողները հեռավար կերպով հանդիպում-քննարկում ունեցան Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում BBC-ի թղթակից Ռայհան Դիմիտրիի հետ։ Ռայհանը ներկայացրեց BBC-ում աշխատելու իր՝ 20 տարիների փորձը՝ ուսանողական տարիներից, մինչև տարածաշրջանային թղթակից դառնալը։ Նա նաև ուսանողներին որոշ մասնագիտական հմտություններ փոխանցեց OP-ed-ներ գրելու վերաբերյալ, պատասխանեց ուսանողների հարցերին։ Դրանք հիմնականում վերաբերում էին միջազգային լրատվամիջոցների հետ աշխատանքի առանձնահատկություններին։

Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս Տաթև Հարությունյանը ներկայացրեց՝ ինչպես գրել OP-ed-ներ, խոսեց այն մասին, թե լրագրողն ինչ փուլեր պետք է անցնի OP-ed պատրաստելու համար։

Op-ed-ները հարթակ են տրամադրում լրագրողներին, հաճախ փորձագետներին կամ մեկնաբաններին ներկայացնելու իրենց տեսակետները, պատկերացումները կամ վերլուծությունները տարբեր հարցերի շուրջ՝ առաջարկելով անձնական տեսակետ և խթանելով հանրային դիսկուրսը: Այս հոդվածները տարբերվում են ավանդական լրագրողական ժանրերով նյութերից, քանի որ թույլ են տալիս հեղինակներին փոխանցել իրենց անձնական կարծիքը, մեկնաբանությունները կամ փաստարկները՝ քաղաքականությունից և սոցիալական խնդիրներից մինչև մշակույթ և ընթացիկ իրադարձություններ:

Աշխատաժողովի եզրափակիչ հատվածում Eurasianet.org-ի հայաստանյան թղթակից,  Հայաստանի ամերկյան համալսարանի չորրորդ կուրսի ուսանող Լիլիթ Շահվերդյանը  ներկայացրեց իր՝ միջազգային լրատվամիջոցների հետ աշխատանքի փորձը։

Կիսվել