Ինչպես բոլոր հանդիպումները, Հայկ Նավասարդյանի հետ հանդիպումը ևս անցավ հյուրի անցած ուղու պատմությամբ։ Այն միշտ հետաքրքիր է ուսանողներին՝ հատկապես ժուռնալիստիկայի ֆակուլտետի առաջին կուրսի։ Բարևեց, տվեց իր առաջին հարցը․ «Էս բոլորդ ուզում եք մեկնաբան դառնա՞լ»։
Հնչեց «այո» պատասխանը ձայների մեծամասնությամբ։
«Պարզ է,- ասաց՝ հոնքերը մի քիչ վեր հանելով, և միանգամից անցավ իրեն ներկայացնելուն․ -Ես Հայկ Նավասարդյանն եմ։ Լրագրող, «Ժամը» լրատվականի մեկնաբան։ Նախքան լրագրությամբ զբաղվելը սովորել եմ պատմության ֆակուլտետում, այնուհետև նոր սովորել լրագրություն։ Շատ չեմ աշխատել իմ առաջին մասնագիտությամբ, որովհետև իմը չէր։ Թաքուն երազանք ունեի՝ անպայման դառնալ լրագրող։ Ամեն ինչ արեցի դրա համար և այսօր հասել եմ դրան»։
Պատմեց իր մասին և անցավ ուսանողների հետ ծանոթանալուն։ Կրկին անդրադարձավ իր հարցին և դեմքի բացասական արտահայտությամբ կարծես հասկացրեց, որ չարժե դառնալ հեռուստամեկնաբան, բայց պարզվեց՝ այլ բան է ասելու․ «Դուք պատրա՞ստ եք անցել այդ դժվարությունների և տանջանքների միջով։ Որովհետև ուղիղ եթերում ամեն ինչ կարող է լինել, իսկ մեկնաբանի աշխատանքը պահանջում է մեծ պատասխանատվություն։
Ես երկար տարիներ աշխատել եմ որպես լրագրող, ստացել բազմաթիվ առաջարկներ՝ որպես հեռուստամեկնաբան աշխատելու, բայց մտածել եմ, որ դեռ պատրաստ չեմ։ Մի օր նորից առաջարկ ստացա և էլի մտածում էի, որ դեռ պատրաստ չեմ։ Զանգեցի գործընկերներիցս մեկին՝ խորհուրդ հարցնելու, և նա ասաց. «Ծով մտնելիս պետք է որոշես՝ խեղդվես, թե լողաս-ապրես»։ Այս խոսքերը դարձնելով ինձ համար կարգախոս՝ ես ընդունեցի առաջարկը»։
Հնչեց Հայկի հաջորդ հարցը՝ ինչպես ունենալ լավ կարիերա։
Ուսանողները պատասխանեցին. «Ունենալ սեփական ձեռագիր, ստեղծել նորը, ինքնատիպը և լինել շատ խելացի»։
Հայկը հավելեց. «Պատկերացրեք՝ կառուցում եք մի քանի հարկանի շենք, ուզում եք, որ այն լինի շատ հարմարավետ, և դա մի օր քանդվում է, որովհետև առաջին հարկը նորմալ չէր կառուցված։ Սրանից հետևություն արեք, որ նախևառաջ կարևոր է հիմքը։ Սկսեք ձեր աշխատանքը ամենացածր վարկանիշ ունեցող լրատվամիջոցում, որովհետև խայտառակ լինելու հավանականությունն ավելի քիչ է։ Ես այդպես եմ արել։ Վստահ եմ, որ հիմա բոլորդ մտածում եք այսպես. «Չէ, ես միանգամից գնալու եմ «Հ1», «Շանթ» կամ «Արմենիա» և դառնամ հեռուստամեկնաբան։ Արդյունքում լինում է լճացում, և դուք չեք դառնում լավ մեկնաբան»։
Անուշ Գևորգյան
3-րդ կուրս