Տատիկս իմ կյանքի ամենաբացառիկ ու հոգատար անձնավորությունն է: Նա այն մարդն է, ում սիրալիրությունը և նվիրվածությունը դարձրել են մեր ընտանիքի անփոխարինելի հիմքը: Տատիկիս կերպարն արտացոլում է ջերմություն, քնքշություն և անսահման սեր, որը նա արտահայտում է ամեն մանրուքով, ամեն հայացքով և ամեն գործողությամբ։ Նրա ձայնը մեր տան խաղաղությունն է, երբ ամեն առավոտ գալիս է սենյակ, բացում դուռս, ու կանչում «Բալես, դու դասի չե՞ս, արթնացի՛ր, որ չուշանաս», և երբ բացում եմ աչքերս ու տեսնում իրեն, մտքումս ասում եմ «Տա՜տ, ի՜նչ լավ է, որ կաս», երբեմն էլ բարձրաձայն եմ ասում, որ վայելեմ իր ժպտուն աչքերի փայլը:
Տատիկս շատ համեղ է պատրաստում, բայց նա մեր տունը լցնում է ոչ միայն ուտեստների համեղ բույրով, այլ նաև սիրով և հոգատարությամբ։ Երբ նա ճաշ է պատրաստում, դա ոչ միայն խոհարարական գործընթաց է, այլ նաև մի գեղեցիկ ավանդույթ, որի մեջ խառնվում են անմիջականությունը, հմայքը և իր փոքր գաղտնիքը։ Տատս պատրաստելիս սիրում է հին հայկական մեղեդիներ երգել, ու կարծես այդպես իր համն ու հոտն է տալիս ուտեստին, դա նրա գաղտնի համեմունքն է, որ ուրիշ ոչ ոք չունի: Բայց տատիկիս հոգատարությունը միայն համեղ սնունդով չի սահմանափակվում: Նա միշտ անհանգստանում է մեզ համար, ամեն անգամ, երբ տանից դուրս եմ գալիս, կանչում է՝ «Աղջի՛կս, արի տեսնեմ՝ տաք ես հագնվա՞ծ, նոր դուրս արի տանից»: Նրա տագնապները և անհանգիստ բնավորությունը առավել քան բնութագրում են ծնողին հատուկ սերն ու ջերմությունը:
Ընտանիքի անդամների մասին հոգ տանելը տատիս միակ սիրելի զբաղմունքը չէ: Նրա համար հեռուստացույցը մի աշխարհ է, որտեղ ինքն ապրում է ֆիլմերի հերոսների հետ, իսկ երբ խոսքը գնում է հնդկական սերիալների մասին, նա պարզապես ընկղմվում է էկրանի մեջ։ Շուտ է հուզվում, հորինված պատմությունները ընկալում իրականին հավասար, սկսում երկխոսության մեջ մտնել էկրանից այն կողմ գտնվող կերպարների հետ, երբեմն նույնիսկ հանդիմանում նրանց. «Բայց դու ի՜նչ անուղեղ մարդ ես, դիմացինիդ չես գնահատում», կամ «Ա՛յ մարդ, ինչի՞դ էր էդ քեզ պետք, երբ դու ամեն ինչ ունես, կյանքի հաճույքներից էլ հետ չես մնում»:
Տատիկս շատ գրագետ է, եթե փորձեմ հիմա իր խոսքերից որևէ մեկում առօրյա խոսակցական բառ մտաբերել, երևի թե կդժվարանամ: Հակառակը՝ նա է հաճախ նկատում մեր օգտագործած սխալ բառերն ու նկատողություն անում:
Իրեն բնորոշ հատկանիշներից մեկն էլ այն է, որ շա՜տ ժամանակակից է, նրա հագուստները միշտ այնքան ոճային և ճաշակով են: Ամեն անգամ, երբ գնում է իրեն ինչ-որ բան գնելու, նախ ուսումնասիրում է, թե տվյալ հագուստը ինչքանով է մոդայիկ, նոր հետո նայում հարմարավետությանը:
Ինչ խոսք, միշտ տարբերվում է իմ տատիկը, նա իրեն երբեք մեծ չի համարում, նրա հոգին անսահման երիտասարդ է:
Տատիկս շատ զգայուն անձնավորություն է: Նրա աչքերը հաճախ արտահայտում են այն, ինչի մասին լռում է։ Երբեմն մեկ խոսքով կամ փոքր անուշադրությամբ նրան կարելի է խոցել: Շուտ է սրտնեղում, բայց դա բնորոշ է իր մեծ սրտին ու նրբանկատ հոգուն: Երբեմն նեղանում է, բայց նույնքան արագ կարող է մեղմանալ, եթե մի փոքր ջերմություն ու սեր ցույց տաս։ Հենց տեսնում է, որ իրեն լսում ես ու գնահատում, նրա աչքերը նորից փայլում են, իսկ ժպիտը՝ լույսի պես, բոլորիս տաքացնում։ Նա ոչ միայն մեր կյանքի անփոխարինելի մի մասն է, այլև ընտանիքի համախմբող ուժը՝ մի օջախ, որը բոլորիս միավորում է սիրո ու հարգանքի շուրջ։
Սոնա Ռուբենյան
2-րդ կուրս